Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի՞ց է սկսվում հայրենիքը

Հունվար 27,2011 00:00

Կամ՝ ինչպես բարձրացնել բանակի վարկը

«Հայելի» ակումբում երեկ զինվորի կերպարի, հայկական բանակում այսօր տիրող վիճակի մասին խոսեցին ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի փոխտնօրեն, արցախյան պատերազմի մասնակից Վարդան Դեւրիկյանը, արձակագիր, հրապարակախոս Արամ Պաչյանը, վերլուծաբան Անուշ Սեդրակյանը:
Արմավիրի, Նոյեմբերյանի, Վանաձորի զորամասերում ծառայություն անցած Ա. Պաչյանի կարծիքով, այսօր երիտասարդները ոչ թե հայրենասիրական մղումով, այլ մահվան տագնապով են բանակ գնում: Պատճառը, ըստ նրա, հայկական բանակի սպայական անձնակազմի անգրագետ ու բթամիտ լինելն է. «Նրանք պետք է զինվորներին այնպես զբաղեցնեն, որ վերջիններս ժամանակ չունենան իրար հետ վիճաբանելու: Այդ մարդիկ չեն հասկանում, որ կարելի է երկխոսել զինվորների հետ: Փոխարենը մահակներն առնում են՝ շարքում լավ չես կանգնել, պետք է խփեն, ջարդեն ու սպանեն: Հեռուստատեսությամբ ինչ-որ բանակային սերիալներ են ցույց տալիս, բանակը պատկերում վարդագույն գույներով, մինչդեռ ճշմարտությանը հասնելու համար պետք է իրականությունն արտացոլել»:
Վ. Դեւրիկյանը, ընդհակառակը, դեմ է, երբ ամեն քայլափոխի վարկաբեկում են հայկական բանակը եւ հրամանատարական կազմին. «Այսօր անընդհատ մեր հրամանատարական կազմի վրա ցեխ է շպրտվում՝ դուք սադիստ եք եւ այլն, դա մարդուն գազանացնում է, եւ այդ ֆոնի վրա, երբ այդ ամենը կեղտաջրի նման լցվում է նրանց վրա, ոչ մի լավ բանի չի ծառայում: Եթե որեւէ մեկն անընդհատ ասի՝ դու բոմժ ես, մուրացկան, հանցագործ, մարդը կկոմպլեքսավորվի… Անընդունելի, վայրենի եմ համարում այդ տեսական, ամենավտանգավորը՝ գրական-գեղարվեստական ընդհանրացումը: Այսօր բանակի հիմնական խնդիրը ոչ թե զինվոր-հրամանատար, այլ զինվոր-զինվոր փոխհարաբերությունն է: Որեւէ մեկն այսօր ստեղծո՞ւմ է սադիստ, ոճրագործ, մսագործ բժշկի կերպար, ուսուցիչները դպրոցում երեխա են ծեծում, որեւէ մեկը ստեղծո՞ւմ է սադիստ ուսուցչի կերպար…»:
Ա. Սեդրակյանը խնդիր է համարում այն, որ այսօր երիտասարդները չգիտեն, թե ինչու են բանակ զորակոչվում. «90-ական թվականներին մարդիկ գնում էին մեռնելու, նրանք գնում էին մահվան՝ առանց տագնապի, որովհետեւ կար նպատակ: Այսօր հրամանատարը գիտի՝ եթե անգամ իր մոտ «չեպե» լինի, անպատիժ է մնալու, որովհետեւ խոսելու ենք բանակի հեղինակության մասին, իսկ քայլն անպատիժ է մնալու: Պետությունը, մեր իշխանությունները սիրախաղ են անում բանակի հետ»:
Ամեն հինգշաբթի կառավարության շենքի մոտ հավաքվում են բանակում որդի կորցրածների հարազատները, հարուցվում են քրեական գործեր, բայց բացահայտումներ այդպես էլ չեն լինում: Արդյո՞ք անպատժելիության նման մթնոլորտը չէ պատճառը, որ բանակում դժբախտ դեպքերի թիվն օրեցօր ավելանում է: «Դրա հիման վրա եզրակացություններ անել ամբողջ բանակի վերաբերյալ՝ անարդար է»,- պատասխանում է Վ. Դեւրիկյանը: Ա. Պաչյանն էլ հավելում է. «Մեզ համար ամեն զինվորի կորուստը մի պետության կորուստ է»:
Ա. Սեդրակյանի կարծիքով. «Ամբողջ խնդիրն այն է, որ մենք սոցիալական անարդարության եւ հայրենիքի խնդիրներն իրարից բաժանում ենք: Հայրենիքն այն է, որ ազատ է, արդար ու քո մասին հոգ է տանում…թե չէ ստացվում է՝ հայրենիքի ներսում քո գլխին ինչ ասես կարող ենք անել, բայց դու պարտավոր ես ունենալ հայրենիքի գաղափարը»: Վ. Դեւրիկյանի մեկնաբանմամբ. «Սոցիալական անարդարության գաղափարն ուրիշ է, հայրենիքինը՝ ուրիշ: Հայրենիքի անարդարությունը հայրենիքը սիրելու հետ ոչ մի կապ չունի»: Ա. Պաչյանը կարծում է, որ բանակի սպայական կազմի կրթության մակարդակը պետք է բարձրացնել: Ըստ Ա. Սեդրակյանի. «Երբ զինվորը ընտրությունների ժամանակ կընտրի նրան, ում ուզում է, այն ժամանակ բանակում ամեն ինչ լավ կլինի»: Բանավեճի վերջում պարոն Դեւրիկյանը հռետորական հարց ուղղեց. «Ի՞նչն է պատճառը, որ «Եղնիկների» այդ սպան, թեկուզ սադիստ է, տարիներ շարունակ պոստ է կանգնել, ի՞նչն է նրան պահել այդտեղ»: Վերլուծաբան Ա. Սեդրակյանը նման կերպ պատասխանեց. «Որովհետեւ ղարաբաղցի լյա եղած»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել