Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՆՁՅՈՒՆ ՀԱՄԱՏԱՐԱԾԸ

Հունվար 28,2011 00:00

\"\"Անցած գիշեր՝ չնայած պատուհանից դուրս չէի նայում, բայց ինձ թվում էր, թե ձյուն է գալիս: Գրում էի խոսքս ու պատկերացնում, թե ինչպես է իջնում այս տարվա առաջին ձյունը՝ մեր հին, բայց անհուսահատ երկրի վրա: Ներհուն, ներանձնացած վիճակ էր, եւ կարծես թե ինչը արդեն եղել էր մեր կյանքում, անցել էր այլեւս անվերադարձ: Եվ վաղը կփակվեն բոլոր ճանապարհները, եւ մենք՝ դիմություն, թե ընդդիմություն, հարուստ, թե աղքատ կմնանք մեզ բաժին հասած ձյան հետ մենակ: Եվ մեզ կմոռանան ու էլ չեն հիշի մեզ…

Ձյուն է գալիս: Եվ այս համատարած լռության մեջ մտածում եմ, թե ինչ անխորտակ հավատ է պետք մեզ, որ գոնե մի օր ձյան հետ դեմ առ դեմ մոռանանք. ես, ես, ես, իմը, իմը, իմը: Եվ ճերմակ համատարածի առջեւ՝ մոռանալով քեն ու վրեժ, մտածենք՝ հանուն, հանուն, հանուն եւ ոչ թե՝ ընդդեմ, ընդդեմ, ընդդեմ…

Այդ ե՞րբ էր, որ Հայոց Եկեղեցու ժամանակի ղեկավարները Մեծն Վարդան զորավարին կռվի հանեցին արդեն թագավոր օծված Վասակ Սյունիի դեմ: Եվ հետեւանքը եղավ այն, ինչ գիտենք այսօր: Ո՛չ Վարդանը դարձավ թագավոր, ո՛չ էլ Վասակը: Եվ Նոյ տեսած մեր երկիրը մնաց անպաշտպան Բյուզանդիայի, պարսիկների եւ արաբների դեմ մեն-մենակ՝ որբ ու անթագավոր:

Այնինչ՝ ձյունը շարունակում է իջնել: Ձյունն իջնում, նստում է Տերյանի գերեզմանին՝ արթնացնելով նրա հավերժական թախիծը, իր իսկ ճանաչած երկիր Նաիրիի հանդեպ: Իջնում է Չարենցի թափառող հոգու վրա, որ նույնպես մնաց երկիր Նաիրիի տիեզերական ուխտավորը: Ձյունն իջնում, նստում է նաեւ Հրանտ Մաթեւոսյանի վրա՝ չկարողանալով ծածկել նրա անհանգստությունը մեր եւ մեր ճակատագրի հանդեպ: Նա, որ սուզվեց մեր էության խորքը եւ վախեցավ իր իսկ հայտնագործությունից եւ տողերի արանքում շշնջաց.- Այ տա, վայ թե էս մեր հայ ազգը մի մեծ սուտ է… Ձյունը իջնում եւ նստում է նաեւ Սարոյանի ձեռքից անվերջ ընկնող, բայց այդպես էլ հողին չհասնող նռան վրա՝ Կոմիտասին թողնելով բոլորի հետ միայնակ՝ առանց երգչախմբի:

Ավարտում եմ խոսքս ու համառորեն դուրս չեմ նայում պատուհանից: Ու չգիտեմ՝ ձյունը իմ ներսո՞ւմ է գալիս, թե՞ դրսում, բայց մի բան գիտեմ հաստատ, որ կա հայրենիք երկիրը մեր, որ եղել է մեզանից առաջ եւ լինելու է մեզանից հետո: Միայն թե եկող ձյան մասին մտածելով՝ կարողանանք հաղթահարել մեր այսօրվա անձյուն համատարածը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել