Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԼՈՒՏԱՆՔՆԵՐ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ՀԱՍՑԵԻՆ

Հունվար 28,2011 00:00

Հունվարի 26-ին ԵԽԽՎ-ն քննարկում էր մի զեկույց, որը վերաբերում է ՄԻԵԴ կանոնակարգի 39 հոդվածին, ըստ որի՝ թույլատրվում է ժամանակավոր միջոցներով պաշտպանել փախստականներին, միգրանտներին եւ ապաստան հայցողներին, եթե նրանց կարող է վտանգ սպառնալ տվյալ երկրում: Հայաստանի պատվիրակ Նաիրա Զոհրաբյանը ելույթում հիշեցրեց, որ 21 տարի առաջ հենց հունվարին Բաքվում 7 օր շարունակ իրականացվեց հայերի ջարդ. «Հատուկ կազմավորված բանդաները մտնում էին հայաբնակ թաղամասեր, մարդկանց ցած էին նետում իրենց տների պատշգամբներից, կատաղած ամբոխը հարձակվում էր մարդկանց վրա եւ դաժանաբար սպանում միայն այն բանի համար, որ նրանք հայ են։ Յուրաքանչյուր տարի այս օրերին Բաքվից փախած մեր հայրենակիցները կրկին ու կրկին վերհիշում են այդ դժոխքը, որի միջով ստիպված էին անցնել»: Նաեւ հավելեց. «Ադրբեջանից փախած մոտ կես միլիոն հայ փախստականներից ոմանք գուցեեւ երբեւէ կցանկանային վերադառնալ Ադրբեջան, որտեղ ապրել են երկար տարիներ։ Սակայն նրանք հրաշալի հասկանում են, որ մի երկրում, որտեղ հայ լինելու համար մարդուն սպանելը պետական քաղաքականություն է՝ իրենք չեն կարող անվտանգ լինել»:

Քիչ անց ելույթ ունեցավ Ադրբեջանի պատվիրակ Ռաֆայել Հուսեյնովը, որը ընթերցեց նախապես պատրաստած տեքստը, թե «Հայաստանի բնակչության թվաքանակը գրեթե հավասար է Ադրբեջանցի փախստականներին եւ տեղահանվածներին», թե ՀՀ-ն պետական ահաբեկչություն է իրականացնում եւ այլն: Հայ պատվիրակին ԵԽԽՎ-ում նա չհակադարձեց, բայց դա արել է նույն օրը 1news.az-ին տված հարցազրույցում, որտեղ Նաիրա Զոհրաբյանին անվանել է հայ հայտնի ազգայնական. «Այդ մարդկանց սրտերը լեցուն են ատելությամբ եւ ամեն անգամ՝ ինչպես օձերն են ժայթքում իրենց թույնը, նրանք ժայթքում են իրենց ատելությունը: Նրա վերջին վիրավորանքները մեր շահիդների լուսավոր հիշատակի հասցեին վկայում են, որ այդ մարդը հիվանդ է, ինչպես շատերը՝ այդ երկրի ղեկավարության մեջ: Նրանք շտապ բուժօգնության կարիք ունեն: Նրանց գիտակցությունը կլանել է մեծ Հայաստանի վիրուսը, ուստի, քանի դեռ շուտ է՝ թող դիմեն բժշկի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել