Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀԱՐԳԻՐ ՔՈ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ»

Հունվար 27,2011 00:00

Ազատականացումը քաոս է նոտարիատի համար

\"\"
Քննարկման ժամանակ:

\"\"
Ահա այսպիսի տեղեկանքներն են մերժվում:

Հայաստանի նոտարների եւ փաստաբանների ջուրը մի առվով չի գնում: Որ դա այդպես է, հաստատվեց վերջին շրջանում փաստաբանների առանձին հրապարակային կարծիքներով, որը, կարծիքից բացի, պարունակում էր պիտակավորումներ եւ վիրավորանքներ: Երկու օր առաջ նոտարների հրավիրած քննարկումը նրանք սկսեցին ՀՀ նոտարական էթիկայի կանոնների մեջբերմամբ. «Հարգիր քո նախարարությունը, պետական իշխանության մարմիններին, իրավական համակարգի քո գործընկերներին: Իրավաբան-գործընկերներին վերաբերվիր հարգանքով, վստահությամբ եւ բարյացակամության ոգով»: Ըստ «Առավոտի» զրուցակից նոտարների էլ, այս սկզբունքն է, որ թույլ չի տվել, որպեսզի իրենք վեճերի մեջ մտնեն փաստաբանների, իրավական ոլորտի ներկայացուցիչների հետ:
ՀՀ նոտարական պալատի նախագահ Ալվարդ Մելքոնյանի դիտարկմամբ՝ «Դա առաջին հարձակումը չէ նոտարների վրա: Նոտարները, որքան էլ լավագույնս են սպասարկում քաղաքացիներին, սակայն մեր գործընկեր-փաստաբանները մեր դեմ պայքարում են եւ շարունակում են պայքարել: Գնալով՝ պայքարի ձեւերն ավելի վատ տեսք են ստանում, էթիկայի կանոններից դուրս են գալիս: Նոտարական համակարգը համեմատվում է Կաֆկայի «Դղյակը» վիպակում նկարագրած քաոսի հետ, իբր մեր համակարգը անգրագետների հավաքածու է: Մեր նոտարները հանձնել են քննություններ եւ օրենքի իմացության համար են նշանակվել այդ դժվարին աշխատանքին: Ինչ վերաբերում է փաստաբանների դժգոհություններին, նրանք դժգոհում են իրենց ներկայացրած գործարքները չվավերացնելու համար»:
Թե ինչո՞ւ չեն վավերացվում այդ գործարքները, նոտարները դրա պատասխանն էլ ունեն. «Դրանք հիմնականում վերաբերում են անգործունակ կամ պակաս գործունակ մարդկանց կողմից կատարվող գործարքներին եւ ապացույցների ապահովմանը, որոնք գտնվում են դատարանի վարույթում: Ի դեպ, օրենքով արգելվում է դատարանի վարույթում գտնվող գործարքներով ապացույցների ապահովումը, իսկ գործարքների ձեռքբերելը փաստաբանների համար մեծ առավելություն է դատական նիստերն իրենց ուղղությամբ տանելու համար: Մանավանդ որ, նրանք շահագրգիռ կողմ են»: Նոտարներից մեկը, որին փաստաբանը մեղադրել էր օրեր առաջ կտակ չվավերացնելու համար, ասաց, որ այցելել է տարեց-անգործունակ անձի տուն եւ համոզվել, որ նա լրիվ անգործունակ է եւ չի հասկանում իր գործողությունների իմաստը: Նոտարներն իրենց հետ բերել էին տասնյակ տեղեկանքներ, որոնք կազմվել էին փաստաբանների կողմից. «Դրանք շատ հաճախ անգրագետ են եւ ստիպված ենք լինում շտկել եւ իրավաբանական օգնություն ցույց տալ քաղաքացիներին», հավելեցին նրանք:
ՀՀ նոտարական պալատի նախագահ Ալվարդ Մելքոնյանը նոտարիատի ազատականացման հետ կապված հայտնեց իրենց դիրքորոշումը. «Գտնում ենք, որ եթե ընտրել ենք լատինական ուղղության համակարգ, նշանակում է, որ պետք է բացառվի ազատականացումը: Ազատականացումը քաոս է նոտարիատի համար: Եթե նոտարը չունի համապատասխան միջոցներ, որպեսզի կարողանա պահել իր գրասենյակը, ապա անցնում է այլ միջոցների: Ազատականացման ժամանակ նոտարներ են եղել, որոնք շահարկել են նոտարի կնիքը, մի քանի գործարքներ են կատարել, գրասենյակը փակել, փախել են: Այդպիսի համակարգը ընդունելի չի մեզ համար»:
Նոտարիատը կատարում է մեր քաղաքացիների սեփականության իրավունքի ձեռքբերման, հաստատման, կայացման գործընթաց, քաղաքացիական իրավունքի բնագավառում նոտարի դերը բավականին մեծ է, չի կարելի նրա կատարած աշխատանքը պարսավել: Փաստաբանների գնահատմամբ՝ «Նոտարը փողերը դնում է իր գրպանը»: «Պետք է ասել, որ դա գռեհիկ եւ էթիկայից զուրկ արտահայտություն է, որովհետեւ նոտարն աշխատում է օրենքով նախատեսված սակագնով: Բոլորիս հայտնի է, որ փաստաբանները հաստատագրված սակագներ չունեն, եւ քաղաքացիներից գանձում են՝ ինչքան ուզեն: Միամիտ քաղաքացիների հետ կնքում են պայմանագրեր, ժամանակի վրա, արհեստականորեն ձգձգում գործի լսումը ու հայտնվում նույն այն դղյակում, որը վերագրել են մեզ»,- ասում էին նոտարները։ Նրանք հայտնեցին, որ իրենք խորհրդատվություն են իրականացնում անվճար, այն դեպքում, երբ կան փաստաբաններ, որ 1 ժամվա խորհրդատվության համար որոշակի գումարներ են պահանջում:
Ի դեպ, անցյալ տարվա տվյալներով, որեւէ նոտար փաստաթղթերը կեղծելու կամ իր դիրքը չարաշահելու համար քրեական հետապնդման չի ենթարկվել, մինչդեռ, անցյալ տարի եղան փաստաբաններ (որոնց գործերին անդրադարձել է նաեւ «Առավոտը»), որոնք դատապարտվել են չարաշահումների համար:
Փաստաբանները ցանկանում են, որպեսզի նոտարների որոշակի գործառույթները կատարեն իրենք (դա նույնն է, ինչ հաղորդավարն իրեն համարի լրագրող- Ռ. Մ.)։ «Լատինական համակարգին անցնելու առավելությունը սկսվում է դատական վիճակագրությանը հետեւելիս: Տեսեք, թե ինչքան փաստաբաններ են կեղծիքի, խարդախության համար մեղադրվում, եւ ինչքան՝ նոտար: Մենք 100-ից ավելի կեղծ փաստաթղթեր ենք հայտնաբերել մեկ տարվա մեջ եւ ներկայացրել գլխավոր նոտար Մարիամ Գաբոյանին: Դրանք առնչվել են արտերկիր գնալու, գրավ դնելու, անշարժ գույք ձեռք բերելու, կրթության, ծննդյան վկայականների հետ»,- նշեց Ա. Մելքոնյանը: Նոտարներին փորձում են «համոզել», թե Գերմանիայում, ուր լատինական համակարգն է գործում, փաստաբանները նոտարներ են. «Պետք է ասել, որ Գերմանիայի մի քանի տարածքներում է այդպես: Ընդհանրապես, նոտարներն են իրականացնում իրենց վերապահված նոտարական գործողությունները»,- ասաց քննարկմանը ներկաներից մեկը: Նոտարները տեղեկացրին, որ օրենքում կլինեն փոփոխություններ:
Մի առանձին վեճ էլ ծավալվել է նոտարական գրասենյակներում ՀԴՄ-ներ տեղադրելու հետ: Այս կապակցությամբ Լատինական նոտարիատի միջազգային միության նախագահ Էդուարդո Գալլինոն նամակ է ուղարկել ՀՀ նոտարական պալատի նախագահ Ալվարդ Մելքոնյանին, հիշեցնելով իրենց սկզբունքները որդեգրած անդամ-պետությանը, որ. «Այս վճարման եղանակը չի օգտագործվում որեւէ երկրում: Նախաձեռնությունը չի համապատասխանում Հանրային ծառայողի պաշտոնին եւ էթիկային: ՀԴՄ-ներով վճարման համակարգի գործածումը մեխանիկորեն հանգեցնում է առեւտրային մեթոդի ընդունման, ինչը չի համապատասխանում ինչպես նոտարների բնույթին, այնպես էլ այն պարտականություններին, որոնք հանդիսանում են պետության լիազոր ներկայացուցիչները, եւ որոնք պետք է գիտակցեն իրենց պաշտոնն ու պետք է միեւնույն ժամանակ այնպես անեն, որ դա գիտակցեն իրենց հաճախորդները»: Դեռ անցյալ տարվա նոյեմբերի վերջին ուղարկած իր նամակում պարոն Գալլինոն խնդրում է. «Տիկին Ա. Մելքոնյան, խնդրում եմ՝ բարի լինել հանգստացնել ինձ, հայտնել, որ Հայաստանում նոտարական ծառայությունների վճարման եղանակները կտարբերվեն այն եղանակներից, որոնք նախատեսված էին, որոնք կհամապատասխանեն միջազգային ստանդարտներին»: Ի դեպ. Ա. Մելքոնյանը պալատի դեկտեմբերի 24-ի ժողովի անունից դիմել է ՀՀ նախագահի աշխատակազմի էքս-ղեկավար Կարեն Կարապետյանին, ԱԺ-ին, արդարադատության եւ ֆինանսների նախարարներին, տեղեկացնելով, որ նոտարական ծառայության ոլորտը վերահսկելի է, որ նոտարական բոլոր գործողությունները գրանցվում են գրանցամատյաններում, տրվում են հարկային մարմինների եւ ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված անդորրագրեր:
Նոտարներն ահազանգում են, որ ՀԴՄ-ների կիրառման մասին օրենքի ընդունմամբ նոտարական ծառայությունը կարող է հավասարվել մանրածախ առեւտրի ոլորտին: Ամենամեծ անհարմարությունը ստեղծվելու է նոտարական գործողության կատարման համար տրվող ՀԴՄ կտրոնի գանձված գումարի միջեւ եղած տարբերությունից, որովհետեւ բոլոր նոտարական գործողությունների համար գանձվում է տուրք եւ ծառայության վճար, իսկ ամեն անգամ քաղաքացու մոտ տպավորություն է ստեղծվելու, թե նոտարը յուրացում կատարեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել