Լրահոս
Օրվա լրահոսը

ԺԱՆՏԱԽՏԸ ՏԱՐԱԾՎՈՒՄ Է

Հունվար 27,2011 00:00

Հայաստանի հյուսիսային եւ հարավային մարզերում ընտանի թռչունների վարակ է տարածված

«Հավի ու ձվի կրիզիս»
Լոռու մարզի Վարդանլու գյուղը, որն այժմ Վանաձոր քաղաքի վարչական միավորն է եւ անվանափոխվել ու Խնձորուտ թաղամաս է դարձել, պահպանել է գյուղական առօրյան, ավանդույթներն ու կոլորիտը: Խնձորուտում գյուղն ու քաղաքն իրար են խառնված եւ այստեղ, որ նաեւ բազմաբնակարան շենքեր կան, բնակչությունը անասնապահությամբ է զբաղվում: Մի մասն էլ նախընտրում է թռչնաբուծությամբ զբաղվել: «Հավ պահելը ձեռնտու է, ճիշտ է՝ վերջերս ցորենը թանկացել է, սակայն տան եղածով էլ կարող ենք պահել»,- ասում է Խնձորուտ թաղամասի Չուխաջյան 59/34 բնակարանի բնակչուհի տիկին Կարինեն: Նա բազմաբնակարան շենքի 5-րդ հարկի բնակիչ է, բաց պատշգամբն ու տանիքը հավաբուն է սարքել, որ հացի խնդիրը լուծի: Ծննդյան տոներից այսկողմ տիկին Կարինեն մորթել է 40 հավերի կեսին, բայց ոչ այն պատճառով, որ հավի ժանտախտից խուսափի. «Ամեն առավոտ եւ երեկո մարգանցովկաջուր ու մածունով սխտոր եմ տալիս, կերն ու ջուրը եռացնում եմ, վարակազերծում, նոր տալիս, թու-թու, հլա որ լավ են»,- իր արդյունքից գոհ ասում է Կարինե Աքուլյանը:
10 տարուց ավելի թռչնաբուծությամբ զբաղվող Սաթիկ Դարբինյանը այս հարցում պակաս «բախտավոր» է: Նա զարմանում է. «100-ից ավելի հավ եմ պահել, նման բան դեռ չէր գրանցվել»: Զանգել է անասնաբույժին, եկել պատվաստել են ժանտախտի դեմ, բայց հավերին փրկել չի հաջողվել, երկրորդ կանչից հետո անասնաբույժն ինքն է խորհուրդ տվել մորթել՝ քանի դեռ չեն սատկել: «Ասավ, եթե կատարները սեւանում են ու տզաթեւում, մորթեք, էլ պրծում չկա: 60-ն էլ մորթել եմ՝ հարեւանների ու բարեկամների սառնարանները պայթում են, 20-ն էլ բաժանել եմ»,- պատմում է տիկին Սաթիկը:
Ավելի վատ վիճակում է նրա հարեւան տիկին Հայկուշը: Մի օր առավոտյան հավաբուն մտնելով 40 հավերին սատկած է գտել: «Ձուն կար ու կար, առավոտը երեխեքն ուտում՝ դասի էին գնում, կամ էլ ծախում էինք»,- շարունակում է մեկ ուրիշ խնձորուտցի:
Լոռու մարզի Մեծ Պարնիի բնակչուհի Նվարդ Աքուլյանի հավերն էլ են մեկ գիշերում կոտորվել: Նրա կարծիքով, վերջին տարիներին ներկրվող կերն իր մեջ վարակ է պարունակում. «Կամ վագոնները նորմալ չեն մաքրում, եսիմ ինչ կռիս ու կենդանի է վխտում, վարակը թողնում, առաջներում սենց բան չկար, հիմա ջուրն էլ է վարակ պարունակում, եռացնում եմ, հետն էլ շուտ-շուտ փոխում»:
Լոռու մարզի բոլոր համայնքներում էլ հավերի անկման դեպքեր գրանցվել են, սակայն գյուղերում դրանց առանձնակի ուշադրություն չեն դարձրել: «Գյուղում հողից էլ կարող է վարակ առաջանալ, կրծողների դեմ պայքարելու համար դեղ էի շաղ տվել, հավերիցս 3-ը էդ պատճառով սատկեցին»,- ասում է Շահումյան գյուղի բնակչուհի Նարինե Մինասյանը:
Սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության Լոռու մարզային կենտրոնում մարզի տարբեր համայնքներից, նույնիսկ քաղաքային, հավերի անկման դեպքերի մասին ահազանգեր գրանցվել են, սակայն անասնաբույժները դա կապում են ժամանակին հիվանդությունների դեմ պատվաստումներ չկատարելու հետ: «Հիվանդության բռնկում որպես այդպիսին չկա, լաբորատոր մեկ-երկու ստուգումներ ենք անցկացրել, ճիճվակրություն կամ թունավորում է, մասսայական անկման համար ոչ մեկը դեռ չի դիմել»,- պարզաբանում է մարզի գլխավոր անասնաբույժ Համլետ Վիրաբյանը: Հավերի ժանտախտ գրանցվել է անցած տարի Սպիտակի շրջանի Մեծ Պարնի համայնքում:
Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունը բնակիչներից որեւէ ահազանգ չի ստացել: Վարչության մասնագետները խորհուրդ են տալիս խուճապի չմատնվել, քանի որ մնացած բոլոր հիվանդությունները օդակաթիլային ճանապարհով չեն փոխանցվում, վարակիչ չեն, չնայած թռչունները նման հիվանդություններով կարող են վարակվել դրսում գոմաղբն ու թռչնաղբը փորփրելիս: Մարզում 2010 թ. հունվարին գրանցվել է 143 590 թռչուն, իսկ 2011-ի հունվարին՝ 140 380:
Խնձորուտցի տիկին Կարինեն չի հավատում անասնաբույժներին, նա հավերի անկումների դեմ պայքարի եւ իր թռչուններին հիվանդությունից պաշտպանելու իր մեթոդներն ունի՝ փակ տարածք, ամենօրյա ու հետեւողական խնամք: Կարինեն միակը չէ, որ պատվաստումների փոխարեն նախընտրում է կալիումի պերմանգանատ եւ սխտորաջուր: «Ում հավը սրսկել են՝ սատկել ա, հիմա Վարդանլուում հավի ու ձվի կրիզիս ա»,- մտահոգվում է տիկին Լուսյան:
Սյունիքում էլ են հավերը սատկում
Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում էլ են հավեր սատկում: Ժանտախտ հիվանդությունը, բացի Շաղատ, Նորավան, Դարբաս, Մուցք, Վաղատին եւ այլ գյուղերից, տարածվում է նաեւ Սիսիան քաղաքում: Հիվանդությունից տուժած մի քանի սիսիանցիներ «Առավոտին» դժգոհում էին, որ անասնաբույժ-տեսուչները քաղաքի ոչ բոլոր թաղամասերում են եղել ու պատվաստումներ արել, ինչն էլ հավերի անկման պատճառ է հանդիսացել: Շաղատի գյուղապետ Տիգրան Խաչատրյանը «Առավոտին» փոխանցեց, որ գյուղում շուրջ 3000 հավ արդեն ոչնչացվել է, տուժել են գրեթե բոլոր ընտանիքները:
801 բնակիչ ունեցող Վաղատին գյուղը եւս մեծ վնաս է կրել: Գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Հակոբ Գալստյանը «Առավոտին» փոխանցեց, որ մինչեւ դեկտեմբեր ոչնչացվել էր 618 հավ: «Հիվանդությունը մի պահ կանգ առավ, հիմա նորից հավերը սատկում են, մոտ 800 հավ էլ հետո սատկեց, հիմա էլ շարունակում են վերանալ»,- ասաց նա: Հետաքրքրվեցինք՝ հիվանդության տարածումից հետո համապատասխան պատվաստումներ չե՞ն եղել: «Պատվաստումներ եղել են, բայց այն փաստորեն չի օգնել: Չգիտեմ, թե ինչու են շարունակում կոտորվել: Շուկայական գներով մի հավի արժեքը 2500-3000 դրամ է, մարդիկ մեծ կորուստներ են ունեցել: 2010 թվականին մեր գյուղացիները ո՛չ դաշտավարությունից օգուտ ստացան, ո՛չ էլ այգեգործությունից, մարդկանց հույսը էդ թռչուններն էին ու անասունները»,- պատասխանեց նա:
Մուցքի գյուղապետ Դրաստամատ Նավասարդյանն էլ փոխանցեց, որ իրենց գյուղում ոչ մի թռչուն չի մնացել, բոլոր՝ 2800 հավերը հիվանդության պատճառով ոչնչացվել են, գյուղը մոտ 9 մլն դրամի վնաս է կրել: Սննդի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի անասնաբուժական բաժնի գլխավոր մասնագետ Ժեւիկ Սանթրյանը «Առավոտին» վստահեցրեց, որ մասնագետ անասնաբույժները մեկ առ մեկ մտել են բոլոր տները, հաշվառում արել, բայց մարդիկ են եղել, որ չեն ցանկացել պատվաստել: «Վակցինան հետ էինք ուղարկել, բայց որոշ մասը պահել ենք, հիմա շատերը ուզում են սրսկել»: Ժ. Սանթրյանի հավաստմամբ, այն գլխաքանակից, որը պատվաստվել է, անկում չի եղել:
Խոզերի շրջանում տարածված վարակի պատճառով 2010 թվականին Սյունիքում բազմաթիվ անկման դեպքեր են գրանցվել: Ըստ Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության բաժնի պետ Հրայր Հակոբյանի՝ անցած տարի Սիսիանի եւ Կապանի տարածաշրջաններում 172 գլուխ խոզ է սատկել, որսորդներն էլ անտառում սատկած վայրի խոզերի են հանդիպել: Վերջին դեպքը դեկտեմբերին է եղել՝ Արծվանիկ գյուղում, որտեղ աֆրիկյան ժանտախտի պատճառով 35 խոզ է սատկել: Ըստ պատասխանատուների՝ այժմ խիստ հսկողություն է իրականացվում: Սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի անասնաբուժության գլխավոր մասնագետ Արթուր Խաչատրյանի խոսքով՝ այժմ խոզերի շրջանում վարակ չկա, իրավիճակը վերահսկելի է: Լուրեր կային, որ Կապանի տարածաշրջանի Վերին Խոտանան գյուղում խոզ է սատկել: Անասնաբույժը նշում է, որ խոզի տերն ինքն է մորթել եւ դա պայմանավորված չէ վարակի առկայությամբ: Վերին Խոտանան գյուղի բնակիչ Համլետ Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ խոզերից մեկը հնարավոր է կերի հին մնացորդից է թունավորվել, որին մորթել է, իսկ միսն իրենց օգտագործման համար սառնարանում է դրվել: «Իսկ մայր խոզը ծննդաբերելիս՝ 6 ձագից հետո մյուսները չկարողացավ ծնել, դրա համար ստիպված մորթեցինք: Բայց չեմ հասկանում, էս ի՞նչ մեծ աղմուկ ա բարձրացել, 30-35 խոզ ունեի, Նոր տարում էնքան մորթեցի, հիմա 12 խոզ ա մնացել ինձ, էն ժամանակ ինչի՞ չեք ասել՝ ինչի եմ մորթել, որ հիմա եք աղմուկ բարձրացրել»,- ասաց Համլետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել