Նվիրվում է ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆԻՆ
Սկիզբը՝
Ինչպես այն ժամանակ էինք ասում, կինո «Նաիրիի» դիմացի վարսավիրանոցում աշխատում էին հայրենադարձներ Մեսրոպը, Արսենը, Հակոբը, Գոքորը եւ տեղացիներ Արտյուշն ու Հակոբը: Վերջինս՝ ներկա Երեւանի լավագույն վարսավիրը, ղարաբաղցի է, 80-ն անց: Նա՝ այս լեգենդար վարպետ Հակոբը հարդարել է մազերը Ավետիք Իսահակյանի, Հրաչյա Ներսիսյանի, Յակով Զարոբյանի, գեներալ Նվեր Սաֆարյանի եւ այլ մեծերի: Փառք Աստծո, նա այսօր կա, աշխատում է Փափազյան փողոցի մի փոքրիկ սրահում, եւ մենք՝ մի խումբ նրա հաճախորդներս, երկար կյանք ենք մաղթում վարպետին:
Վարսավիրությունը առաջին հայացքից թվում է հեշտ գործ: Հեշտ է, եթե պարզապես մազ ես թեթեւացնում, բայց դժվար է, եթե դու հարազատ ես մնում հաճախորդի կերպարին եւ փորձում նրան ճանապարհ ձգել «քիչ մը շուք տված»:
Իսկ հայրենադարձ օտար լեզվի ուսուցչուհիների բազմաքանակ բանակը… Նրանք ժամանակին Բեյրութի, Հալեպի կամ Փարիզի լիցեյներում լավ սովորելով օտար լեզուներ, այժմ իրենց կտոր հացն էին վաստակում գիտցածով թե՛ դպրոցներում, թե՛ մասնավոր դասեր տալով: Ես հիշում եմ Արմենակ Նշանյանին եւ հենց իմ անգլերենի դասատուներ Արաքսիին եւ Վոլթերին: Դժվար կյանք էին երկուսն էլ անցել: Արաքսին եկել էր Բեյրութից, կատարյալ մենակ էր Երեւանում, չուներ իր ընտանիքը, ապրում էր Թումանյանի թանգարանի հարեւանությամբ, մեկ սենյականոց մի բնակարանում, վերին աստիճանի կիրթ, բարեհամբույր ու մարդասեր, դասատուի համար շա՜տ բարի էր: Շուրջ երեսուն տարի առաջ գնաց Ամերիկա՝ իր միակ քրոջ մոտ: Դրամատիկ կերպար էր Վոլթերը, նաեւ իր քույրիկը: Նրանց մայրը, որ ամուսնացել էր երկրորդ անգամ, ամերիկահպատակ լրագրող եւ մասնագիտությամբ համայնավար Պատրիկ Սելյանի հետ, Հայաստան եկան պատերազմից հետո՝ հետները բերելով երկու դեռատի զավակներին: Ի դեպ, Սելյանը ԱՄՆ-ից գաղթած միակ կոմունիստը չէր, մեկն էլ կար, նույն բնույթի, նույն բոյի, նույն խոշոր քթով, որից միշտ կախ էր ընկած ակնոցը՝ հայ գյուղացու կլոր դեմքով Օգսեն Սարյանը: Թեեւ երկուսն էլ միշտ ամերիկյան փողկապ կապած, դեռեւս Ամերիկայում կարված կոստյումներ էին հագնում, սակայն նրանց հայացքները «չքալեցին» Ամերիկայում, եւ «փրկած» Ամերիկան Մարքսի հայացքներից, եկան իրենց դավանանքի երկիրը եւ այստեղ էլ ջանացին Հռոմի պապից ավելի կաթոլիկ երեւալ: Երեւի այս ծրագրի մեջ էր մտնում, որ իր կնոջ անտարբեր հայացքի տակ, պարոն Սելյանը իր խորթ զավակներին փողոց նետեց բառիս բուն իմաստով, մտածելով՝ «Ասոնք ալ թող պրոլետարիատի կյանքով ապրին»:
Սակայն մեր երիտասարդները չկոտրվեցին: Իրենք գիտեն, թե ինչեր քաշեցին, բայց անգլերենը, որն իրենց առաջին լեզուն էր, նրանց չթողեց, որ սովահար լինեն: Վոլթեր Դեղձանյանի աշակերտներից էի ոչ միայն ես, այլեւ ապագա բանաստեղծներ Արտեմ Հարությունյանը, Դավիթ Հովհաննեսը, ապագա ակադեմիկոս Ռուբեն Հարությունյանը: Վոլթերը եւ քույրիկը առաջիններից ետ գնացին, չգիտեմ՝ ո՞ղջ են արդյոք ամերիկաներում, բայց գիտեմ, որ պարոններ Սելյանն ու Սարյանը ետ չգնացին Ամերիկա: Տեսա՞ն արդյոք նրանք իրենց երկրպագած ուսմունքի փլուզումը Հայաստանում, թե՝ ոչ, այդ էլ չգիտեմ: Վստահաբար կարող եմ ասել, որ այսօր Հայաստանում համարյա էլ ոչ ոք չի մնացել Ամերիկայից եւ Ֆրանսիայից ներգաղթածներից:
Ինչպես եւ չկան հայրենադարձ լուսանկարիչները եւ նրանց նշանավոր ֆոտոսրահները: Նրանք եւս քաղաքի յուրօրինակ դեմքն էին: Եվ ինչպես արհեստի ամեն բնագավառում, այստեղ եւս կային իրենց գործի վարպետներ եւ շարքային արհեստավորներ: Հայրենադարձ ֆոտոգրաֆներից ամենից հայտնին Սամվել Խանդիկյանն էր, որի առաջին ֆոտոսրահը գտնվում էր «Երեւան» («Ինտուրիստ») հյուրանոցից մի տասը քայլ ներքեւ, արեւելյան քարե մի դալանի տակ: Դալանի աջ եւ ձախ կողմի պատերը, որոնք դուրս էին գալիս ուղիղ Աբովյան փողոցի վրա, նա զարդարել էր իր արած լուսանկարների մեծ ցուցափեղկերով, եւ ձախ պատին տեղադրված էր արվեստի որեւէ հայտնի գործչի ֆոտո. ես հիշում եմ Հրաչյա Ներսիսյանի, Թաթուլ Դիլաքյանի կամ Դավիթ Մալյանի ֆոտոները, շատ խոսուն եւ հաջող, իսկ աջ կողմում, որպես օրենք, տեղադրված էր երեւանյան մի անանուն երիտասարդ գեղեցկուհու ֆոտո, որը բնականաբար դեռ ամուսնացած չէր…
Այդ փեղկերի հերոսները փոխվում էին վեց ամիսը մեկ պարբերությամբ: Սամվել Խանդիկյանը իր արհեստը սովորել էր տակավին Պոլսում, մի հայ լուսանկարչից, որը լուսահոգի Տիգրան Լեւոնյանի հայրն է եղել: Իր վարպետի մահից հետո Խանդիկյանն ամուսնացել էր նրա կնոջ հետ եւ ընտանիքով հանդերձ 1947-ին գաղթել էին Հայաստան, ուր եւս ունեցավ զավակներ, որոնցից է տաղանդավոր բեմադրիչ Արմեն Խանդիկյանը: Սամվելն աշխատում էր իր ատելյեում մինչեւ ընդմիջում, մինչեւ ժամը 13-ը: Հետո մի քանի քայլ բարձրանում էր վերեւ եւ ընկերանում «Ինտուրիստի» բացօթյա կաֆեում հավաքված արվեստագետներին: Գեղեցիկ, ինքնատիպ մարդ էր, միշտ ճաշակով հագնված, լավ տրամադրությամբ եւ սիրում էր զրույցներում հիշել Պոլիսը, կում-կում սուրճ խմել ջրով եւ 50 գրամ րախին էլ հետը:
Յուրահատուկ մարդ էր եւ լուսանկարիչ Եկավյանը (եգիպտահայ): Նրա, ինչպես եւ այլ երկու հայրենադարձների ֆոտոսրահները գտնվում էին ունիվերմագի ետեւի փողոցում: Այս բոլոր սրահները ճաշակով զարդարված էին եւ իհարկե նրանցից անբաժան էր արմավենին, որը հիշեցնում էր երեւի աֆրիկյան արեւի տակ թողած Եգիպտոսը…
Այն էլ ասեմ, որ մեր «ախպարները» մեծ մասով հագնում էին այն հագուստները, որ հետները բերել էին: Հեռու չգնամ, տատս՝ Սոֆյան, հետը Փարիզից տակավին 1936 թվին երեւի բերել էր 100 տուփ «Կոտի» մակնիշի դեմքի պուդրա, անթիվ քանակի օծանելիք, կոսմետիկ կրեմներ: Նա հրաշալի գիտեր, թե ի՜նչ երկիր է գալիս եւ անվերջանալի կերպով սիրահարված լինելով իր Ավետիքին, մտածել էր, կան բաներ, որ կինն իրավունք չունի ինքնահոսի մատնել, եւ շատ ստույգ ծրագրված բերել էր այն քանակի պուդրա, որ անգամ ես հստակ հիշում եմ այդ կլոր տուփերը՝ վրան փոքրիկ հովհարներ նկարած ու ֆրանսերեն գրած՝ «Coty», իսկ դա արդեն 1954 թիվն էր, իրենց գալուց 18 տարի էր անցել:
Կային եւ բացարձակ զարմանալի անձեր: Օրինակ, հագուստի մաքրման մասնագետը: Զարմանալի արագաշարժ եւ արագախոս, ցածրահասակ, միշտ հագին կոստյումը եւ միշտ կարմիր գույնի փողկապով: Այդ սնդիկի պես շարժուն մարդու անունը Կարո էր: Կարոն ամիսը երկու անգամ իր քառակուսի ֆիբրե ճամպրուկով կգար մեր տուն, կհավաքեր տատիս կամ մորս մոտից քիմմաքրման ենթակա շորերը եւ մի 5 օրից դրանք կբերեր: Կարոն ապրում էր Նար-Դոսի փողոցում, Անդրանիկ պապիս տնից մի փոքր ներքեւ, իր իսկ ձեռքով կառուցած մեկ հարկանի տանը: Այս գործը նա արել էր տակավին Հալեպում, եւ հետը ահագին քանակով նյութեր եւ սարքավորումներ էր բերել: Քայլում էր շատ արագ, տրանսպորտից երբեք չէր օգտվում, հետո երբ կյանքը մի քիչ բարելավվեց, 60-ականների կեսերին, նա արդեն պատվերները տանն էր ընդունում, դե երեւի մեծացել էր եւ հոգնել, Երեւանո՞ւմ արդյոք նա կնքեց մահկանացուն, թե՞ Գլենդելի թաղերում, դժվարանում եմ ասել:
Մեր տանը, մեր շրջապատում, ընդհանրապես լինում էին թե՛ տեղացի, թե՛ եկվոր զարմանալի բնույթի մարդիկ: Դե, միշտ այդպես է լինում. մեծ մարդը մագնիսի պես դեպի իրեն է քաշում շատ անպաշտպան, մոլորյալ, հաճախ այս կամ այն տարօրինակություններ ունեցող մարդկանց:
Դրանց մեջ յուրահատուկ էր Ադրունին: Պապիս հետ ծանոթացել էր 30-ական թվականներին՝ Փարիզում, այն ժամանակ նա ներշնչել էր բանաստեղծին, որ ինքը աստղագետ է: Եվ երբ պատերազմն ավարտվեց, նա Փարիզից գրեց, խնդրեց, որ Վարպետը իրեն հրավիրի եւ բարեխոսի Վիկտոր Համբարձումյանի մոտ, որ իրեն Բյուրականում գործի վերցնեն… Եվ ահա, հայրենադարձների «երկրորդ քարավանով», 1947 թվին, Ադրունին ժամանեց Երեւան: Պապս միամտաբար մեր այս Ադրունուն տանում է ակադեմիա՝ Վիկտոր Համբարձումյանի մոտ, ծանոթացնում եւ փորձում բարեխոսել: Վիկտորը բնականաբար գիտական զրույցի է ուզում բռնվել Ադրունիի հետ, որ տեսնի, ճշտի՝ ով է այս նորահայտ գիտնականը, եւ նրա հետ մի տասը րոպե խոսելուց հետո, շուռ է գալիս դեպի Ավետիքը եւ ռուսերեն կամացուկ ասում. «ԹՈՐտպՑ, ֆՑՏ վպ ՈրՑՐՏվՏՎ, Ո ՈրՑՐՏսՏչ» («Վարպետ, սա ոչ թե աստղագետ, այլ աստղաբաշխ է»): Սրանով Ադրունու մուտքը Բյուրական ավարտվում է: Բայց ինչպե՞ս ապրեր խեղճ մարդը: Եվ նա ճշմարիտ որոշում է կայացնում՝ շաբաթվա յոթ օրերին համապատասխան՝ գտնել Երեւանում յոթ ընտանիք, որոնց մոտ ինքը պարբերաբար կճաշի: Մեզ ընկել էր ուրբաթ օրը, եւ ինչքան հիշում եմ, մեզնից բացի, պարբերաբար գնում էր եւ Արա Սարգսյանենց տուն, եւ մյուս պապիս՝ Անդրանիկի եւ Թագուհի տատիկի տուն, երբեմն էլ Վիկտոր Համբարձումյանի հոր՝ Համազասպ Ասատուրիչի տուն, որի հետ ծանոթացել էր մեր տանը:
Ադրունին բավական կոմիկ արտաքին ուներ: Մի քիչ հիշեցնում էր մոսկովյան ծաղրածու Կարանդաշին. կլոր դեմքով, կլոր քթով, ցածրահասակ, միշտ շագանակագույն կոստյումը հագին, փողկապով, կլոր լայնեզր գլխարկով, որը գլխից չէր հանում: Մենք խոհանոցում մեծ, սեւ կաշվե բազմոց ունեինք, նստում էր աջ անկյունում եւ անցնում գործի, որը կայանում էր նրանում, որ պիտի աղար մեր տան սուրճը, իսկ քանի որ հյուրեր շատ էինք ունենում, ուրեմն նրա գործն էլ բավական երկար էր: Լուռ իր գործը կաներ, ավելորդ երբեք չէր խոսի: Ճաշից հետո սուրճ մը կառներ եւ հայդե, կերթար մինչեւ մյուս ուրբաթ, եւ այդպես ամեն ամիս ու տարի, մինչեւ 1960-ականների սկզբները, երբ հոգին ավանդեց:
Հորս ընկերն էր ֆրանսահայ Ժիրայր Ինճեյանը՝ մազերը միշտ բրիոլինով փայլեցրած, քթին՝ տակավին Փարիզից բերած կլոր ապակիներով ակնոցը, ճիշտ եւ ճիշտ Ժան-Պոլ Սարտրի նման, տարվա բոլոր եղանակներին մուգ կապույտ գույնի լավ կարված կոստյումը հագին, որը, սակայն, տարեցտարի մաշվում էր, ճաշակավոր փողկապով: Մոտ էր շատ հորս հետ, եւ ինչ-որ ադմինիստրատիվ գործ էր անում «Հայկինոյի» նկարահանման տարբեր խմբերում: Կինոյի գործը գոց գիտեր, որովհետեւ ժամանակին աշխատել էր «Սինեմա Ֆրանսեզի» ստուդիաներում: Թուրքահայ հայտնի ընտանիքից, 10-12 տարեկան հասակում մի կերպ հրաշքով նավով Ստամբուլից գցել էր իրեն Մարսել, հետո այնտեղից Փարիզ: Փարիզը իր համար եւ՛ հայր էր, եւ՛ մայր, սակայն ոչ՝ հայրենիք, դրա համար էլ 1947 թ. «Սինայ» շոգենավով եկավ Հայաստան: Վիգենին, որին գիտեր դեռ Փարիզից, շնորհակալ էր, որ գործի դասավորեց «Հայկինոյում» եւ դեռ իր մեկ սենյականոց բնակարանը, որ որպես ստուդիա տվել էին Վիգենին, նշանավոր սփյուռքահայ հրապարակախոս Տիգրան Զավենի եւ նրա տիկնոջ՝ տիկին Սիրանի հարեւանությամբ, Թումանյան փողոցի վերին մասում գտնվող «Հայրենադարձների տանը», ահա այդ մեկ սենյակն էլ Վիգենը զիջեց իր ընկերոջը, որ նա փողոցում չմնա: Ինճեյան Ժիրայրը Ադրունիից, ճիշտ է, շատ էր տարբերվում, սակայն նա էլ ուներ մի որոշակի ցուցակ, թե տվյալ ամսում ում մոտ պետք է ճաշեր: Այդտեղ եւ՛ մենք էինք, եւ՛ իրենց հյուրասիրությամբ հայտնի քանդակագործ Արա Սարգսյանի ընտանիքը, որի որդու՝ մի շատ բարի անձնավորության՝ Արմենի հետ մեր Ժիրայրը ընկերություն էր անում, ապա եւ դերասան Վաղարշ Վաղարշյանի ընտանիքը, ուր Ժիրայրի ընկերն էր փարիզապաշտ երիտասարդ բեմադրիչ Լաերտ Վաղարշյանը: Ժիրայրը փարիզյան հայտնի սովորություն ուներ՝ ճաշի սեղանը եզրափակել պանրով եւ մի բաժակ կարմիր գինով: Դրանից հետո ինչ էլ հյուրասիրեիր՝ սուրճ թե գաթա, պիտի մերժեր եւ ասեր իր հայտնի ֆրազը. «Բերնիս համը չեմ փոխեր…»: Թե ինչպես նա չհասկացավ, որ Փարիզից Հայաստան գալով՝ նա պարզապես ոչ թե բերնի համը պիտի փոխեր, այլ՝ իր կյանքի ոճը, դժվար է ասել:
Ընդհանրապես մեր «ախպարները» ջոկվում էին իրենց անհատականությամբ, ինքնությամբ: Նրանք շաքարի պես չէին հալվում համայնական թեյի մեջ: Արհեստավոր հայրենադարձների շքերթը լրիվ չի լինի, եթե մենք չհիշենք կոշիկ մաքրողներին (փայլեցնողներին): Նրանցից ամենաաչքի ընկնողը «Ինտուրիստ» հյուրանոցի մուտքի ձախ կողմում իր մշտական կետն ունեցող վարպետ Կիրակոսն էր: Ավելի ցածր աթոռակի վրա նստած էր ինքը՝ Կիրակոսը, իսկ դիմացի՝ մեջքով դեպի հյուրանոցի մուտքի սյան ներքին անկյունը դրած մի բարձրադիր աթոռի վրա, որ ասես մի թատերական ներկայացումից մնացած հնամաշ գահ լիներ, նստում էր հաճախորդը: Ներկերի մեծ մասը ինքը Կիրակոսն էր պատրաստում, ամեն չափսի ու ձեւի խոզանակներ, մի խոսքով՝ մի ընտիր տնտեսություն, եւ անցնում էր գործի, երբեք գլխառադ չէր անում, իր գործն անում էր ամենայն լրջությամբ ու ամենամաշված կոշիկին էլ մի 10 րոպե անց տալիս այնպիսի տեսք, որ կարծես նոր էր գնված Միլանի «Անդրեա» խանութից: Ում կոշիկն ասես չի փայլեցրել Կիրակոսը, քանի մարդու տրամադրություն է բարձրացրել, եւ իր անաչառ գործով հարգել տվել առաջին հայացքից այս ամենացածր թվացող գործը, որի արհեստի հարթակը ընդամենը տասը սանտիմետր էր բարձր գետնից:
Երկրորդ նշանավոր կոշիկ մաքրողը ունիվերմագի մուտքի ձախ կողմի սյուների տակ նստած նշանավոր «Բերիրն» էր, որի մասին այնքան է ասվել ու գրվել, որ հարկ չկա կրկնվելու: Բայց որ հայրենադարձ այդ ծերուկն էլ Երեւանի ամենագունեղ մանրատիպերից մեկն էր, դա անխոս այդպես էր: Եվ երրորդը դա երբեմնի 20-30-ական թթ. ճարտարապետական մոդեռնիստական ոճով կառուցած «Սեւան» հյուրանոցի դիմացի մայթին նստած վարպետ Վարդանն էր, չափից ավելի լուրջ եւ քչախոս: Սա, իհարկե, չուներ Կիրակոսի մակարդակը եւ ոչ էլ «Բերիրի» պես պայթյուն էր, սակայն իր գործը լավ գիտեր, կաշվի լեզուն հասկացող մարդ էր:
Արժե՞ արդյոք ասել, որ գորբաչովյան պերեստրոյկան, շատ այլ բաների պես, ավլեց ու տարավ մեր քաղաքի կոլորիտը կազմող այս վարպետներին, որոնք մի մասն էին ետպատերազմյան եւ լճացման տարիների Երեւանի:
Դատարկվել են մեր «ախպարների» թաղերը, այսօր հազվագյուտ հայրենադարձ կգտնես Արաբկիրում, Կիլիկիայում, Զեյթունում, թերեւս մի քիչ ավելի՝ Արեշում: Իմ նպատակը չէ գրել, թե նրանք ինչու գնացին, սակայն իմ սիրտը ցավում է, որ նրանք չկան այսօրվա Երեւանում: Նրանց տեղը շատ է երեւում, նրանք կարծես ի սկզբանե քաղաքացի էին եւ քաղաքին էլ տալիս էին իրենց հատուկ կոլորիտը, ձեւը, գույնը, ոճը: Ես հիշում եմ նրանց կարոտով եւ էլի ի վիճակի չեմ հասկանալ, թե ինչու եւ ինչպես կայացավ «Ելքը Եգիպտոսից» հակառակ ուղղությամբ: