Եգիպտոսի նախագահ Խոսեին Մուբարաքի ժառանգորդ Ջամալ Մուբարաքն (նկարում) ու նրա ընտանիքը այդ երկրում սկսված զանգվածային անկարգություններից անմիջապես հետո փախել են երկրից եւ մեկնել Լոնդոն: Այդ մասին հաղորդում է 1news.az-ը՝ վկայակոչելով արաբական Akhbar al-Arab կայքը: Աղբյուրը պնդում է, թե նախագահի որդու ինքնաթիռը՝ «97 ճամպրուկով» եւ նրա ընտանիքի անդամներով, հունվարի 25-ին Կահիրեից ուղղություն է վերցրել դեպի Լոնդոն:
Հիշեցնենք, որ Եգիպտոսում թունիսյան անկարգությունների ալիքի վրա զանգվածային հակակառավարական ցույցեր են սկսվել: Տարբեր գնահատականներով, ընդդիմությունը փողոց է դուրս բերել 20-30 հազար մարդու, որոնք պահանջում են Եգիպտոսի նախագահի հրաժարականը:
Ցույցը ցրելու համար այդ երկրի ոստիկանությունը արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ եւ ռետինե փամփուշտներ է կիրառել, ինչը, սակայն, ցուցարարներին չի կանգնեցրել: Նրանք հայտարարել են, թե շարունակելու են բողոքի ակցիաներ անցկացնել այնքան ժամանակ, քանի դեռ իրենց պահանջները՝ նախագահի հրաժարական, խորհրդարանի լուծարում, աշխատավարձի բարձրացում, չեն բավարարվել: Ոստիկանության հետ բախումների արդյունքում սպանվել է 4 մարդ, 600 հոգի ձերբակալվել է:
Twitter սոցիալական կայքը հաղորդել է, որ կայքը Եգիպտոսի տարածքում երեքշաբթի օրվանից անհասանելի է: Եգիպտոսի իշխանությունները վստահ են, որ հատկապես այդ կայքի օգնությամբ են ընդդիմադիրները կոչ արել հետեւել Թունիսի օրինակին եւ միանալ երկրի իշխանությունների դեմ բողոքի ակցիաներին:
Եգիպտոսում ծավալվող անկարգությունները ամենազանգվածայինն են 1977թ.-ից ի վեր, երբ մարդիկ փողոցներ էին դուրս եկել երկրում սննդամթերքի անբավարարության պատճառով: