Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ԿԱՏԱՐԵԼ «Ա1+»-Ի ԳՈՐԾՈՎ ՄԻԵԴ ՎՃԻՌԸ

Հունվար 27,2011 00:00

ԵԽԽՎ-ն երեկ քննարկեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վերաբերյալ զեկույցը, որը հեղինակել է ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Խրիստոս Պուրգուրիդեսը: Ընդունված բանաձեւի 4-րդ կետում Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը հիշատակվում են այն պետությունների շարքում, որոնք չեն կատարում ՄԻԵԴ վճիռները, եւ որոնց համար առաջնային է դիտվում այս կապակցությամբ առկա խնդիրների լուծումը: Զեկուցողի բացատրական հուշագրում նշված է, թե մինչ այս կապակցությամբ հաջորդ զեկույցի նախապատրաստումը՝ թերեւս հարկ լինի այցելել այդ երկրներից մի քանիսը:
Բացատրական հուշագրի 177-րդ կետում առանձին անդրադարձ է արված մեր երկրին: Նշված է, թե Հայաստանում երկու կարեւոր հարցեր են մտահոգության առարկա՝ բանտային պայմանները եւ խոսքի ազատությունը. «Ինչ վերաբերում է վերջինիս՝ չկա իրական առաջընթաց «Մելտեքս» ՍՊԸ-ն եւ Մեսրոպ Մովսեսյանն ընդդեմ Հայաստանի» վճռի կատարման առումով: Վեհաժողովը հատկապես մտահոգիչ է համարում, որ ԵԽ նախարարների կոմիտեն այս գործի վերաբերյալ իր վերջին որոշմամբ (Մարդու իրավունքների 1092-րդ հանդիպում, սեպտեմբեր 2010) ստիպված էր հիշեցնել, որ պատասխանող պետությունները պարտավոր են ժամանակին տրամադրել տեղեկատվություն՝ դատարանի վճիռների կատարման զարգացումների վերաբերյալ»: Եվ մանրամասնած է, որ ՀՀ իշխանություններին առաջարկվել էր ԵԽ նախարարների կոմիտեին տրամադրել տեղեկատվություն արված օրենսդրական եւ այլ կանոնակարգումների, ինչպես նաեւ ընթացող մրցութային գործընթացների վերաբերյալ:
Դրանց վերաբերյալ ԵԽԽՎ-ում իր ելույթում երեկ տեղեկատվություն հաղորդեց «Ժառանգության» պատվիրակ Զարուհի Փոստանջյանը, որը թվարկելով խոսքի ազատության մի շարք ոտնահարումներ՝ նշեց նաեւ, որ «Ա1+»-ի իրավունքներն այդպես էլ չվերականգնվեցին մրցույթում, եւ արտոնագիր չստացան նաեւ ԱԼՄ եւ «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել