ԳԱԱ ընտրությունները՝ ըստ Ռադիկ Մարտիրոսյանի
Երեկ ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը ասուլիս էր հրավիրել ակադեմիայի՝ վերջերս կայացած ընտրությունների վերաբերյալ: Հիշեցնենք, որ 6 ակադեմիկոսների եւ 22 թղթակիցների թափուր տեղերի համար պայքարել է 83 գիտնական:
«Դիմումները շատ էին, ինչը հաճելի զարմացրել էր մեզ. ստացվել էր այնպես, որ մեկ տեղի համար ունեինք 3 հավակնորդ: Ընտրությունների ժամանակ ընտրվել է 4 ակադեմիկոս՝ մաթեմատիկայի, քիմիայի, կենսատեխնոլոգիայի, տնտեսագիտության բաժանմունքներում եւ 16 թղթակից անդամ՝ մեխանիկա, ինֆորմատիկա, աստղաֆիզիկա, լազերային ֆիզիկա, կոնդենսացված միջավայրի ֆիզիկա, պլազմային ֆիզիկա, ֆիզիկական եւ անօրգանական քիմիա, օրգանական քիմիա, բուսաբանություն, պատմություն, արեւելագիտություն, գրականագիտություն, արվեստագիտություն եւ տնտեսագիտություն բաժիններում»,- ասաց Ռ. Մարտիրոսյանը: Նա նշեց, որ 2 ակադեմիկոսի եւ 6 թղթակից անդամի տեղ թափուր է մնացել:
ԳԱԱ նախագահը պնդում է, որ ընտրությունները արդար հիմքերով են կայացել եւ իրականությանը չեն համապատասխանում չընտրված թեկնածուների արձագանքները, թե՝ կաշառքներ են եղել: Նա իրենց ընտրությունները համեմատեց ՀՀ նախագահի կամ ԱԺ-ի ընտրությունների հետ, ասաց, որ ԳԱԱ ակադեմիկոսների եւ թղթակից անդամների ընտրությունը կանոնակարգվում է ակադեմիայի կանոնադրությամբ, հաշվի են առնվում թեկնածուների տպագրած հոդվածների քանակը, գիտության ոլորտում՝ նվաճումները, կերպարը:
Ռ. Մարտիրոսյանը մեկնաբանում է ընտրություններում ոմանց չընտրվելու պատճառները. «Չպետք է մոռանանք, որ յուրաքանչյուր ընտրություն, այդ թվում՝ ակադեմիայի, վերջին հաշվով սուբյեկտիվ գործընթաց է, որտեղ դեր է խաղում մարդկային գործոնը: Դերակատարում ուներ նաեւ մարդակային հարաբերությունների խնդիրը, որն ավելի շատ դրսեւորվեց ընդհանուր ժողովի ժամանակ. մեր ակադեմիկոսների որոշ խմբերի մոտ ընտրությունների ժամանակ պակասեց օբյեկտիվությունը…»:
Ռ. Մարտիրոսյանը նկատեց, որ չընտրված թեկնածուները անհեթեթ եւ անհիմն հայտարարություններով են հանդես եկել. «Նրանցից մեկն ասել է՝ ակադեմիան չի կարող գոյություն ունենալ, եթե ինձ նման ակադեմիկոսը չի ընտրվել: Բայց ընտրությունները հո խաղ ու պար չե՞ն, հո ակադեմիայի կամարնե՞րը չեն ընտրում, ընտրում են ակադեմիկոսները: Թող ինչքան ուզում են քննադատեն եւ ակադեմիան, եւ ինձ: Ես նրանց բոլորին էլ գիտեմ՝ Սիներիկ Հայրապետյան, Հարություն Կարապետյան, Ալեքսանդր Գեւորգյան եւ այլք: Ընտրված բոլոր ԳԱԱ անդամները գիտության մեջ մեծ վաստակ ունեցող գիտնականներ են: Չընտրվածների մեջ էլ կային արժանիները, որոնք նույնպես ունեն գիտական խոշոր նվաճումներ, սակայն չընտրվեցին»:
Անդրադառնալով մայիսին սպասվելիք ԳԱԱ նոր նախագահի ընտրություններին, Ռ. Մարտիրոսյանն ասաց, որ դեռ չի մտածել իր թեկնածությունը վերստին դնելու մասին, սակայն օրենքը թույլ է տալիս երկրորդ անգամ ընտրվելու:
ԳԱԱ նախագահը վրդովմունքով խոսեց մամուլի հրապարակումների մասին, որտեղ պարբերաբար նշվում է ԳԱԱ-ի՝ ծերակույտ լինելու մասին. «Անընդհատ գրում եք ծերակույտ, ասեք, տեսնեմ՝ որտե՞ղ է այդ կույտը: Գուցե շատերը չգիտեն, բայց ԳԱԱ-ն համակարգ է, որը բաղկացած է գիտահետազոտական կառույցներից, որտեղ աշխատում են հազարավոր գիտաշխատողներ: Ակադեմիայի համակարգից դուրս աշխատող հայ գիտնականների թիվը նույնպես շատ մեծ է, սակայն նրանք բոլորը միասին ներկայացնում են հայկական գիտությունը: Հիմա ինչ է, մենք բոլորս էլ «ծերակույտի» անդա՞մ ենք: Եթե մեր գիտնականները ոչինչ չանեին՝ ոչ ոք ոչինչ չէր իմանա մեր գիտության մասին»: