Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ՈՐՈՇՎՈՒՄ Է ՎԱՂՎԱ ՕՐԸ

Հունվար 27,2011 00:00

\"\"Երեկ մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում մեկնարկեց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը, որի արդյունքներով կազմավորվելու է նախաօլիմպիական տարում կայանալիք պատասխանատու մրցաշարերին նախապատրաստվող ազգային հավաքականը:

Մրցակարգի համաձայն՝ առաջին օրը որոշվեցին չորս քաշային կարգերի հանրապետության չեմպիոններն ու մրցանակակիրները: Ըստ այդմ, պատվո պատվանդան բարձրացան.
55 կգ քաշային կարգ՝
1. Միհրան Ջաբուրյան, 2. Գեղամ Բաբախանյան, 3. Օհան Գիքինյան, 3. Երվանդ Թադեւոսյան
74 կգ քաշային կարգ՝
1. Մուսա Մուրթազալիեւ, 2. Սուրեն Մարկոսյան, 3. Հայկ Կարապետյան, Վարուժան Կոջոյան
84 կգ քաշային կարգ՝
1. Հաջիմուրադ Մագոմեդով, 2. Վադիմ Լալիեւ, 3. Ռոբերտ Լենդրուշյան, 3. Աշոտ Աշոտյան
120 կգ քաշային կարգ՝
1. Ռուսլան Բասիեւ, 2. Հարություն Դիլբարյան, 3. Արման Գուլյան, 3. Համլետ Աբրահամյան:
Հայաստանի չեմպիոններն ու մրցանակակիրները, ինչպես նաեւ հաղթողի անձնական մարզիչը պարգեւատրվեցին համապատասխան մեդալներով, դիպլոմներով եւ ֆեդերացիայի սահմանած դրամական խոշոր պարգեւներով:
Ըմբշամարտում միանգամից երկու բրոնզե մեդալակիր է լինում: Սակայն, որքան տեղյակ ենք, առաջին անգամ երեկ կազմակերպվեցին, այսպես կոչված, ոսկե երրորդ տեղի համար լրացուցիչ գոտեմարտեր: Դա, ինչպես մեզ բացատրեցին, արվել է հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի առաջարկով, որպեսզի հետագա աշխատանքները կազմակերպելիս՝ ուսումնամարզական հավաքներ, այս կամ այն մրցման գործուղում եւ այլն, հնարավոր լինի ավելի ճիշտ կողմնորոշվել ընտրության հարցում:
Այսօր կորոշվեն նաեւ մյուս քաշային կարգերի Հայաստանի չեմպիոններն ու մեդալակիրները:
Առաջնությանը ներկա գտնվող ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը լրագրողներին տված ճեպազրույցում ասաց. «Մեր պահանջը հիմնականում հաղթանակն է: Բայց դա միանգամից հնարավոր չէ: Նպատակին պիտի հասնենք քայլ առ քայլ, թիմային աշխատանքով: Խնդիրներ դեռ շատ կան, որոնք աստիճանաբար լուծվում են եւ ծրագրերն իրականացվում: Այս առաջնությունում ընտրություն է կատարվում, թե ովքեր պետք է գնան Եվրոպայի եւ ովքեր՝ աշխարհի առաջնություն: Իսկ աշխարհի առաջնությունը, ինչպես գիտեք, վարկանիշային է: Նպատակը 2012 թվականի օլիմպիական խաղերի՝ հնարավորին չափ շատ ուղեգրեր նվաճելն է, իսկ արդեն Լոնդոնում՝ մեր ըմբիշների նվաճելիք մեդալների գույնը փոխելը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել