Լրահոս
Օրվա լրահոսը

«Կիլիկիան» խորտակվեց

Հունվար 27,2011 00:00

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությանը, այնուամենայնիվ, ութ թիմ կմասնակցի, այլ ոչ թե ինը: Օրերս հայտնի դարձավ, որ «Կիլիկիա» ակումբը պաշտոնապես դիմել է ՀՖՖ՝ տեղյակ պահելով լուծարվելու մասին: Այդ գրությունը դեռ ՀՖՖ նախագահի կողմից մակագրված չէ, քանի որ նա Հայաստանում չէ, սակայն ակնհայտ է, որ տվյալ պարագայում Ռուբեն Հայրապետյանի ստորագրությունը կամ դրա բացակայությունն այլեւս որեւէ կերպ չի փոխի ակումբի գոյության-չգոյության հարցը: Մանավանդ որ, ըստ տեղեկությունների, թիմի մարզչական շտաբն ու ֆուտբոլիստները դեռ հունվարի 25-ից դադարել են մարզումային գործընթացը:
«Կիլիկիայից» պաշտոնական պարզաբանումներ երեկ ամբողջ օրվա ընթացքում այդպես էլ չստացանք. ակումբի պատասխանատուները չէին պատասխանում հեռախոսազանգերին:
Զարմանալի է, սակայն, որ ակումբի ղեկավարությունը նման արմատական որոշման է հանգել հիմա: Ըստ մեր տեղեկությունների, ընդամենը մի քանի օր առաջ՝ հունվարի 22-ին, թիմը ստուգողական հանդիպում է անցկացրել «Միկա 2»-ի հետ: Բացի այդ, մի շարք ֆուտբոլիստներ էին միացել թիմին, ինչն այնքան էլ հատուկ չէ լուծարման եզրին հայտնված թիմին: Թեեւ հանուն արդարության պիտի նշենք, որ «Կիլիկիայի» լուծարման մասին խոսակցություններն անսպասելի ու ամպրոպային չէին: Վերջին տարիներին ակումբը ֆինանսական դժվարություններ ուներ, լիարժեք նախապատրաստական փուլ չէր անցկացնում, իսկ արտասահմանյան ուսումնամարզական հավաքների մասին խոսք լինել անգամ չէր կարող: Թիմի համալրումն էլ կատարվում էր միայն այլ ակումբներից դուրս մնացած, ինչպես նաեւ՝ պատանի ֆուտբոլիստներով, որոնք չէին կարող պայքարել առաջնության մյուս բոլոր թիմերի հետ: Նախորդ առաջնությունում «Կիլիկիան» մի քանի անգամ մարզչական փոփոխության ենթարկվեց, բայց ակնհայտ էր, որ որեւէ մարզիչ ի վիճակի չէ մարտունակ ու միավոր վաստակող թիմ ստեղծել եղած ռեսուրսներով: «Կիլիկիան» միայն հրաշքով խուսափեց վերջին հորիզոնականից՝ այն զիջելով անդունդի եզրին հայտնված «Շիրակին»: Գյումրիի թիմն էլ միայն մրցաշրջանի վերջում «ուղղեց մեջքը», իսկ ահա «Կիլիկիան», փաստորեն, կոտրվեց հերթական մրցաշրջանի մեկնարկից ընդամենը մեկ ամիս առաջ, երբ խաղացանկը հաստատված էր: Շատերին զարմացրեց փաստը, որը «Կիլիկիան» միայն հիմա որոշեց լուծարվել՝ առաջնության ու գավաթի խաղարկության վիճակահանության անցկացումից հետո, երբ արդեն կազմվել են առաջնության խաղացանկը ու հայտնի են գավաթային զույգերը: Սակայն տվյալ պարագայում ստացվում է, որ ՀՖՖ-ն էլ ավելորդ շտապողականություն էր հանդես բերել՝ անցկացնելով վիճակահանություն ու կազմելով խաղացանկ՝ մինչ ակումբների կողմից անդամավճարի անդորրագիրը ներկայացնելն ու պաշտոնապես իրենց մասնակցությունը հաստատելը (վիճակահանությունն անցկացվեց դեկտեմբերին, մինչդեռ սահմանված վերջնաժամկետը հունվարի 16-ն էր): Ինչեւէ, փաստացի՝ այսօր «Կիլիկիան» միակ ակումբն է, որը չի մուծել անդամավճարն ու չի հաստատել իր մասնակցությունը: Ավելին, գրություն է ներկայացրել լուծարման մասին: ՀՖՖ-ից մեզ տեղեկացրին, որ դեռեւս որեւէ որոշում ընդունված չէ առաջնության եւ գավաթի խաղացանկը փոփոխության ենթարկելու վերաբերյալ, սակայն, ամենայն հավանականությամբ, նման քայլի կդիմի ֆուտբոլի ֆեդերացիան, մանավանդ որ, դա չի հակասում ՀՖՖ կանոնադրությանը:
Իսկ թե ի՞նչ ճակատագիր է սպասվում «Կիլիկիային», ֆուտբոլիստներին ու մարզիչներին, պարզ կդառնա առաջիկայում: «Առավոտը» կշարունակի հետեւել զարգացումներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել