Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԻՎԱՆԴԻ ԲՈՒԺՄԱՆ ԳԻՆԸ «ԲԱՐԻՇԵԼՈՒ» ՎՐԱ ՉԻ ԼԻՆԻ

Հունվար 27,2011 00:00

Այս տարի բոլոր հիվանդանոցներում կոնկրետ հիվանդության բուժման համար կոնկրետ գին է լինելու

Շուտով, առողջապահության նախարարության որոշմամբ, մեր քաղաքացիները հիվանդանոցներում սպասարկվելու են համավճարով: Ինչպես հայտնի է, 2010-ին այդ ծրագիրը փորձնական ներդրվել էր «Արաբկիր» բուժկենտրոնում եւ գործում էր երեխաների համար: Հիմա արդեն համավճար վճարելու են մեծերը: Այս մասին Ծաղկաձորում կազմակերպված սեմինարի ժամանակ առողջապահության նախարարության մասնագետները վստահեցնում էին, որ արդեն բժիշկ-հիվանդ շուկայական հարաբերությունները կվերանան: Նախարարության առողջապահական գործակալության (ՊԱԳ) պետ Արա Տեր-Գրիգորյանի խոսքերով՝ «Այսօր հիվանդանոցներում իսկական շուկա է, բժիշկների հետ գին են «բարիշում», իսկ համավճարի ներդրման դեպքում արդեն հիվանդը հստակ կիմանա, թե որքան է վճարելու: Ամեն դռան հետեւում իրենից փող չեն ուզի, ինչպես հիմա է: Գոյություն ունի հստակ գնացուցակ, որով առաջնորդվելու են: Բացի այդ, նախկինում մարդը հարցուփորձ էր անում, թե որտե՞ղ են, ասենք, կույրաղին էժան վիրահատում, որ այնտեղ գնար, իսկ հիմա նույն գինն է գործելու, ու սա բերելու է հիվանդանոցների միջեւ մրցակցության բարձրացմանը, հետեւաբար՝ նաեւ ծառայությունների որակի լավացմանը»:
Նշենք, որ երեխաների համար կիրառվող համավճարից «բախտ» ենք ունեցել օգտվելու: «Արաբկիր» բժշկական կենտրոնում, ճիշտ է, պայմանագրով վճարված 30 հազար դրամից բացի, որեւէ այլ գումար չուզեցին, բայց խնդիրը միայն բերանով ուզելը չէ: Սանիտարկայից սկսած՝ այնպիսի մուննաթ-զունաթ էր լինում հիվանդ երեխաների ծնողների վրա, որ մարդիկ ստիպված էին լինում խալաթի գրպանը օրական 500-1000 դրամ դնել, քան ամբողջ օրը երեսը պնդելով՝ նրանց մուննաթը տանել: «Առավոտի» այս դիտարկմանն ի պատասխան՝ պարոն Տեր-Գրիգորյանն ասաց. «Ես հասկանում եւ ընդունում եմ, փող ուզելը մի բան է, մռութ ցույց տալն էլ ուրիշ խնդիր է: Կա նման բան հիվանդանոցներում, չեմ ժխտում, բայց թող մարդիկ չտան՝ նրանք կսովորեն չվերցնելուն: Եվ հետո, համավճարի ներդրման արդյունքում հիվանդանոցներում պետք է ամեն ինչ անեն, որ հաճախորդ ունենան, պետք է լավ սպասարկեն, որ մարդը հենց իրե՛նց մոտ գնա: Իսկ եթե մեկ-երկու հոգի մռութ ցույց տա, լավ մենեջմենթ ունենալու դեպքում հիվանդանոցի տնօրինությունը կազատվի նման աշխատողներից: Հիմա հիվանդի համար ընտրություն կա»:
 Նշենք, որ մինչ
 համավճարի ներդրումը, նախարարության մասնագետները մանրամասն հաշվարկել են, թե ինչ են ակնկալում ստանալ դրա արդյունքում: Մոտավոր հաշվարկներով՝ նախատեսվում է հանրապետության բուժհիմնարկներից հավաքել 2,5 մլրդ դրամի համավճար: Ընդ որում, հավանաբար այս գումարը կստանան ամենահամեստ հաշվարկներով, որովհետեւ միայն «Արաբկիրում» ամսական միջին մուտքը կազմել է 15-16 մլն դրամ՝ 30 հազար դրամ համավճարի պարագայում:
Իսկ որպեսզի պարզ լինի, թե մեծերի համավճար ասվածը ինչ կարգի գումար է իրենից ենթադրում, նշենք, որ այն մարզերի համար միջինը 50 հազար դրամ է, Երեւանի համար՝ 80 հազար դրամ, նեղ մասնագիտականը՝ 120 հազար դրամ: Շուտով ավելի կոնկրետ հիվանդությունների բուժման, վիրահատության համար գնացուցակը կհրապարակվի, բայց լրագրողները խնդրեցին մոտավորապես հաշվել, թե ինչ կարժենա, ասենք, գինեկոլոգիական խնդրի համավճարը: Ըստ որոշված գնացուցակի, մարզում այն կկազմի մոտ 85 հազար դրամ, Երեւանում՝ կրկնակի:
Ինչ վերաբերում է երեխաներին, այս տարի որոշվել է ներդնել պետական հավաստագրի համակարգը, ըստ որի, 0-7 տարեկան երեխաների հիվանդանոցային բուժօգնությունը, բժշկի նշանակմամբ անհրաժեշտ դեղերով ապահովումը, անկախ նրանց սոցիալական վիճակից, նորից պետք է լինի անվճար: Նախարարությունը պետբյուջեից 3,13 մլրդ դրամ լրացուցիչ ֆինանսական հատկացում է ստացել, որը թույլ է տվել մինչեւ 7 տարեկան երեխաների բուժումն ապահովել անվճար: 7-18 տարեկան երեխաների դեպքում անվճար կսպասարկվեն միայն սոցիալապես անապահովներն ու հատուկ խմբերում ընդգրկված երեխաները: Պետպատվերը նաեւ տարածվում է մինչեւ 18 տարեկան երեխաների՝ անհետաձգելի բուժօգնության վրա: Մնացած դեպքերում մարդիկ ստիպված են համավճար վճարել: Մոր եւ մանկան առողջության պահպանման բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Ավագյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ հաճախ մարդիկ լսում են, որ անվճար է, բայց չեն իմանում՝ կոնկրետ ինչը, չգիտեն՝ այդ հիվանդությունը անհետաձգելի հիվանդությունների ցանկում մտա՞ծ է, թե՞ ոչ: «Զանգում են նախարարության «թեժ գծի» հեռախոսահամարով ու բողոքում, թե երեխայիս տարա կույրաղին վիրահատելու՝ գումար պահանջեցին, երբ հարցնում ենք՝ երեխան քանի՞ տարեկան է, ասում են՝ 25: Մինչեւ 18 տարեկանների համար իսկապես անվճար է, բայց 18-ից բարձրերն արդեն երեխաներ չեն ու պետք է վճարեն»,-ասաց նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել