Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դեպի բարձր տեխնոլոգիաներ՝ փոքրիկ քայլերով

Հունվար 27,2011 00:00

\"\"Հայաստանի կառավարությունը մի քանի տարի շարունակ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը հռչակում է գերակա ուղղություն եւ այդ ոլորտում հաջողություններ գրանցելու համար քայլեր անում: Թե որքանով են այդ քայլերը լուրջ եւ հաջող՝ ցույց կտա ժամանակը: Գուցե իսկապես կգա այն օրը, որ Գյումրին կդառնա մեր կառավարության երազած միջազգային բիզնես կենտրոնը՝ հեքիաթային «նանո-քաղաք»՝ իր բազմաչարչար «տեխնոպարկով», գրեթե «Մատրիցա-5», սակայն մինչ այդպիսի 7D ֆորմատի երազների իրականություն դառնալը՝ արվում են ավելի իրատեսական փոքր քայլեր, ընդ որում, արվում են՝ անկախ կառավարության հռչակագրերից:
Երեկ նման փոքրիկ քայլերից մեկն էր՝ Երեւանում բացվեց ընդամենը 8 աշխատակից ունեցող մի ընկերություն, որը զբաղվում է բջջային հեռախոսների ծրագրերի մշակմամբ: Երկու տարվա աշխատանքային պատմություն, սակայն մեծ հեռանկարներ եւ հավակնություններ ունեցող նիդերլանդական Holland9 ընկերությունը մեզ մոտ բացել է իր մասնաճյուղը, քանի որ, ինչպես իր խոսքում նշեց այդ ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Ջորիկ Բրեմերը, Հայաստանում բիզնես միջավայրը IT ոլորտի համար բավական լավն է, եւ այդ ոլորտի հայ մասնագետները լուրջ պրոֆեսիոնալներ են:
Ընկերության նորամուտի շնորհանդեսը կայացավ անգլերենով, քանի որ ներկա էին օտարերկրյա հյուրեր: Այս փաստին ընդդիմանալու մի քանի անհաջող փորձեր արեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վահե Դանիելյանը, ով իր խոսքը սկսեց հայերենով, ապա, տեսնելով, որ թարգմանիչ չկա, եւ ամեն դեպքում անհարմար դրության մեջ են հայտնվում հյուրերը, մի քանի անգամ ինքն իրեն թարգմանեց եւ ի վերջո անցավ անգլերենին: Պարոն փոխնախարարի խոսքում Հայաստանի IT ոլորտը ներկայանում էր, մեր տպավորությամբ, մի քիչ ավելի լավատեսական, քան իրականում է: Շնորհանդեսից հետո պարոն Դանիելյանը մեր այս դիտարկմանը ի պատասխան ասաց. «Լավատեսականի հարց չկա, ցանկացած հաջողության պարագայում պետք է ուրախ լինենք, ես իսկապես ուրախ եմ, որովհետեւ լավատես թե վատատես լինենք երկրի ապագայի հանդեպ, ունենք փաստ՝ ընկերություն է եկել, որը գնահատել է հայկական մասնագետների կարողությունը, բիզնես միջավայրը: Դա մի փոքր վերապահումով եմ ասում, որովհետեւ Հայաստանը այդ առումով դեռեւս առաջին քսանյակի մեջ չի, բայց ամենավերջերում էլ չի, առաջին 50-ի մեջ է: Մենք հռչակելով ՏՏ ոլորտը առաջնահերթ՝ հավակնություններ ունենք, որ մի քանի տարում պիտի այնպես զարգանա այս ոլորտը, որ զբաղվի ոչ միայն միջազգային կառույցներին ծառայություններ մատուցելով, այլեւ սեփական արտադրանք ունենա, եւ ահա արդեն դա էլ շուտով կունենանք»: «Շուտովը» կոնկրետացնելու մեր խնդրանքին փոխնախարարը տվեց հետեւյալ պատասխանը. «Դա կա մեր հայեցակարգում, ունենք թիրախ, ունենք ընկերություններ եւ ջանում ենք ամեն ինչ անել դրա համար, եւ հավատացեք, որ այստեղ թվերը չեն կարեւոր, այլ ջանքերն ու ուղղությունը, որովհետեւ դժվար է գնահատել, թե ինչ կարող է այս հարափոփոխ աշխարհում տեղի ունենալ, բայց փորձում ենք մեր առջեւ դրված խնդիրները կատարել: Մի քանի տարի առաջ մենք բջջային կապի օգտագործմամբ, բջջային լուծումների առումով շատ հետ էինք, բայց այսօր Հայաստանն առաջիններից մեկն է բջջային կապի օգտագործմամբ: Կա ակնհայտ զարգացում ինտերնետի օգտագործման առումով, ինտերնետի գներն են շեշտակիորեն իջել… միտումները հուսադրող են: Եվ հիմա, չնայած բոլոր խնդիրներին, մեզ մոտ են գալիս եւ ներդրումներ են անում ընկերություններ, որոնք հաջորդ սերնդի գործեր են անում: Եվ ամենակարեւորը, որ կարծես թե մենք՝ նախարարությունը, որեւէ ձեւով չենք մասնակցել այս գործին, ընկերությունն ինքն է եկել եւ այստեղ գտել իր աշխատակիցներին ու հիմնադրվել: Եվ դա լավ ցուցանիշ է, մենք դրան ենք ձգտում, որ ամեն ընկերության բացվելը մեզ հետ չկապվի, մենք զբաղվենք ենթակառուցվածքային խնդիրներով, իսկ բիզնեսն ինքնուրույն աճի եւ զարգանա, մենք էլ գանք եւ ժապավեններ կտրենք եւ ուրախանանք: Սակայն դրա համար հենց այդ ենթակառուցվածքներն են անհրաժեշտ, որ ստեղծվի համապատասխան բիզնես-միջավայր, եւ ընկերություններն առանց խնդիրների աշխատեն»: Այս առումով նկատեցինք, որ ընկերությունները գալիս են, բայց հետո են կանգնում խոչընդոտների եւ փաստերի առաջ՝ հարկային, մաքսային եւ այլ խնդիրներ են առաջանում, նախարարությունը պատրա՞ստ է օգնելու ներդրողներին: «Անշուշտ, լինելու են խնդիրներ, եւ մեր գործը պետք է լինի այդ խնդիրների լուծումը, դրանցով զբաղվելը: Եվ մենք անում ենք այդ ամենը: Նախարարությունը ոչ ուղղակիորեն, այլ միջնորդավորված ձեւով, իր ենթակայության ներքո ստեղծված կառույցների՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Զարգացման գործակալության եւ Ազգային մրցունակության հիմնադրամի միջոցով անում է ամեն ինչ՝ այդ խոչընդոտները հաղթահարելու համար: Բիզնես-միջավայրը այս ոլորտի համար պետք է հենք լինի, եւ այդ առումով մենք աշխատում ենք հարկային-մաքսային եւ եւս 10-12 մարմինների ու ոլորտների հետ: Պետությունը, ճիշտ է, պետք է թիրախային աշխատանք տանի, սակայն նրա արած գործի առյուծի բաժինը պետք է լինի ընդհանուր միջավայրի ստեղծումը, որ մնացածը ինքն իրեն աշխատի: Բայց նաեւ ասեմ, որ հատկապես ՏՏ ոլորտի պարագայում մենք չենք թողնում, որ գործը հասնի լուրջ խնդիրներին, որ հետո օգնենք ներդրողներին: Դրանք բարձր տեխնոլոգիաների եւ բարձր ռիսկայնության ընկերություններ են, եւ դա նշանակում է, որ նրանց պետք է բամբակի մեջ պահել: Եվ ասեմ նաեւ, որ այս ոլորտի համար տարին չորս անգամ կազմակերպվող «առանց փողկապի» հանդիպումների ժամանակ քննարկումներին մասնակցում են նաեւ ՊԵԿ-ի մասնագետներ, եւ առարկայական ու լուրջ քննարկումներ եւ խորհրդատվություններ են լինում»:
Holland9-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Գոռ Ամիրխանյանի խոսքերով՝ ներկայումս իրենք աշխատում են ոչ միայն հոլանդական հաճախորդների համար, այլեւ համագործակցում են Հայաստանում ամերիկյան համալսարանի հետ: Ընկերությունը մտադիր է մինչեւ տարեվերջ Հայաստանում աշխատակիցների թիվը հասցնել 15-ի. «Մենք նաեւ մեր սեփական արտադրանքն ենք ունենալու, որը, իհարկե, նաեւ Հայաստանում կվաճառենք, բայց հիմնականում՝ դրսում, որովհետեւ Հայաստանում բջջային հեռախոսների ծրագրերի դաշտը լավ զարգացած չէ եւ պահանջարկ չկա: Մենք հիմնականում զբաղվում ենք բջջային հեռախոսների ծրագրերի մշակմամբ՝ անդրոիդ եւ բադո օպերացիոն համակարգերի վրա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել