Մինչդեռ օրենքը արգելում է մայրական կաթի ցանկացած փոխարինիչի գովազդը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) արգելում է մինչեւ 6 ամսական երեխաների համար նախատեսված սնունդը գովազդելն ու անվճար նվիրելը: Չնայած դրան, մեր երկրում անգամ նորածինների համար նախատեսված կաթնախառնուրդներն են տարբեր ճանապարհներով գովազդվում: Պատճառն այն է, որ մանկական կերերի բիզնեսը կենտրոնացած է մի քանի մեծահարուստների ձեռքին եւ Հայաստանում գործող առողջապահական կազմակերպություններին չի հաջողվում, ինչպես հարկն է, վերահսկել այդ շուկան: Վերահսկողությանն ու պատժամիջոցների կիրառմանը խանգարում է նաեւ այն, որ մեզ մոտ դեռեւս չկա այս ոլորտը կարգավորող համապատասխան օրենսդրություն: Իսկ մինչ այդ, բազմաթիվ ընկերություններ շարունակում են խախտել մինչեւ հիմա գործող «Գովազդի մասին» ու «Սննդամթերքի անվտանգության մասին» թերի օրենքները: Նկատենք, որ մանկական կերերի բիզնեսը խիստ եկամտաբեր է եւ այն գերշահույթներ է ապահովում թե՛ արտադրողների եւ թե՛ ներկրողների համար, թերեւս այդ է պատճառը, որ մայրական կաթի փոխարինիչների վաճառքը ամեն գնով խթանվում է: Տարիներ շարունակ այդ բիզնեսի մեջ ներգրավված են նաեւ բժշկական հաստատություններն ու ամբուլատորիաները: Օրինակ՝ մոտ 1 ամիս առաջ թիվ 8 պոլիկլինիկայի բժիշկներն իրենց տեղամասում գրանցված եւ պարբերաբար իրենց հսկողության տակ գտնվող երեխաներին, իբրեւ Նոր տարվա նվեր, առաջարկում էին «Hipp»-ի պյուրեներ: Այս պյուրեների պիտանելիության ժամկետն էլ մոտ է եղել ավարտին՝ երեխաները դրանք պետք է մի 2 օրում հասցնեին ուտել, թե չէ արդեն դեն գցելու բան կդառնար:
Նշենք, որ, ըստ մասնագետների, պիտանելիության ժամկետի ավարտին կաթնային հիմք ունեցող կերերն արդեն վտանգավոր են դառնում, իսկ գրեթե բոլոր կերերի հիմքը հենց կաթն է: Նման ակցիաներ են իրականացնում նաեւ մի շարք ծննդատներում: «Մալաթիա» բժշկական կենտրոնում ծննդաբերած ծնողները վստահեցնում են, որ այստեղ երեխային առաջին օրվանից էլ կերակրում են կերերով, ու ծնողներին հայտնում, որ երեխային դրանք դուր են եկել, եւ ծնողներն արդեն կարող են դրանով կերակրել իրենց նորածին երեխային: Նկատենք, սակայն, որ առողջապահության ոլորտի պատասխանատուների հավաստիացմամբ, արհեստական կաթնախառնուրդները միայն մերձեցված են մայրական կաթին, այն էլ՝ ոչ լիարժեք: Բացի այդ, դրանց բաղադրությունն էլ հաճախ կասկածելի է լինում: Այս մասին նրանք խոսեցին նաեւ օրերս Ծաղկաձորում կայացած՝ Երեխաների առողջության պահպանման հարցերին նվիրված դասընթացի ժամանակ: Իսկ «Վստահություն» հ/կ-ի ներկայացուցիչ Սուսաննա Հարությունյանը ներկայացրեց, որ խախտումները չեն դադարում, չնայած գործող օրենքներին. «Երեւանի Ազատություն պողոտայի վրա դեռ մի քանի ամիս առաջ տեղադրված էր «Hipp»-ի գովազդը: Հաշվի առնելով այն, որ այս ընկերությունը միայն մանկական սնունդ է արտադրում, սա էլ է համարվում խախտում: Գովազդվում են 4 ամսական երեխաների համար նախատեսված հյութեր: Վաճառքի կետերում ակցիաներ են հայտարարում՝ գնեք «Nestle»-ի 2 շիլա՝ 1-ը կստանաք անվճար: Անգամ տարբեր թեյեր են վաճառում 1 շաբաթականների համար: Մեր ընկերությունը, ՀՀ կառավարությունը՝ ի դեմս առողջապահության նախարարության, ինչպես նաեւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամն ու ԱՀԿ-ի ներկայացուցչությունը, նամակով դիմեցինք մանկական կեր արտադրող ընկերություններին եւ զգուշացրինք, որ նման կերպ չի կարելի վարվել: Մեր նամակին պատասխանեց «Nestle»-ն՝ ասելով, որ իրենք 6 ամսականից ցածր երեխաների համար նախատեսված շիլաներ չեն արտադրում, իսկ մյուսները ոչ մի պատասխան էլ չտվեցին: Ես կարծում եմ, որ առաջին հերթին մեր օրենքները լիարժեք չեն, չկան պատժամիջոցներ, պարբերաբար անցկացվող մոնիտորինգներ»:
Այս ոլորտի օրենսդրական բարեփոխումների մասին խոսեց առողջապահության նախարարի իրավախորհրդատու Սուրեն Քրմոյանը: Ըստ նրա, շուտով կընդունվի եւ ուժի մեջ կմտնի օրենք, որում անպայման լինելու են պատասխանատվության ենթարկելու մասին հոդվածներ, որը տարածվելու է եւ ԶԼՄ-ների, եւ արտադրող ընկերությունների, եւ կրծքով չկերակրող մայրերի վրա: Մեր այն հարցին՝ չե՞ն լինելու բացառություններ հատկապես չկերակրող մայրերի մասով, նա պատասխանեց. «Լինելու են: Չէ՞ որ կան մի շարք պատճառներ, ըստ որոնց մայրերը չեն կարող կրծքով կերակրել իրենց երեխային՝ ՄԻԱՎ-ը, կրծքի քաղցկեղը եւ այլն»: