Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Զգուշացնում ենք՝ կբոյկոտենք

Հունվար 28,2011 00:00

Հայաստանի պատվիրակությունը ԵԽԽՎ բյուրոյին նախազգուշացրել է, որ չեն մասնակցելու Լեռնային Ղարաբաղի հարցով ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքին՝ ներկա պայմաններում դրա վերստեղծման դեպքում:

ԵԽԽՎ բյուրոն այսօր քննարկելու է 2005 թվականին ընդունված 1416 բանաձեւով նախատեսված Լեռնային Ղարաբաղի հարցով ժամանակավոր հանձնաժողովի վերստեղծման հարցը: Սակայն ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անխտիր բոլոր՝ ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմության ներկայացուցիչները դեռ հունվարի 25-ին ԵԽԽՎ բյուրոյին են հղել մի նամակ, որում անդրադարձել են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում Եվրոպայի խորհրդի դերի մասին ընթացիկ քննարկումներին:

Այստեղ մասնավորապես նշված է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների միջեւ լարված հարաբերությունների մեղմացումը նվազագույն քայլն է իրենց հասարակությունների միջեւ հաշտեցման հասնելու գործընթացում ներդրում ունենալու համար: Լարվածությունը թուլացնելու ուղի են ընդունվում երրորդ կողմի միջնորդությամբ՝ երկու երկրների պատվիրակությունների միջեւ խորհրդատվությունները, եւ այսպես է մեկնաբանվում, թե ինչու դեմ լինելով 1416 բանաձեւի որոշ ձեւակերպումներին եւ ընդհանուր ոգուն՝ Հայաստանի պատվիրակները մասնակցեցին ԵԽԽՎ նախագահի նախաձեռնած խորհրդակցություններին: Նշված է նաեւ, որ իրենց կողմից առաջարկվել են լարվածությունը թուլացնելու որոշ միջոցներ, «որոնք մնում են ուժի մեջ: Ցավոք, դրանցից ոչ մեկը չի քննարկվել»:

Հիշատակվում է, որ 2010-ի հոկտեմբերին պայմանավորվածություն էր ձեռք բերվել ԵԽԽՎ քարտուղարությանը առաջարկներ ներկայացնել առաջընթացի հնարավոր սցենարների վերաբերյալ: Սակայն այն, որ ստացված մի առաջարկ արդեն իսկ փոխանցվել է ԵԽԽՎ բյուրո, ըստ մեր երկրի պատվիրակների, այդ համաձայնության խախտում է եւ «կատարված փաստի» առջեւ կանգնեցնելու փորձ. «Այս իրավիճակը հիմքեր է տալիս ՀՀ պատվիրակությանը հարցական դիտել Բյուրոյի անկեղծ, անկողմնակալ եւ արդարացի մտադրությունը՝ հասնելու հաշտեցման եւ պատասխանատվություն կրել այս շատ զգայուն խնդրում»: Կարեւորված է, որ ԵԽԽՎ-ն պետք է նման հարցերում առաջնորդվի բոլոր կողմերի համաձայնությամբ:

Նամակում ասված է, թե նման ձեւաչափով քննարկումները՝ «կանվանվի դա ժամանակավոր հանձնաժողով կամ մեկ այլ մարմին», հավասարազոր են ընդամենը ստեղծելուն «եւս մեկ հարթակ թունոտ հռետորության եւ փոխադարձ մեղադրանքների համար: Մենք չենք ցանկանում մասնակցել նման վարժանքների, քանի որ կարծում ենք՝ դրանք անարդյունավետ են: ԵԽԽՎ գործողությունները պետք է ամեն գնով հիասթափեցնեն շահագրգիռ կողմերից ցանկացածին՝ օգտագործել Վեհաժողովի հարթակը քարոզչության եւ փոխադարձ մեղադրանքների համար»:

Հիշեցված է ԵԽ բոլոր մարմինների դիրքորոշումը՝ զերծ մնալ միջամտությունից ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, որն ընթանում է ԵԱՀԿ համանախագահողների ձեւաչափով: Ու թեեւ ԵԽԽՎ բյուրոյին ներկայացված առաջարկում նախատեսվում է «կենտրոնանալ հարցերի վրա, որոնք կարող են քննարկվել առանց միջամտելու բանակցային գործընթացին»՝ բաց մանդատը, որով նախատեսվում է վերստեղծել ԼՂ հանձնաժողովը, ըստ Հայաստանի պատվիրակության՝ «ուղղակիորեն վերաբերում է այնպիսի խնդիրների, որոնցով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը բանակցային գործընթացում»:

Կցված են 2010 թվականի դեկտեմբերի 1-ին Աստանայում եւ 2010-ի հուլիսի 17-ին Ալմաթիում արված համատեղ հայտարարությունները, մեկնաբանելով, որ դրանք «բավարար են՝ եզրակացնելու, թե բանակցությունների համապարփակ փաթեթում տեղ չկա մեկ այլ մարմնի միջամտության» կամ նույնիսկ մարդասիրական բնույթի պահանջների համար, որոնք չեն կարող կատարվել մյուս հարցերից առանձին:

«Առկա առաջարկը պետք է դիտարկվի ներկա ժամանակի համատեքստում եւ ոչ թե այն որոշումների, որոնք ընդունվել են 2005-2006-ին,- գրել են ՀՀ պատվիրակները:- Այս առաջարկը որեւէ արժեք չի ավելացնում բանակցային գործընթացին, որն ընթանում է ԵԱՀԿ ձեւաչափով: Նման քայլն անպատասխանատու է եւ խարխլում է ԵԽԽՎ հեղինակությունը: Հայաստանի պատվիրակությունը խորապես ափսոսում է, որ Բյուրոյի հնարավոր քայլը կարող է վնասել ընթացող բանակցային հիմնական գործընթացին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել