Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչարարությունը կթեթեվացնեն

Հունվար 28,2011 00:00

Գործարար միջավայրին օժանդակելու ցանկությամբ ՀՀ կառավարությունը որոշել է թեթեւացնել հարկային վարչարարությունը: Երեկ կառավարության նիստի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրեց «Գույքահարկի» եւ «Հողի հարկի» մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Նախարարի խոսքով, նախատեսվում է երկու հարկատեսակի համար էլ հաշվետվությունները դարձնել տարեկան մեկ անգամ, իսկ վճարումները՝ 4 անգամի փոխարեն 2 անգամ. «Հետագայում էլ նախատեսվում է, որ գործարարները մեկ միասնական տեղեկանքով կներկայացնեն շինհաշվետվությունը: Ընդ որում, գործող հարկային օրենսդրության սահմաններում դա կարող են անել էլեկտրոնային եւ փոստային եղանակով»: Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ հիշեցրեց, որ նախագծերը պետք է ունենան ազդեցության գնահատականներ. «Մենք արդեն այս առումով ունենք պայմանավորվածություններ: Եթե այս օրենքը չունի ազդեցություն, ինչո՞ւ ենք ընդունում: Մենք մի իրավիճակից անցնում ենք մեկ այլ իրավիճակի, եւ ազդեցության գնահատականը պետք է ցույց տա՝ ինչպիսի՞ն է լինելու այդ նոր իրավիճակը: Առաջիկայում այն նախագծերը, որոնք չունեն ազդեցության գնահատական, օրակարգ չենք մտցնելու»:

Կառավարության որոշմամբ, 8 միլիոն դրամ կհատկացվի Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի երկրաբանական աշխատանքներն իրականացնելու համար: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի խոսքով, ճանապարհի մի հատված երկար ժամանակ է, ինչ գտնվում է սողանքային գոտում. «Փոքր վերանորոգման աշխատանքներն էլ անարդյունավետ են: Երկրաբանական աշխատանքներից հետո տեսնենք, թե ինչ միջոցառումներ են անհրաժեշտ»: Կառավարությունը նաեւ հավանություն տվեց Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգծի կառուցման ծրագրին: Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով. «Մեր քաղաքական դիրքորոշումն է՝ Վանաձոր-Ֆիոլետովո գծի աշխատանքները պետք է իրականացվեն առանց պետական երաշխիքի»: ՀՀ քաղաքաշինության նախարարության ներկայացրած նախագծով էլ առաջարկվում էր Գյումրու վարչական սահմանները բացառիկ գերակա շահ ճանաչել: Երկրաշարժի հետեւանքով անօթեւան ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագրին էլ անդրադառնալով՝ նախարարն առաջարկեց բնակիչներից մեկին փոխհատուցել 3 սենյականոց բնակարանով: Վարչապետն էլ ասաց. «Եթե քաղաքացին իր հողակտորը զիջում է մեզ, որ աղետի գոտում վերականգնողական-շինարարական աշխատանքները շարունակենք, մենք էլ նրան կփոխհատուցենք բնակարանով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել