Լրահոս
Օրվա լրահոսը

Քինգից մինչեւ բլյուզ

Հունվար 27,2011 00:00

Հունվարի 25-ին ԱՄՆ դեսպանատանը կայացավ բլյուզ համերգ` Մարտին Լյութեր Քինգի օրվա կապակցությամբ: Հյուրերի համար, որոնք ԱՄՆ կառավարության Միջազգային առաջնորդ այցելուների ծրագրի մասնակիցներն էին, ելույթ ունեցավ Սուրեն Առուստամյանի բլյուզ նվագախումբը: ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Քերեն Ռոբլին ներկայացրեց հավաքի նպատակը, ապա ողջույնի խոսքով հանդես եկավ ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը: Նա նշեց, որ Մարտին Լյութեր Քինգի կյանքի եւ գործունեության համար ավելի հարմար առիթ չէր կարող մտածել, քան Միջազգային առաջնորդ այցելուների ծրագրի մասնակիցներին մեկտեղելը: «Դոկտոր Քինգին արժանին ենք մատուցում շատուշատ բաների համար, որովհետեւ նա օգնեց, որպեսզի ԱՄՆ-ը դավանի այն սկզբունքներին, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ»,- ասաց տիկին դեսպանը, հավելելով, որ Միացյալ Նահանգների քաղաքացիական իրավունքների շարժման գաղափարական առաջնորդ Քինգը իր օրինակով փաստեց, թե անհատը ինչ դեր կարող է ունենալ պատմության ընթացքի վրա: Դեսպանի խոսքից հետո մի կտոր ցուցադրվեց Մ. Լ. Քինգի հայտնի «Ես երազանք ունեմ» ելույթից, որին հետեւեց հրաշալի համերգը:
Իսկ ինչո՞ւ հատկապես բլյուզ: Տիկին Յովանովիչն ասաց, որ Քինգի եւ բլյուզի միջեւ ընդհանրություններ կան՝ երկուսի արմատներն էլ տանում են Ամերիկայի հարավ, սեւամորթների եկեղեցիներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել