Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՈՐՏԵ՞Ղ Է ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍԱՀՄԱՆԸ

Հունվար 28,2011 00:00

\"\"Հայաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու իր առաջարկի կապակցությամբ պարզաբանում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

– ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ հունվարի 18-ի հանդիպման ժամանակ Դուք առաջարկել էիք արգելել իշխանության մի քանի ներկայացուցիչների մուտքը եվրոպական երկրներ: Իսկ Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի ղեկավարն առաջարկել էր Հայաստանի նկատմամբ էլ, ինչպես Բելառուսի դեպքում է, կիրառել տարբեր պատժամիջոցներ՝ նաեւ տնտեսական: Ինչպե՞ս եք վերաբերվում այն գնահատականներին, թե սրանք ոչ թե իշխանության, այլ հենց Հայաստանի դեմ արված առաջարկներ էին:

– Թոմաս Համմարբերգի հետ հանդիպման ժամանակ իմ արած առաջարկը շատ հստակ է եղել՝ պետք է կիրառել պատժամիջոցներ Հայաստանի նկատմամբ, բայց առաջարկվել է կոնկրետ ձեւ՝ մուտքի իրավունք չտալ ՀՀ այն պաշտոնատար անձանց, որոնք, մեր կարծիքով, անմիջական պատասխանատվություն ունեն ոչ միայն 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների, այլ նաեւ 10 զոհերի սպանությունների չբացահայտման, քաղբանտարկյալների առկայության, ոստիկանության կողմից ոչ համաչափ ուժի կիրառման եւ այլ հանցագործությունների համար: Ես այդ պահին տվել եմ կոնկրետ Սերժ Սարգսյանի եւ Աղվան Հովսեփյանի անունները: Պետք է տայի նաեւ Հատուկ քննչական ծառայության այն քննիչների եւ դատավորների անունները, որոնք քննել են այդ գործերը: Պետք է միանշանա՛կ տրվեին պաշտպանության այդ շրջանի նախարար Միքայել Հարությունյանի եւ նույն շրջանում ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանի անունները: Այսինքն՝ առաջարկի իմաստն այս է, որ մարդու իրավունքների խախտումների համար պատասխանատուների՝ գործադիր իշխանության եւ իրավապահ մարմինների ղեկավարների նկատմամբ պետք է կիրառել որոշակի նպատակային պատժամիջոցներ, որոնք ցույց կտան, թե միջազգային հանրության կամ այն կառույցների կողմից, որոնց Հայաստանն անդամակցում է՝ չեն հանդուրժվում այդ խախտումները:

Հիմա մեր առաջարկին հետեւած մեկնաբանություններում նույնականացրել են պաշտոնատար անձանց ու պետությանը: Սա մի հայեցակարգ է, որին ես համաձայն չեմ: Այսինքն՝ եթե պետության ղեկավարը կատարել է հանցագործություն, նշանակում է հենց պետությո՞ւնն է դա արել: Ո՛չ:

– Սակայն Հայաստանին տրվող ֆինանսական օգնությունը կրճատելու վերաբերյալ առաջարկը չի կարող վերաբերվել միայն իշխանավորներին:

– Մեր փորձը ցույց է տալիս (եւ դրան անդրադարձել ենք հանդիպման ընթացքում), որ երբ «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամը կրճատեց ճանապարհաշինության ծրագրով Հայաստանին հատկացված միջոցները՝ իշխանությունը բացարձակապես չարեց որեւէ եզրահանգում: Այսինքն՝ մեր այն բոլոր ահազանգերից հետո էլ, թե չենք համապատասխանում հիմնադրամի սահմանած չափորոշիչներին եւ հնարավոր է՝ մեծ ռիսկ կա, որ կկրճատեն ֆինանսները, ուստի պետք է քայլեր կատարել այդ չափանիշների ապահովման առումով՝ ո՛չ այդ ժամանակ եզրահանգումներ արեցին, ո՛չ էլ, երբ իրոք կրճատեցին ֆինանսավորումը: Ռոբերտ Քոչարյանի արձագանքն ուղղակի սա էր, թե ուրիշ տեղից փող կճարենք; Այսինքն՝ սրանց վրա որեւէ բան չի ազդում. նման կերպ մտածող իշխանությունների համար ֆինանսական այս կրճատումները որեւէ էական ազդեցություն չունեն: Այսպես թե այնպես՝ համակարգն այնքան կոռումպացված է, որ եկած ֆինանսական օգնությունները չեն ծառայում նպատակին կամ օգտագործվում են շատ քիչ արդյունավետությամբ: Այս առումով արդարացված է նաեւ ֆինանսական օգնության կրճատումը:

Հիմա կա մեկ այլ տեսակետ՝ որտե՞ղ է սահմանը: Եթե ունես ավտորիտար կամ բռնակալական վարչակարգ, որն իր քաղաքացիների նկատմամբ ոտնձգություն է կատարում՝ թույլատրելի է նրանց նկատմամբ նույնիսկ ուժային միջոցներ կիրառելը: Իհարկե՝ այդ իշխանությունների կամ անձանց նկատմամբ պետք է փորձել նաեւ կիրառել իրավական լծակներ՝ այդ թվում, քրեական գործեր հարուցել, ենթարկել դատական պատասխանատվության՝ ինչպես Անգլիայի դատարանը գործ հարուցեց Պինոչետի նկատմամբ:

– Փորձեմ «որտե՞ղ է սահմանը» հարցի պատասխանը ստանալ մեկ այլ օրինակով: Մեր ունեցած տեղեկություններով՝ Համմարբերգի հետ մեկ այլ հանդիպման ժամանակ, որի ընթացքում պիտի խոսվեր բանակում կատարվող հանցագործությունների մասին՝ իրավապաշտպաններից մեկը միակ խնդիրը, որ մատնանշել է, այն է, թե Հայաստանի քաղաքացիները ծառայում են Լեռնային Ղարաբաղում: Սա է՞լ չեք համարում պետությանը վերաբերող հարց:

– Ես էլ եմ ներկա եղել այդ հանդիպմանը: Խնդիրը հետեւյալն է՝ Հայաստանի քաղաքացիների ծառայությունը ՀՀ սահմաններից դուրս կարող է կատարվել միայն ԱԺ որոշման հիման վրա, ինչպես, ասենք, խաղաղասիրական առաքելությունը Կոսովոյում, Աֆղանստանում կամ Իրաքում: Այստեղ ես առավել դիտարկում եմ օրինականության խնդիր՝ ԱԺ-ն անպայման պետք է ընդունի որոշում, որ ՀՀ զորքերը պետք է օգտագործվեն Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը պաշտպանելու համար: Կարծում եմ, որ դա միջազգային իրավունքի տեսակետից լիովին արդարացված կլինի: Սակայն այժմ զինված ուժերում ծառայող ՀՀ քաղաքացու նկատմամբ քրգործ է հարուցվում, ինչպես, ասենք, Մատաղիսի գործի դեպքում էր, ՀՀ դատարանը որոշում է կալանք կիրառել, բայց այն կիրառվում է ՀՀ սահմանից դուրս՝ Շուշիի բերդում: Ես այդ ՔԿՀ կարո՞ղ եմ այցելել որպես դիտորդ: Այստեղ կա չկարգավորված իրավական խնդիրների մի ամբողջ շարք, որը մեծացնում է մարդու իրավունքների խախտման ռիսկը:

– Եվ այնուամենայնիվ՝ ինչպե՞ս եք վերաբերվում ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի գնահատականին, թե «սրանք ակնհայտ գործողություններ են՝ ուղղված մեր ժողովրդի եւ պետության շահերին: Երկար տարիներ որոշ գրանտակերների կողմից ձեւավորված 5-րդ շարասյան գործողություններ են պետության դեմ»: Նաեւ, որ այդ առաջարկներն «իրենք ներկայացրել են իրենց վճարողին, որովհետեւ իրենք իրականացնում են վճարովի ծառայություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության»:

– Նման մեղադրանքներ հնչում են պարբերաբար, երբ մեր հայտարարություններով կամ գործողություններով բացահայտում ենք իշխանությունների խոցելի տեղերը, հիվանդությունները: Բայց սրանք ոչ թե իշխանության, այլ մեր պետության խոցելի կողմերն են: Եվ մենք չունենք բուժելու այլ տարբերակ, քան այս ամենը հրապարակայնացնելն է:

Նման գնահատականներին սովոր ենք՝ երբ գաղափարին չես կարողանում որեւէ բան հակադրել՝ սկսում ես հարվածել գաղափար կրողին. սա տրիվիալ, շատ պրիմիտիվ մեթոդ է, որ միջնադարից սկսած՝ միշտ ուղեկցել է մարդկությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել