Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐԵՎԷ ԼՈՒՅՍԻ ՇՈՂ ՉՏԵՍԱՆ

Հունվար 28,2011 00:00

Մամուլի մասին կոնֆերանսը, որը բազմաթիվ ցավոտ հարցեր բարձրացրեց՝  այդպես էլ չգտնելով դրանց պատասխանները, չէր հետաքրքրել բացարձակապես ոչ մի հեռուստաընկերության: «Կոնգրես» հյուրանոցի դահլիճում կոնֆերանսի ողջ ընթացքում երեւաց ընդամենը մի տեսախցիկ, այն էլ՝ «Ա1+»-ինն էր:

\"\"
Անդրեյ Ռիխտերը կարծում է, որ հայաստանյան հեռուստաեթերի վիճակը քաղաքական որոշման արդյունք է:

«Իմ պատկերացմամբ՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը խոսքի ազատության եւ լրատվամիջոցներին առնչվող տարբեր օրենքներից միակն է, որի շուրջ իշխանությունների հետ որեւէ երկխոսության հասնել չի լինում, որովհետեւ իշխանությունը վստահ է, որ լայն զանգվածներին ամենահասանելի լրատվամիջոցը՝ հեռուստատեսությունը, ընդամենը քարոզչամիջոց է, եւ պետք է իր ձեռքում կենտրոնացած լինի հենց այդ նպատակի՝ քարոզչության համար: 2010թ.-ին ընդունված օրենսդրական փոփոխությունները այդ բնագավառում որեւէ բարելավում չբերեցին»,- իր զեկույցում անդրադառնալով 2010թ. ընթացքում ԶԼՄ-ներին առնչվող օրենսդրական գործընթացներին եւ դրանց հետեւանքներին՝ հայտարարեց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» փորձագետ Մեսրոպ Հարությունյանը՝ Բաց հասարակության հիմնադրամի, Եվրոպայի խորհրդի եւ ԵԱՀԿ-ի ջանքերով Երեւանում կազմակերպված «ԶԼՄ-ները Հայաստանում. 2010թ.-ի անդրադարձները եւ 2011-ի միտումները» կոնֆերանսի ժամանակ:

Հետաքրքիր «զուգադիպությամբ» այս կոնֆերանսը չէր «հետաքրքրել» որեւէ հեռուստաընկերության (բացառությամբ «Ա1+»-ի, որի մասին կոնֆերանսի ընթացքում բազմիցս խոսեցին թե՛ տեղական եւ թե՛ դրսի փորձագետները): Այսքանից հետո անվերապահորեն չհավատալ զեկուցողներից շատերի արտահայտած այն մտքին, որ հայաստանյան բոլոր հեռուստաընկերությունները վերահսկվում են մի կենտրոնից՝ անհնար է: Սակայն չի բացառվում, որ ներկայումս հայաստանյան եթերում մնացած 18 հեռուստաընկերությունները վաղ թե ուշ բախվեն «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի մեջ առկա օրենսդրական խութերին, որոնց մասին խոսվում էր կոնֆերանսում:

Իր զեկույցում օրենքում տեղ գտած այդ անհստակություններին անդրադարձավ նաեւ Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի տեղեկատվական իրավունքի եւ քաղաքականության կենտրոնի տնօրեն, նույն համալսարանի տեղեկատվական իրավունքի ամբիոնի վարիչ Անդրեյ Ռիխտերը, որը ԵԱՀԿ փորձագիտական այն խմբի անդամ էր, որն ուսումնասիրել էր մեր չարաբաստիկ օրենքը՝ դրանում կատարվելիք փոփոխություններով, եւ համարել, որ այն չի համապատասխանում եվրոպական չափանիշներին: Սակայն, միեւնույն է, օրենքը 2010 հունիսի 17-ին ուժի մեջ մտավ: Պարոն Ռիխտերն իր զեկույցում նշեց, որ ՀՀ-ում գործող օրենքը, որը կարգավորում է հեռուստառադիոյի հեռարձակման բնագավառը՝ հարիր չէ ժողովրդավարական երկրին, չի համապատասխանում մարդու իրավունքների ընդունված չափանիշներին, չի ապահովում հստակություն եւ պարզություն, տարբեր մանեւրների եւ խուսանավումների տեղիք է տալիս եւ չի արտացոլում այն առաջարկները, որոնք ներկայացրել էր իրենց աշխատանքային խումբը: Պարոն Ռիխտերի կարծիքով՝ անհստակություն կա նաեւ հեռուստաընկերությունների լիցենզավորման գործընթացի մեջ, ինչը սողանցք է տալիս նաեւ հետագայում օն-լայն կամ բջջային հեռարձակումները վերահսկելու առումով: Այս կապակցությամբ իր մտահոգությունները կիսեց նաեւ մեկ այլ փորձագետ՝ «Առավոտ» օրաթերթի լրագրող Աննա Իսրայելյանը, որը ներկայացրեց ՀՌԱՀ-ի անցկացրած, այսպես ասած, «մրցույթի» իրական պատկերը, երբ ամեն ինչ որոշված էր նախապես՝ մրցույթից դեռ ամիսներ առաջ, եւ որեւէ մեկը կասկած չուներ այդ «մրցույթի» արդյունքների վերաբերյալ, եւ եզրահանգեց, որ «մրցույթը» մեր հայրենական ընտրությունների նման իմիտացիա է:

Ի դեպ, վերադառնալով պարոն Ռիխտերին՝ նշենք, որ նա իր խոսքում հատկապես շեշտեց այն անբացատրելի պահը, որ ի տարբերություն մյուս երկրների, որոնք անցնելով հեռուստատեսության թվայնացմանը, ոչ միայն չպակասեցրեցին հեռուստաալիքների քանակը, այլեւ որոշ դեպքերում ավելացրեցին, Հայաստանում նկատվեց ալիքների կրճատում: Այս կապակցությամբ էլ մեկ այլ բանախոս՝ իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը նկատեց, որ մեզ մոտ ոչ թե կապուղիների քանակից ելնելով էր մրցույթն անցկացվում, այլ հակառակ տրամաբանությամբ՝ համապատասխան վերահսկող կենտրոնում հաշվել էին, թե եղած ալիքներից քանիսը պետք է մնան, որոշել էին, որ 18-ը լիուլի բավական է, եւ այդ 18-ի համար էլ մրցույթ հայտարարեցին: Պարոն Զեյնալյանն անդրադարձավ հատկապես ՄԻԵԴ-ում «Ա1+»-ի շահած եւ ՀՀ-ում իր իրավական ձեւակերպումը չստացած դատավարությանը: Այս կապակցությամբ բանախոսները մի քանի անգամ նշեցին, որ Հայաստանը այն երկրների շարքում է, որոնք պարբերաբար չեն կատարում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները:

«Առավոտը» Անդրեյ Ռիխտերից հետաքրքրվեց, թե ինչ պատճառաբանությամբ չեն ընդունվել իրենց փորձագիտական խմբի առաջարկությունները ՀՀ օրենքում: Նա պատասխանեց. «Ես չէի ասի, որ մեր առաջարկները չեն ընդունվել, որովհետեւ ոչ ոք չասաց՝ մենք չենք ընդունում ձեր առաջարկները: Բոլորն ասացին՝ մենք դրանք անպայման կուսումնասիրենք, բայց արդեն գրեթե մեկ տարի է, որ ուսումնասիրում են, ինչն, իհարկե, անցել է բանական սպասումների բոլոր սահմանները: Ես չէի ցանկանա մեկնաբանել պատճառը, բայց իմ կարծիքով, այն բացառապես քաղաքական է, ոչ իրավական է, ոչ տեխնիկական եւ ոչ որեւէ այլ, միայն եւ միայն քաղաքական: Իսկ թե ի՞նչ պետք է անի հասարակությունը… Նախեւառաջ, հասարակությունը պետք է հասկանա, որ դա խնդիր է, եւ որ այդ խնդիրը ոչ տեխնիկական է, ոչ հաճախությունների կամ հաղորդակների խնդիրն է, ոչ սարքավորումների, դա բացառապես քաղաքական եւ նույնիսկ՝ իրավապաշտպանական խնդիր է: Դրա գիտակցումը կբերի նրան, որ հասարակությունը կհասկանա, որ իշխանությունը խորամանկում է եւ անկեղծ չէ ոչ միայն միջազգային կազմակերպությունների, այլեւ սեփական բնակչության հետ»: Քանի որ իր զեկույցում փորձագետը նշել էր, որ այդ ոլորտի շատ խնդիրների Հայաստանը առնչվում է, քանի որ չի դարձել Անդրսահմանային հեռուստատեսության մասին կոնվենցիայի անդամ, որին նույնիսկ Թուրքիան եւ Վրաստանն են արդեն տարիներ շարունակ անդամակցում, հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք դա նույնպես, ըստ նրա, քաղաքական որոշում է: Այս հարցին պարոն Ռիխտերը պատասխանեց. «Այստեղ երկու տարբերակ կարող է լինել՝ կամ դա գիտակցված որոշում է, հետեւաբար՝ քաղաքական, չմասնակցել այդ Կոնվենցիային (ինչպես, օրինակ, Ռուսաստանի դեպքում է, երբ ճիշտ չեն հասկանում Կոնվենցիայի իմաստը եւ գիտակցաբար չեն անդամակցում, կարծելով, որ դրանով երկրի անկախությունը նվազում է), կամ երկրի ԱԳՆ-ի վատ աշխատանքի արդյունք, քանի որ Կոնվենցիայի շրջանակներում մշակված եւ գործող չափորոշիչները օգնում են բազմակարծության եւ ժողովրդավարության զարգացմանը եւ ապահովում են հեռարձակման ազատությունն ու անվտանգությունը: Այնպես չէ, որ Կոնվենցիան լավ է ժողովրդի համար եւ վատ՝ իշխանությունների: Այն լավ է եւ ժողովրդի, եւ իշխանությունների համար: Ահա դա պետք է բացատրի ԱԳՆ-ն վերին իշխանություններին, որ հարեւանների հետ հարաբերությունների հարցում էլ է դա կարեւոր, որովհետեւ Կոնվենցիային չմիանալն է պատճառներից մեկը, թե որտեղից է գալիս հեռուստաեթերի սահմանափակ ազդանշանը, որը կարող է պետության անվտանգությանը սպառնալ: Կոնվենցիայի անդամ դառնալու դեպքում կան մեխանիզմներ՝ կանխարգելել որեւէ ծրագրեր, որոնք վտանգում են պետությանը: Ռուսաստանն էլ չի միացել այդ Կոնվենցիային, քանի որ մեր երկրի արտաքին գործերի նախարարությունն էլ չկարողացավ բացատրել, թե որն է այդ Կոնվենցիայի կարեւորությունը հե՛նց իշխանությունների համար: Մի անգամ քննարկումների ժամանակ, հիշում եմ, ՌԴ նախագահի ներկայացուցիչը ասաց՝ մենք չենք կարող համաձայնվել այդ Կոնվենցիային, որովհետեւ այն կբերի մեզ ցածրորակ ամերիկյան հաղորդումներ, ինչին ի պատասխան ես ասացի՝ դուք չե՛ք կարդացել Կոնվենցիան, հակառակ դեպքում կիմանայիք, որ ճիշտ հակառակը՝ Կոնվենցիան պայքարում է այդ ամենի դեմ, իսկ դուք գործում եք ՌԴ նախագահի եւ ՌԴ պետության դեմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել