Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քաշքշուկներ, հերթեր ու ուշաթափություններ

Հունվար 27,2011 00:00

Պատճառը կառավարության՝ նպաստառուների փաստագրման կարգում կատարած փոփոխություններն են:

Երկու օր է՝ Գյումրիի անձնագրային բաժնում տեղեկանք վերցնելու համար այնպիսի հերթեր են գոյանում, որոնք հիշեցնում են մութ ու ցուրտ տարիները: Իսկ հերթ կանգնողների մեծ մասը տարեցներ են, միայնակ ծերեր, աչքերի լույսից կամ ոտքերից զրկված մարդիկ, որոնցից շատերը, չդիմանալով՝ անգամ ուշաթափվում են: Ականատեսներից մեկը մեզ պատմեց, որ նախորդ օրը ստիպված են եղել շտապօգնություն կանչել մի տարեց մարդու համար, նրա պրոթեզավորված ատամներն էլ, որոնք կորել էին հերթի ժամանակ, փնտրել են, որ նոր գտել են: Նպաստառուների կարծիքով, իրենց ստորացնելու այլ ձեւ չկա, քան այսպիսի չտրամաբանված որոշումներ ընդունելն ու իրենց փողոցից փողոց գցելը: Բանն այն է, որ վերջերս՝ 2010 թ. դեկտեմբերի 23-ին կառավարության ընդունած 1763N որոշման համաձայն, նպաստառուների հերթացուցակում հաշվառվելու համար բնակիչներն այսուհետեւ իրենց բնակության վայրի մասին սոցիալական ծառայություններին տեղեկանք պետք է ներկայացնեն ոչ թե ԲՇՏ-ներից, այլ անձնագրային բաժնից: Իսկ ամենազավեշտալին այն է, որ, ըստ նոր որոշման, նպաստառուն պարտավորվում է տեղեկանք ներկայացնել նաեւ անասնաբուժական ծառայությունից. սոցապի աշխատակիցներին համոզելու, որ ինքը բազմաբնակարան շենքի 4-րդ կամ 5-րդ հարկում կով, հավ կամ ջայլամ չի պահում, այսինքն՝ անասնապահությամբ լրացուցիչ եկամուտ չի ստանում: Այսինքն՝ ստացվում է, որ ձեռնափայտով հաշմանդամը, փող ծախսելով, անձնագրային բաժնից պիտի հասնի քաղաքի մյուս ծայրամասը՝ անասնաբուժական ծառայություն, այստեղ էլ ժամերով հերթ կանգնի, մինչեւ կարողանա ձեռք բերել անհրաժեշտ փաստաթուղթը: Հերթում կանգնած քաղաքացիներից շատերը մեզ հետ զրույցում զարմանք էին հայտնում, թե բազմաբնակարան շենքում ինչպես կարելի է կով պահել: «Էդ որոշումն ընդունողները գետինը թող մտնեն, քնելու տեղ անգամ չունենք, մի կատու անգամ չենք կարող պահել տան մկներին վերացնելու համար, էդ կովին կամ հավին որտե՞ղ պահենք: Տեսնես էս երկրում ղեկավար կա՞, թե՞ չէ, լավ է միանգամից ասեն՝ գնա մեռի, քան թե հերթ կանգնեցնելով մեռցնեն: Գնացել եմ, հարցնում են՝ կով, ոչխար պահու՞մ եք, կռավատս դնելու տեղ չկա, աղջիկ ջան, անհարմար չէ՞, էդ մինիստրը ինչ որոշումներ է ընդունում, խայտառակություն է»,- բորբոքվել էր 1-ին կարգի հաշմանդամներից մեկը: Մեկ այլ զրուցակից էլ միամտաբար պատմում էր, թե ինչպես են անձնագրային բաժնից իրեն խորհուրդ տվել գնալ անասնաբուժարան ու այնտեղից գրություն բերել այն մասին, որ «դուք կվարտիրայի մեջ անասուն չեք պահում»: «Եթե էն ժամանակ մի տեղից էինք տեղեկանք վերցնում՝ բնակվարչությունից, հիմի պիտի 3-4 տեղ ընկնենք, էս տարիքներիս վազքի մրցույթ են հանել՝ միլիցայությունից անասնաբուժարան, անասնաբուժարանից սոցապ, կհասնի էլ, թե՝ չէ, էդ էլ հարց է, մենակ թե չլչլոց ստեղծեն»,-դժգոհում էր տարիներ առաջ քաղաքային սոցապբաժնում աշխատած կանանցից մեկը: Երեկ հերթը փոքր-ինչ նվազել էր, քանի որ անձնագրային բաժնում վերջացել էին համապատասխան տեղեկանքների ձեւերը, այսինքն՝ ծեր հաշմանդամները, որոնցից շատերը տնից դուրս են գալիս այլ մարդկանց ուղեկցությամբ, վաղը նույն հարցով նորից են ներկայանալու անձնագրային բաժին:
Գյումրի-2 սոցիալական ծառայության ղեկավար Էդուարդ Բաղրամյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ են այսպես բարդացրել նպաստառուների վիճակը, ի՞նչ միտում ունեն այդ փոփոխությունները: «Քաղաքացիների դժգոհությունը հիմնականում կապված է նախկինում իրենց բերած տեղեկանքների եւ ներկայիս ունեցած փաստացի վիճակի տարբերությամբ: Ինչո՞ւ, որովհետեւ նախկին օրենքով ասվում էր, որ ընտանեկան նպաստի համակարգ հաշվառվելու համար քաղաքացին տեղեկանք պիտի ներկայացնի իր փաստացի բնակության վայրից, թեպետ հաշվի չառնելով, թե իր անձնագրային տվյալները ինչպիսին են, նա որտեղ է հաշվառված եւ ինչ գրանցումներ ունի: Նոր օրենքը փաստորեն ասում է, որ տեղեկանքները տրամադրվում են անձնագրային բաժինների կողմից, որտեղ շատ հստակ երեւում է տվյալ հասցեում, իր փաստացի բնակության վայրում հաշվառված ամբողջ ընտանիքի կազմը, այսինքն՝ էստեղ արդեն բացառվում է, դուրս է գալիս բացակա անձանց խնդիրը, որը նախկինում շատերի մոտ կար: Օրենքի նպատակը ավելի շատ հասցեականությունը բարձրացնելն է, որը, կարծում եմ, իր արդյունքները կունենա»,- ասաց Է. Բաղրամյանը: Հարցրինք, թե ի՞նչ կապ ունի անասնագլխաքանակի մասին անասնաբուժական ծառայությունից տեղեկանք ներկայացնելը, եթե մարդն ապրում է քաղաքում՝ բազմաբնակարան շենքում: «Միգուցե քաղաքացիներից շատերի կողմից ընդունելի չէ, բայց անհրաժեշտ է մեզ համար, քանի որ շատերի կողմից թե հողամաս, թե անասնագլխաքանակ ունենալու խնդիրն է թաքցված եղել: Թեեւ Գյումրին մի շարք համայնքներից բնական է՝ տարբերվում է, բայց եղել են դեպքեր, դեռեւս 2007-ին ստուգումների արդյունքում պարզվել է, որ կան ընտանիքներ, որոնք զբաղվել են անասնագործությամբ: Իսկ 4-րդ հարկում բնակվել կամ հաշվառում ունենալը դեռ չի նշանակում, որ նա չի կարող չզբաղվել այդ գործով եւ, վերջիվերջո, անասուն ունենալ՝ չի նշանակում պահել 4-րդ հարկում, նա կարող է առանձնացված տեղ ունենալ»,- ասաց պարոն Բաղրամյանը: Ի դեպ, պարզվում է, կառավարությունը դեռ մի բան էլ մեծ լավություն է արել նպաստառուներին, եթե նախկինում 1 կով ունեցողը զրկվում էր նպաստից, ապա այժմ 1 կովը, 1 խոզամայրը, 1 ջայլամը, 4 ոչխարը կամ այծը, 36 հավը կամ 37 սագն ու բադը, 18 հնդկահավը կամ 13 մեղվաընտանիքը չեն խանգարում ընտանեկան նպաստ ստանալուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել