2010 թվականի նոյեմբերի 27-ին տեղեկացրել ենք, որ Հայաստանի մարզային այն հեռուստաընկերությունները, որոնք չեն մասնակցել թվային հեռարձակման արտոնագիր ստանալու համար մրցույթին, անալոգային եղանակով հեռարձակումը շարունակելու են մինչեւ 2015 թվականի հունվարի 1-ը եւ դրա համար տարեկան 50 հազար դրամ պետական տուրք են վճարում: Սակայն Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովից զանգել էին Նոյեմբերյանի «Քամուտ», Ալավերդու «Անկյուն+3» եւ այլ տեղական հեռուստաընկերություններ ու հայտնել, թե հեռուստաընկերությունը պետք է 1 միլիոն դրամ պետական տուրք վճարի:
Մինչդեռ, ըստ օրենքի, 1 միլիոն դրամ պետական տուրք պետք է վճարեն թվային հեռարձակման արտոնագիր ստացած հեռուստաընկերությունները: Հեռուստաընկերությունները բնականաբար ընդվզել էին, նրանց բողոքին աջակցել էր մամուլի աջակցության «Ինտերնյուս» հ/կ-ն: Բողոքը արդյունք է տվել: Մարզային հեռուստաընկերությունների տնօրենները ստացել են Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի լիցենզավորման եւ մեթոդական վարչության իրավաբանական եւ լիցենզավորման բաժնի պետ Ա. Սարգսյանի նամակը: Վերջինս հայտնել է, որ ՀՀ գերատեսչական նորմատիվ ակտերի 2010թ. դեկտեմբերի 30-ի թիվ 31 տեղեկագրում պետտուրքի վճարման վերաբերյալ պարզաբանում է տրվել: Դրա համաձայն, մինչեւ 2015 թվականը մարզերում անալոգային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունները հեռարձակման լիցենզիայի համար պետտուրք կվճարեն նախկին չափով՝ տարեկան 50 հազար դրամ: