Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԵՆԱՇՆՈ՞ՐՀՆ Է ԹԱՆԿԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ

Հունվար 27,2011 00:00

\"\"Բեռնափոխադրման ծառայության թանկացման պատճառները՝ խոշոր բեռնափոխադրողի բնորոշմամբ

«Մաքսային օրենսգրքով սահմանված մաքսատուրքի եւ մաքսային վճարների դրույքաչափերի փոփոխություններ չեն եղել, դրանք պայմանավորված են բեռնափոխադրող ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների արժեքի փոփոխությամբ»,- տեղեկացնում են կառավարությունից տոնավաճառների բոլոր աշխատակիցներին, ովքեր արդեն մի քանի օր գերատեսչությունից գերատեսչություն են գնում՝ պահանջելով նվազեցնել մաքսակետերում վերջերս սահմանված բարձր մաքսատուրքերը: Վերջին օրերին բեռնափոխադրող ընկերության ծառայության գները բարձրացան կրկնակի՝ $3,8-4-ից դառնալով $8:
«Յունիտրանս» ընկերության գործադիր տնօրեն Կարինե Գեւորգյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ իրենք գները սահմանում են ամբողջական մեքենայի համար՝ կոնտեյների եւ ոչ թե 1 կիլոգրամ բեռի դիմաց. «Իսկ մեր ընկերությունում նույնիսկ կոնտեյների դիմաց գները չեն փոփոխվել»: Խոշոր բեռնափոխադրումներ իրականացնող «Ապավեն» ընկերության փոխտնօրեն Գագիկ Աղաջանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ միջազգային բեռնափոխադրում կատարող ընկերությունները տարիֆային փոփոխություններ չեն իրականացրել. «Խոսքը վերաբերում է միայն ու միայն Թուրքիայից տեղափոխվող հավաքովի բեռներին: Ծառայությունների գները բարձրացրել են այն բեռնափոխադրող կազմակերպությունները, որոնց աշխատանքը սկսվում է բեռների հավաքագրումից, դրանք Հայաստան փոխադրելուց: Այս ընկերություններն են կատարում նաեւ մաքսային ձեւակերպումները, մաքսազերծումը, հետո էլ մաքսազերծված բեռները հանձնում են ապրանքների տերերին»: Պարոն Աղաջանյանը բեռնափոխադրումների նման ձեւն անընդունելի է համարում: Նրա կարծիքով, սխալ է, երբ ֆիզիկական անձը իր բեռը գցում է բեռնափոխադրողի վրա. «Ամբողջ խնդիրն այն է, որ ֆիզիկական անձը Թուրքիայում իր ապրանքը գնում է, հետո հանձնում բեռնափոխադրում իրականացնող ընկերությանը, վերջինս էլ, իր պարտականություններից բացի, կատարում է նաեւ ֆիզիկական անձի պարտավորությունները՝ մաքսային ձեւակերպումներ, մաքսազերծում եւ այլն: Ֆիզիկական անձը, որը բեռը գնել է, թող բարի լինի իր անունով էլ բերել, հայտարարագրել ու Հայաստանի գործող օրենքների համաձայն էլ մաքսազերծել: Դե կներեք, ֆիզիկական անձը բոլոր ծախսերը թողնում է կազմակերպության վրա, նա էլ սկսում է եղանակ թելադրել»: Պարոն Աղաջանյանի խոսքով, պատահական չէ, որ հենց Թուրքիայից Հայաստան՝ բեռնափոխադրողներն են ծառայության գները բարձրացրել. «Պատկերացրեք մի ավտոտրանսպորտային միջոց, որը ստանդարտներով առաջնորդվելով՝ 20 տոննա բեռ է բերում Հայաստան: Բոլորս էլ հասկանում ենք, որ այն Թուրքիայից Հայաստան ուղղակի չի կարող ձեւակերպվել, եւ գնում է կրկնակի փաստաթղթերի պատրաստում, Վրաստանը շատ լավ գիտի, որ Թուրքիայից դուրս եկած բեռն իրականում Հայաստանի վրա չի ձեւակերպվել»: «Ապավենի» փոխտնօրենի խոսքով. «Եթե մի քանի բեռնափոխադրող այսօր կարողանում է պայմաններ թելադրել, ապա դա չի տարածվում ամբողջ բեռնափոխադրող ընկերությունների վրա: Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ ոչ մի թանկացում մեր կողմից չի եղել, եւ քաղաքակիրթ ճանապարհով բեռնափոխադրում իրականացնելու դեպքում էլ նման հարցեր չեն առաջանում»:
Պարոն Աղաջանյանին զարմացրել է այն, որ անցած տարիներին էլ ֆիզիկական անձը, ինչպես հիմա, բոլոր ծախսերը թողնում էր բեռնափոխադրողի վրա. «Բայց, չգիտես ինչու, միայն վերջերս թանկացումները սկսվեցին: Հնարավոր է՝ ճանապարհին առաջանում են խնդիրներ, գուցե հավելյալ ծախսեր, եւ բեռնափոխադրող մեկ կամ երկու կազմակերպություն էլ նման դեպքերում, չգիտեմ ինչից դրդված, միգուցե մենաշնորհային դիրք ունենալուց, միգուցե մաքսազերծման պահանջներից կամ Վրաստանում խիստ կանոններից ելնելով՝ ծառայության գին են բարձրացնում»: Բեռնափոխադրող ընկերությունների գործունեությունը որոշակիորեն վերահսկում է տրանսպորտի եւ կապի նախարարությունը: «Առավոտին» նախարարությունից խոստացան տեղեկատվություն տրամադրել առաջիկայում: Փաստորեն, ծառայությունների գները բարձրացել են առանց նախարարի իմացությա՞ն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել