Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչեւ մարտի 1

Հունվար 27,2011 00:00

Նախկին քաղբանտարկյալ Դավիթ Մաթեւոսյանի կարծիքով՝ այդ ժամկետում շատ քաղբանտարկյալներ արդեն ազատ կլինեն:

«Սկսած Աշոտ Մանուկյանի՝ «պայմանական-վաղաժամկետ» ձեւակերպմամբ ազատ արձակումից՝ մեզ համար այլեւս պարզ է, որ իշխանությունը որդեգրել է մի իրավական ճանապարհ՝ «պայմանական-վաղաժամկետ», որով հնարավոր է քաղբանտարկյալների ազատ արձակումը»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց նախկին քաղբանտարկյալ, ՀԱԿ անդամ Դավիթ Մաթեւոսյանը: ԵԽԽՎ-ի կողմից Հայաստանի իշխանություններին տրված պարտավորությունների կատարման հերթական ժամկետը լրանում է մարտի 1-ին, եւ մեր զրուցակիցը վստահ է, որ մինչեւ մարտի 1-ը, իհարկե, որոշակի ճնշումների ազդեցության տակ, այդ թվում նաեւ ԵԽԽՎ մարդու իրավունքների հանձնակատարի կողմից գործադրված, որոշ քաղբանտարկյալներ էլ արդեն ազատ կարձակվեն: Չորս քաղբանտարկյալներ արդեն ազատ են արձակվել «պայմանական-վաղաժամկետ» ձեւակերպմամբ, եւ մեր զրուցակիցը գտնում է, որ իշխանությունը գնում է հենց այս ճանապարհով եւ, հավանաբար, փորձում է ԵԽ-ին եւ մյուս ժողովրդավարական ինստիտուտներին բացատրել, որ միակ հնարավոր ձեւը սա է: Այն, որ ԵԽԽՎ մարդու իրավունքների հանձնակատարը չօգտագործեց «քաղբանտարկյալ» տերմինը, նախկին քաղբանտարկյալին չի վրդովեցնում: Ավելին, ԵԽԽՎ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի այցն, ըստ նրա, արդեն խոսուն է եւ նշանակում է, որ Հայաստանում մարդու իրավունքները ոտնահարված են իշխանությունների կողմից: Միաժամանակ՝ «Ես ձեզ վստահեցնում եմ, որ որեւէ պաշտոնյա երբեք չի օգտագործի մի տերմին, որի իրավական ձեւակերպումը գոյություն չունի: Բայց եթե նա սահմանված կարգով եւ սահմանված ժամկետներում հանդես գա զեկույցով, վստահ եմ, որ բավականին արժանահավատ զեկույց կլինի: Դա նրա միակ գործիքն է, այլ լիազորություններ նա չունի»,- ասում է Դավիթ Մաթեւոսյանը:
Մեր զրուցակիցը կիսում է դիտարկումը, որ ինչքան էլ մարդու իրավունքների պաշտպանության գծով տարբեր չինովնիկներ են այցելում Հայաստան, միջազգային տարբեր հեղինակավոր կազմակերպություններում բացասական գնահատականներ են տալիս մեր երկրում մարդու իրավունքների ոլորտում առկա իրավիճակին եւ բազում թթու խոսքեր են հնչեցվում իշխանությունների մասին, մեր իրականության մեջ այդ ամենից ոչինչ չի փոխվում: «Գուցե կրկնվում եմ, բայց այդ գնահատականները, որոնք ամեն տարի տեղ են գտնում տարբեր միջազգային զեկույցներում, նաեւ՝ ոչ պաշտոնական կազմակերպությունների, գործող իշխանությունները դրանց վրա «թքած ունեն»: Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը կարող է դառնալ իրական միայն ժողովրդավարական իշխանափոխությունից հետո, ազատ ընտրություններում ձեւավորված ժողովրդի իշխանության պայմաններում: Մի երկրում, որտեղ գործող իշխանությունը զուրկ է պատասխանատվությունից եւ իշխանությունն օգտագործում է իր կորպորատիվ շահը սպասարկելու նպատակով, չի կարող գերագույն արժեք հանդիսացող մարդը պաշտպանված լինել իրավունքներով, ինչքան էլ որ Սահմանադրությունում կարեւոր տեղ զբաղեցնի»,- վստահ է մեր զրուցակիցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել