Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐ ՉԵՆ

Հունվար 28,2011 00:00

\"\"Ասում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը

Հայաստանյան իրավապաշտպան եւ քաղաքական շրջանակները հատկապես զգայուն են միջազգային որեւէ՝ կլինի դա իրավապաշտպան Human Rights Watch-ը կամ Freedom House-ը, «Թրանսպարենսի ինտերնեյշնլը» կամ այլ կազմակերպության, նաեւ ԱՄՆ Պետդեպի ու ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողների կողմից հրապարակվող Հայաստանի վերաբերյալ զեկույցների նկատմամբ: Ոմանք այդ զեկույցներից ոգեւորվում են, ոմանք՝ վրդովվում: Ոգեւորվողները հիմնականում քաղաքացիական հասարակության, ընդդիմության եւ իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներն են, որովհետեւ հատկապես վերջին տարիներին այդ զեկույցները հիմնականում օբյեկտիվորեն են արտացոլում Հայաստանում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների անմխիթար վիճակը: Վրդովվում են նրանք, ովքեր կանգնած են իշխանության ղեկին, ովքեր այդ զեկույցների հեղինակների քննադատության հասցեատերն են: Ահավասիկ, միջազգային հեղինակավոր Human Rights Watch-ի հրապարակած զեկույցն էլ նույն արձագանքին արժանացավ: ՀՀԿ ներկայացուցիչները, ինչպես սովորաբար է լինում, զեկույցը գնահատեցին «ոչ այնքան օբյեկտիվ», «ճնշում Հայաստանի վրա», Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ, «քաղաքական ենթատեքստ ունեցող» եւ այլն:

«Խոսքի եւ ժողովրդավարության» կենտրոնի նախագահ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, սակայն, այդ գնահատականներին այսպես հակադարձեց. «Մարդու իրավունքների հարցը այն միակն է, որը չի կարող որեւէ երկրի ներքին գործ համարվել: Դա այն ոլորտն է, որին որեւէ երկրի պարագայում կարող են միջամտել այլ պետություններ, միջազգային կառույցներ: Մարդու իրավունքները պետք է պաշտպանված լինեն ամենուր՝ Երկիր մոլորակի ցանկացած կետում, եւ աշխարհի ցանկացած կետից իրավունք ունեն ցանկացած կետում գտնվող մարդու իրավունքների մասին խոսելու»: Ի տարբերություն իշխանության ներկայացուցիչների, Վ. Հարությունյանը օրերս «Առավոտի» հետ զրույցում արդարացված էր համարել նաեւ HRW-ի կողմից Հայաստանում ՄԻ ոլորտում առկա խնդիրների առնչությամբ միջազգային կառույցներին ուղղված քննադատությունը՝ համաձայնելով, որ մարդու իրավունքների պաշտպանության հարցում այդ կառույցները պարտավոր են հետեւողական լինել: Իրականությունը, սակայն, այն է, որ ամեն տարի հրապարակվում են իրավապաշտպան տարբեր կազմակերպությունների մի քանի զեկույցներ: Դրանք բոլորն էլ, առավելապես մարտյան դեպքերից հետո, շատ կոշտ քննադատություն են պարունակել ՀՀ իշխանությունների հասցեին: Բայց դրանք ավելի շատ հռետորական հարցադրումների են նման եւ մատնանշված ոլորտում գործնական բարեփոխումների, ըստ էության, չեն հանգեցնում:

Իրավապաշտպանը համաձայն չէ այս դիտարկմանը. «Անկասկած, դրանք ժամանակի ընթացքում հասնելու են իրենց նպատակին, բայց նախեւառաջ ՄԻ ոլորտում առկա խնդիրների մասին հարկ է բարձրաձայնել եւ դատապարտել, ինչպես դա անում են իրավապաշտպան կազմակերպություններն ու միջազգային կառույցները»:

Ակնկալվում է, որ ի տարբերություն HRW-ի զեկույցի, ԵԽ ՄԻ հարցերով հանձնակատար Թոմաս Համմարբերգի՝ Հայաստանի վերաբերյալ առաջիկայում հրապարակվելիք զեկույցը, որը Վ. Հարությունյանի համոզմամբ, եւս պետք է որ խիստ հարցադրումներ պարունակի, կարող է ավելի գործուն դեր ունենալ մեր երկրում ՄԻ ոլորտում իրական բարեփոխումներ իրականացնելու համատեքստում: Մեր հարցին, թե՝ իր կարծիքով, ԵԽԽՎ-ն Համմարբերգի զեկույցի հրապարակումից հետո հնարավո՞ր է, որ նոր ճնշումներ գործադրի Հայաստանի վրա՝ ՄԻ պաշտպանության հարցում գործնական քայլեր պարտադրելու համար, իրավապաշտպանը պատասխանեց. «Դժվարանում եմ ասել, թե ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ինչ կարող է լինել, եւ արդյոք ՀՀ-ի հարցը կքննարկվի՞ եւ ի՞նչ խստությամբ դա կդրվի, բայց վստահ կարող եմ ասել՝ այդ զեկույցները ընթացքում, ժամանակի մեջ իրենց դրական դերն անպայման կատարելու են: Դա կլինի գարնանը, թե ամռանը՝ չեմ կարող ասել»:

Ինչ վերաբերում է քաղբանտարկյալների ազատ արձակմանը, ապա Վ. Հարությունյանը վստահեցրեց, որ բոլոր քաղբանտարկյալներն ազատ են արձակվելու. «Նաեւ վստահ եմ, որ նրանց բոլորի դատապարտման համար ՀՀ այսօրվա իշխանությունները եւ ներողություն են խնդրելու, եւ փոխհատուցում ու նաեւ պատասխան են տալու: Ու դա բացարձակապես միայն բարի ցանկություն չէ»: Դա կլինի միջազգային կառույցների ճնշմա՞ն տակ, թե՞ ՀՀ իշխանությունը գիտակցաբար կանի դա: «Որքան հասկացա Երեւանում Համմարբերգի արտաբերած խոսքերից, ՀՀ իշխանությունները գտել են կամ փորձում են գտնել մի ճանապարհ, որը նրանց հնարավորություն է տալու քաղբանտարկյալներին իրավական ճանապարհով եւ օրենքով նախատեսված կարգով ազատ արձակել: Կարծում եմ՝ դա քաղբանտարկյալների մասով արդարացված չէ: Ըստ իս, միջազգային կառույցները եւ իրավապաշտպան կազմակերպությունները՝ Հայաստանում եւ Հայաստանից դուրս, պետք է պահանջեն դա անհապաղ անել, որովհետեւ քաղբանտարկյալը դատապարտվել է անօրինական, իսկ ապօրինաբար դատապարտված մարդը չպետք է սպասի իրեն օրինական ազատ արձակելուն: Ապօրինաբար դատապարտված մարդուն պետք է ազատ արձակել առանց իրավաբանական քաշքշուկների»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Վարդան Հարությունյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել