Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՑՊԱՆՅԱՆԻՆ ՀԱՋՈՂՎԵԼ Է ՄՈՏԵՆԱԼ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ

Հունվար 27,2011 00:00

Երեկ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այցելել է «Վարդաշեն» ՔԿՀ, ուր պահվում է 117 կալանավոր: Նախարարին ուղեկցում էին ՔԿՀ պետ, նախկին միլպետ Հայկ Հարությունյանը, նրա տեղակալ Վարուժան Մելքոնյանը, վարչակազմի աշխատակիցներ:
Ըստ Ֆրանսիայի քաղաքացի, ազատամարտիկ Սարգիս Հացպանյանի, ամեն ինչ արվում էր, որպեսզի ոչ մի կալանավոր չմոտենա նախարարին:
Հացպանյանին հաջողվել է ոչ միայն մոտենալ, այլեւ «թեւանցուկ անել» նախարարին: Հացպանյանի ձեռքին եղել է «կալանավորվածների եւ ձերբակալվածների իրավունքների մասին» օրենքը: Նա նախարարին հայտնել է, որ 4 նամակ է ուղարկել նրան, սակայն իրեն տրվել է 1 «ուղեկցող թերթիկ»: Հայկ Հարությունյանը փորձել է կանխել խոսակցությունը. «Ինչեր ես ասում, այ տղա» արտահայտությամբ: Կալանավորը նախարարի մոտ խնդրել է ՔԿՀ-ի պետին առաջնորդվել օրենքով եւ իրեն դիմել հարգալից՝ ազգանունով: Ս.Հացպանյանն ասել է, որ 80-ից ավելի կալանավորներ սպասում են իրենց վաղաժամկետ ազատմանը, որ ամեն վայրկյան ոտնահարվում են իրենց իրավունքները: Նախարարը խոստացել է կատարված քայլերի մասին տեղեկացնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել