Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀԸ ԼՍԵՑ ՈՐԴԵԿՈՐՈՒՅՍ ՄԱՅՐԵՐԻՆ

Հունվար 28,2011 00:00

Հայոց բանակի ծննդյան 19-րդ տարեդարձի առիթով հանրապետության նախագահը երեկ նախագահական նստավայրում հայրենիքի պաշտպանության, արիության, ինչպես նաեւ բանակաշինության գործում ներդրած ավանդի համար պարգեւատրեց մի խումբ զինծառայողների: Պարգեւատրման արարողությունից հետո պարգեւատրվածները լուսանկարվեցին նախագահական նստավայրի բակում:

Սերժ Սարգսյանը նկատեց մի խումբ ցուցարարների, որոնք հավաքվել էին նախագահականի մոտ: Հանրապետության նախագահը մոտեցավ հավաքվածներին: Պարզվեց, որ հավաքվածները բանակում չպարզված հանգամանքներում մահացած երիտասարդների ծնողներն էին, որոնք հույս ունեին, որ նախագահը իրենց կլսի: «Panorama»-ի փոխանցմամբ, մարդիկ զրուցեցին երկրի նախագահի հետ: «Մեր երեխեքի պատժողներին ուզում ենք պատժեն… իմ երեխուն խեղդել, հետո սպանել են…»,- գոռում էր արցունքն աչքերին ու որդու լուսանկարը ձեռքում պահած մի կին: Ս. Սարգսյանը մոտեցավ եւ ասաց. «Նոր զինդատախազ է նշանակված, նա քիչ անց գալու է ինձ մոտ: Բոլորիդ կկանչի, մեկ առ մեկ կլսի ու նոր մոտեցում կցուցաբերի»:

Նաեւ հավաստիացրեց, որ ամենից շատ ինքն է շահագրգիռ, որպեսզի բոլոր հանգամանքները պարզվեն. «Ձեզ համար մեծ ցավ ու կորուստ է, ես շատ լավ դա հասկանում եմ… ես խոստանում եմ, որ նոր դատախազը ձեզ կլսի եւ ինձ կզեկուցի»,- ավելացրեց նախագահը: Որդեկորույս մայրերից մեկն էլ ասաց. «Ձեր ուղերձը լսելով՝ որդիս վերադարձավ հայրենիք… արդեն չորս տարի է՝ ես որդուս մահվան պատճառը չգիտեմ»:

«Նոր դատախազն էլ նոր մարդ է, նորովի կնայի»,- եւս մեկ անգամ հավաստիացրեց նախագահը կանանց, որոնք այլեւս չէին աղմկում, այլ պարզապես սպասում էին նախագահի նշած ժամին, որ զինդատախազը նրանց հերթով ընդունի: «Անհանգստություն պատճառող բոլոր գործերը, որոնցով դիմել են զոհվածների հարազատները, բարեկամները, փաստաբանների հետ հանդիպումներ են եղել, բոլոր ուղղություններով ակտիվ քննություններ են լինում: Կսկիծը, զավակ կորցնելն այնքան մեծ է, որ մեղադրել էմոցիաների, զգացմունքների ցուցադրության, անկայունության մեջ, մենք իրավունք չունենք»,- «Ա1+»-ին ասել է պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել