Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԲՍՈՒՐԴԻ» ԵՎ ԴԱՍԱԿԱՆԻ ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունվար 27,2011 00:00

Լիբանանահայ թատերագիր Արա Արծրունին՝ թատերագետ Լեւոն Մութաֆյանի մեկնաբանությամբ 

\"\"

Երեկ Կամերային երաժշտության տանը «Արա Արծրունու թատերգությունը» գրքի շնորհանդեսին ներկա գրողներին, թատերական գործիչներին ու ընթերցողներին Արա Արծրունի անունը անծանոթ չէր, որովհետեւ Պետական կամերային եւ Տիկնիկային թատրոններում 2008 թվականին բեմադրվել են նրա «Մժեղը» եւ «Անավարտ վեպը» պիեսները:
2010-ին էլ երկու հատորով լույս տեսան բեյրութահայ թատերագրի պիեսները՝ թարգմանված արեւելահայերեն: Թարգմանիչ Արթուր Անդրանիկյանն ամեն ինչ արել էր, որպեսզի արեւմտահայերեն գրված պիեսները հասանելի լինեն հայ ընթերցողին եւ թատրոնին: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում ասաց թատերագետ Լեւոն Մութաֆյանը, հայաստանյան թատրոնները շատ քիչ են անդրադառնում ժամանակակից սփյուռքահայ թատերագիրներին՝ պատճառ ունենալով լեզվական անմատչելիությունը: Նա հավելեց նաեւ, որ Արա Արծրունին գրում է դասական՝ անխառն արեւմտահայերենով, որը գրողի մոտ պահպանել է իր ինքնատիպությունը: «Ես Արա Արծրունու թատերգությանը ծանոթացա բավական ուշ՝ 1998-ին, երբ կարդացի «Մժեղը» պիեսը: Այն ինձ վրա ցնցող տպավորություն թողեց, որովհետեւ Բեյրութում ապրող եւ ստեղծագործող թատերագիրն իր համար ուղենիշային է համարել «աբսուրդի դրաման»՝ ստեղծելով պոստավանգարդիստական դրամայի տարատեսակը մեզանում: Ծանոթացա եւ այդ օրվանից կապվեցի այս ինքնատիպ թատերագրի ստեղծագործությունների հետ»,- նշեց թատերագետը: Թե ի՞նչն էր նրան մղել՝ գիրք գրելու Արծրունու մասին, Լ. Մութաֆյանը պատասխանեց. «Ես արդեն հրատարակել էի երկու գիրք՝ նվիրված Ստամբուլում ապրող թատերագիր Արման Վարդանյանի ստեղծագործություններին: Նա նույնպես «աբսուրդի դրամայի» հետեւորդ է, նաեւ իմ ջանքերով նրա «Ախացելը» եւ «Սաակուրը» պիեսները բեմադրվեցին Սունդուկյանի անվան թատրոնում: Կամենում էի ձեւավորել տեսական պատկերացումներ սփյուռքահայ թատերգության նոր ուղղությունների եւ դրսեւորումների մասին: Արա Արծրունին ուշ է մտնում թատերական իրականություն, բայց՝ ոչ ուշացած: Նա ստեղծում է «աբսուրդի» եւ դասական թատերգության հետաքրքիր ներդաշնակությունը, զարմանալի սեւեռումներով գնում դեպի մարդը, նրան դիտարկում ամենապարադոքսալ վիճակների մեջ»: Այնուհետեւ թատերագետը նշեց, որ Արա Արծրունին այն բացառիկ թատերագիրներից է, ով նպաստում է թատերական փորձարարությանը: Տարիներ շարունակ հեռու լինելով մայրենի թատրոնից, իսկ Բեյրութում էլ, բացի Վարուժան Խըտըշյանից, այլ համախոհներ չունենալով, Արծրունին քիչ է բեմադրվել, ինչն էլ որոշակի օտարացում է ձեւավորել նրա եւ արդի հայ թատրոնի միջեւ:
«Առավոտը» Լեւոն Մութաֆյանից փորձեց տեղեկանալ, թե ինչո՞ւ մինչ օրս տեղի չի ունենում նրա՝ 2010թ. հրատարակված «Խորեն Աբրահամյանի արվեստը» գրքի շնորհանդեսը, որը նվիրված էր մեծ դերասանի ծննդյան 80-ամյակին: «Գիրքը տպագրվեց պետական աջակցությամբ: Հենց ապրիլի 1-ին՝ Խորեն Աբրահամյանի ծննդյան օրը, «Էդիթ-պրինտ» հրատարակչությունը տվեց ազդօրինակը: Մշակույթի նախարարը հանձնարարեց կազմակերպել գրքի շնորհանդեսը, սակայն, չգիտես ինչու, Սունդուկյանի անվան թատրոնի տնօրինությունը չափազանց պասիվ է այս հարցում: Հուսանք, որ այնտեղ չեն սպասի նախարարի նոր հանձնարարությանը եւ թեկուզ ուշացումով կկազմակերպեն շնորհանդեսը, որը կփոխարինի այն անտարբերությանը, որը ձեւավորվեց մեծ դերասանի հոբելյանի հանդեպ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել