«Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերության սեփականատեր՝ «Դանդի Փրիշս Մեթլզ» (Dandee Precious Metals) կանադական ընկերության գլխավոր գործառնական տնօրեն Ռիկ Հաուզի հրամանագրով Կապանի «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետտան ազատվել է գլխավոր տնօրենի պաշտոնից: Ընկերության տարածած մամլո հաղորդագրության համաձայն՝ Ռոբերտ Ֆալետտան ու իր կինը՝ Ֆարիդա Ֆալետտան, ով ընկերությունում զբաղեցնում էր անվտանգության եւ ակտիվների պահպանության գծով մենեջերի պաշտոնը, վերադառնալու են իրենց տուն՝ Միացյալ Նահանգներ: Տնօրենի պաշտոնանկության մասին լուրը հայտարարվել է ընկերության աշխատակիցների ժողովում:
Իսկ գլխավոր տնօրենի պաշտոնակատարի պարտականությունները կստանձնի փոխտնօրեն Ռոն Մոբլին:
Ռոբերտ Ֆալետտայի պաշտոնանկության լուրը մեծ ոգեւորություն է պատճառել կոմբինատի աշխատակիցներին, քանի որ նրանք դժգոհ էին Ֆալետտայի, հատկապես նրա կնոջ վերաբերմունքից՝ մարդկային հարաբերությունների եւ աշխատանքային առումով:
Ռոբերտ Ֆալետայի աշխատաոճից դժգոհ էին նաեւ Սյունիքի բնապահպանական կազմակերպությունները: Հիշեցնենք նաեւ, որ, ըստ համառ լուրերի, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչությունը «Դինո գոլդ մայնինգ քամփնի» հանքարդյունաբերական ձեռնարկությունում խախտումներ է հայտնաբերել: Ոչ 2007-2008, ոչ էլ հետագա տարիների ստուգումների արդյունքները այդպես էլ չհրապարակվեցին:
«Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերության սեփականատեր՝ «Դանդի Փրիշս Մեթլզ» կանադական ընկերության գլխավոր գործառնական տնօրեն Ռիկ Հաուզը նաեւ տեղեկացնում է, որ մոտակա շաբաթներում կիրականացվեն մի շարք նախաձեռնություններ, որոնք ուղղված կլինեն իրենց կորպորատիվ առաքելությանն ու արժեքներին համահունչ «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերության աշխատանքների իրականացմանը: