Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՂՋԱՄՏՈՒԹՅԱՆ ԿՈՐՈՒՍՏ՝ ԵՊՀ-ՈՒՄ

Հունվար 27,2011 00:00

Կամ՝ «թաքնված» մակագրություններով փաստաթղթեր

\"\"
Ն. Գալստյանին տրված փաստաթղթերի մեծ մասը
«թաքնված» մակագրություններ ունի:

«Առավոտի» անցյալ տարվա դեկտեմբերի 17-ի համարում հրապարակված «Փաստաթղթային տեռոր եւ գաղտնի թղթապանակ-2» հրապարակման մեջ անդրադարձել էի ԵՊՀ ռեկտորի կողմից տրված անհիմն նկատողությունների եւ աշխատանքից իմ ազատման հրամաններին:
Ավելի քան մեկ տարի է՝ չի հաջողվում ծանոթանալ հրամանների «հիմք» հանդիսացող փաստաթղթերին եւ դրանց պաշտոնական մակագրություններին, որոնք կարող էին էական նշանակություն ունենալ գործի դատական ելքի համար: Այնտեղ կոչ եւ հորդոր էր հնչեցվում ԿԳ նախարարին՝ բացել ԵՊՀ ռեկտորի ու նրա գործակալների գաղտնի թղթապանակները, գաղտնազերծել ու գնահատական տալ փաստաթղթային կեղծիքներին, որոնց արդյունքում ինձ արհեստականորեն մեկուսացրել են իմ աշխատանքային պարտականություններից:
Առայսօր որեւէ արձագանք չկա: Պարոն Աշոտյանը հավանաբար կարդացել եւ մի կողմ է նետել՝ համարելով իր ղեկավարած համակարգը արատավորելու հերթական փորձ: Իսկ ահա ԵՊՀ ռեկտոր Ա. Սիմոնյանը իր տարեվերջյան ժողովներում բամբասանքի մակարդակի ելույթներով որոշ ստորաբաժանումների աշխատակիցների փորձում է համոզել, որ ինքը շատ լավն է, որ գրվածը չի համապատասխանում իրականությանը, որ երկրի Աշխատանքային օրենսգիրքն է թերի ու անկատար, որ ինքը չի կարողանում ազատ ինքնադրսեւորվել ու իրեն կաշկանդված է զգում:
Համաձայն եմ, որ Աշխատանքային օրենսգիրքը իր չափերով չի ձեւված, այնտեղ անընդհատ շեշտվում է ողջամտության ու անձի աշխատանքային իրավունքի գերակայության կարեւորությունը, ինչը իր քիմքին հարմար չէ, անշուշտ: Երեւի հենց այդ է պատճառը, որ նա հաճախ իր անմիտ ու անկանխատեսելի գործելակերպով այլ «դաշտում» է հայտնվում:
Նրանից ետ չի մնում նաեւ պրոռեկտոր Սաշիկ Գրիգորյանը: Նրանք աթոռի գայթակղությունից անկառավարելի ու անվերահսկելի են դարձել այն աստիճան, որ կարգն ու կանոնակարգը իրենց կամքն են դարձրել: Նրանք կարող են չեղյալ ժամերով դասախոս հրամանագրել ու վարձատրել, օրենքով թույլատրելի չափերը գերազանցող ժամավճարներ ձեւակերպել, երկարաժամկետ հիվանդ դասախոսի բացակայությունը «չնկատել» եւ աշխատավարձ դուրս գրել, թերբեռնված դասախոսին լիարժեք աշխատավարձ վճարել, իրենց համար ցանկալի անձանց մի քանի աշխատավարձ վճարել… ու նաեւ գիշերը գաղտագողի աշխատասենյակ դատարկել ու աշխատողին միջանցքներում թողնել…
Տարիներ ի վեր ես այս ամենի ականատեսն ու լուռ վկան եմ եղել: Նրանց համար կրթությունն ու գիտությունը այն աստիճան են ետ մղվել, որ հանգուցյալ «նշանավոր» դեկանի անձնական քարտուղարուհին ավելի մեծ «հեղինակություն» էր, քան դասերի ձախողումները կանխելու գրավոր պահանջ ներկայացրած տասնյակ դասախոսները: Երբ դիմում եմ ռեկտորին, տեղեկացնելով, որ անվերջ հալածանքների եմ ենթարկվում եւ անհաղթահարելի ու անելանելի իրավիճակից դրդված խնդրում եմ տեղափոխել այլ աշխատանքի, պարոն Սաշիկ Գրիգորյանը փայլատակում է իր վարչական տաղանդով եւ մակագրում, որ Ն. Գալստյանի համար ինքը այլ աշխատանքի հնարավորություն չի տեսնում: Հետո հանկարծ սթափվում եւ իր իսկ ստորագրությունը ոտնակոխ անելով, մանր տառերով խցկում է տողերի արանքը. «Հաշվի առնելով մասնագիտական կարողությունները»: Ծիծաղելի կլիներ՝ եթե տխուր չլիներ: Նրան թվում է, որ համալսարանը իր հոր բոստանն է եւ աշխատակիցներն էլ հայտնվել են նրա անձնական տիրույթներում եւ ինչպես ուզենա՝ այնպես էլ կարող է վարվել: Լուսավորեմ պարոն Սաշիկին. երբ ես համալսարանում էի, ինքը դեռ «Լենին պապի սանիկն» էր, իսկ ուսումնական գործընթացն այնքան լավ գիտեմ, որ իրեն վարպետության ու վայելչության դասեր կարող եմ տալ: Հենքային կրթությունս էլ լրագրողական է, որով հպարտանում եմ:
Երկրորդ մակագրությունը ռեկտոր Արամ Սիմոնյանի մտքի փայլատակման արդյունքն է. երբ ուսումնամեթոդական վարչության պետ Հր. Ժամհարյանի հերթական ծիծաղելի զեկուցագիրն է ստանում՝ ստալինաբերիական մեթոդների բացահայտ հրահանգ է արձակում՝ «արագացնել հարցի վերջնական լուծման հիմքերը»: Սրան հաջորդում են մյուս բոլոր թաքցված մակագրությունները, որոնց բացահայտման համար ստիպված եմ դիմել իրավապահ մարմիններին:
Թեեւ վերոհիշյալ մակագրությունն արդեն իսկ փաստում է այն ճշմարտությունը, որ իմ հանդեպ իրականացվել է կազմակերպված եւ ծրագրված հալածանքների երկարամյա քաղաքականություն, որի հեղինակներն ու համահեղինակները, անշուշտ, պիտի պատասխան տան իրենց քրեածին գործելակերպի համար:

Հիշեցնենք, որ ԵՊՀ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Կարեն Գրիգորյանը խնդրի մասին նախորդ հրապարակումներից մեկի առիթով «Առավոտին» ասել էր, որ Ն. Գալստյանը կարգապահական տույժերի է ենթարկվել իր պարտականությունները չկատարելու համար, ուստի համալսարանը լուծել է նրա հետ աշխատանքային պայմանագիրը: Նաեւ հավելել էր, թե նրա ներկայացրած անաշխատունակության թերթիկը ԵՊՀ իրավաբանը դատական նիստերից մեկի ժամանակ է տեսել, ու Գալստյանի խնդիրն է, թե ինչ քայլերի կդիմի հետագայում:
ՀՀ ԿԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանը խոստացավ հարցի վերաբերյալ մեկնաբանություն ներկայացնել առաջիկայում, երբ ԿԳ նախարարի հետ հանդիպման համար հերթագրված Ն. Գալստյանը Ա. Աշոտյանին ներկայացրած կլինի իր խնդիրները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել