Այս պատկերը կրկնվում է արդեն 10 տարի, ինչ Հայաստանն ու Ադրբեջանն անդամակցում են Եվրոպայի խորհրդին:
Նաիրան ու Գանիրան:
ԵԽԽՎ-ն հունվարի 25-ի երեկոյան քննարկում էր Ֆրանսիայի պատվիրակ Ժան-Կլոդ Մինյոնի զեկույցը՝ Եվրոպայի խորհրդի բարեփոխման մասին: Քննարկմանը մասնակցեց նաեւ Հայաստանի պատվիրակ Նաիրա Զոհրաբյանը, որի ելույթը գերազանցապես ԵԽ-ում անհրաժեշտ բարեփոխումների մասին էր. «Մեր կառույցը միշտ չէ, որ ժամանակին եւ համարժեք է արձագանքում առկա մարտահրավերներին: Մենք բոլորս ուզում ենք կարեւորագույն այս կառույցը տեսնել իր գործունեության մեջ առավել արդյունավետ, Եվրոպայի քաղաքացիների կարիքներին առավել հարմարեցված, իր քաղաքական կշռով առավել ազդեցիկ: Ազդեցիկ՝ ԵԽ անդամ բոլոր պետությունների համար, այլ ոչ միայն այն երկրների, որոնք գտնվում են մոնիտորինգի տակ»: Բարեփոխումների անհրաժեշտությունը հիմնավորեց նաեւ այսպես. «Երբ կարեւորագույն այս կառույցը համարժեք չի արձագանքում, օրինակ, Ադրբեջանում սահմանադրական խայտառակ փոփոխություններին, որոնք երկիրը վերածել են միջնադարյան խանության՝ ես ցավում եմ, որ ստիպված ենք լինում արձանագրել երկակի չափանիշների հերթական կիրառում»:
Ողջ ելույթից այս մի նախադասությանն անմիջապես հակահարված տվեց Ադրբեջանի պատվիրակ Գանիրա Փաշաեւան, որն իր ելույթում հայտարարեց, թե հայ պատվիրակը ոչ կոռեկտ պնդումներ է արել Ադրբեջանի մասին: Մինչդեռ իրենց սահմանադրական փոփոխությունները լիովին համապատասխանում էին ԵԽ-ի հանձնարարականներին եւ միտված էին ամրապնդել Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանությունը: Գանիրա Փաշաեւան էլ խոսեց ԵԽ-ում բարեփոխումների անհրաժեշտության մասին, բայց գերազանցապես հետեւյալ համատեքստում, թե Եվրոպայի խորհուրդը պետք է ավելի լավ վերահսկի իր որոշումների կատարումը. «Հայաստանը գրավել է Ադրբեջանի 20%-ը եւ պատճառ դարձել, որ 1 մլն ադրբեջանցիներ դառնան ներքին տեղահանվածներ: Եվրոպայի խորհուրդը չի արել ոչինչ: Սա այն օրինակն է, որ պետք է անենք ավելին՝ ապահովելու մեր որոշումների կատարումը: 1416 բանաձեւի համաձայն՝ Հայաստանը պետք է դուրս գա ադրբեջանական տարածքներից եւ ներքին տեղահանվածներին պետք է թույլատրի վերադառնալ իրենց բնակավայրերը: Դա դեռ չի պատահել»:
Նույն փաստարկը քիչ անց կրկնեց նաեւ Ադրբեջանի պատվիրակ Ռաֆայել Հուսեյնովը, թե զեկույցներն ու բանաձեւերը, որոնց մշակման համար ԵԽԽՎ-ն այդքան ջանք, ինտելեկտ եւ էներգիա է ծախսում՝ չեն ունենում իրենց ցանկալի շարունակությունը. «Միջազգային կազմակերպության հեղինակությունն ապահովելու ամենամեծ գործոնը նրա որոշումների կիրառման անվիճարկելիությունն է: Թույլ տվեք մի օրինակ նշել՝ 2005 թվականի հունվարի 25-ին ԵԽԽՎ-ն ընդունեց 1416 բանաձեւը Լեռնային Ղարաբաղի եւ հայկական օկուպացիայի, նաեւ այդ բանաձեւի իրականացմանը հետեւող ժամանակավոր հանձնաժողովի ձեւավորման մասին: Այնուամենայնիվ, Հայաստանը, որը պարբերաբար խախտել է ԵԽ պահանջներն այս կազմակերպությանն անդամակցության ընթացքում եւ Եվրոպայի խորհրդի ու ՄԱԿ-ի կողմից պաշտոնապես հայտարարվել ագրեսոր՝ խոչընդոտում է վերոնշյալ հանձնաժողովի գործունեությանը»:
Նույն պատկերն էր նաեւ երեկ կեսօրին, երբ ԵԽԽՎ-ն քննարկում էր Խորվաթիայի պատվիրակ Միլջենկո Դորիքի զեկույցը՝ «ԵԽ անդամ պետությունների պարտավորությունը՝ համագործակցելու պատերազմի հանցագործությունների քրեական հետապնդման հարցում»: Էլի ելույթ ունեցավ Նաիրա Զոհրաբյանը եւ զեկույցին վերաբերող դիտարկումների շարքում նշեց նաեւ հետեւյալը. «Համաձայն եմ զեկուցողի հետ, որ «անպատժելիության բացը» լուրջ խնդիր է, քանզի չպատժված հանցագործությունը նոր հանցագործություններ է ծնում: Եվ մենք այստեղ քննարկում ենք մի խնդիր, որը, ցավոք, դեռ երկար ժամանակ արդիական է լինելու: Եվ հասկանում եմ, որ զեկուցողը ցանկանում է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այս լրջագույն խնդրի վրա: Այո, ցանկացած հանցագործություն պիտի պատժվի, եւ յուրաքանչյուր հանցագործ պիտի ստանա իր արժանի պատիժը: Սակայն ես ուզում եմ հարց ուղղել Վեհաժողովի իմ գործընկերներին. չնայած հենց այս ամբիոնից հայկական պատվիրակությունը բազմիցս հնչեցրել է կոնկրետ փաստեր՝ Ադրբեջանում հայերի հանդեպ տեղի ունեցած ջարդերի, սպանությունների վերաբերյալ, ինչո՞ւ միջազգային հանրությունը մինչ օրս այդպես էլ տեղի ունեցածին համարժեք գնահատական չի տվել: Հենց նույն այդ «անպատժելիության բացն» էր պատճառը, որ Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի, Մարաղայի ողբերգությունների կազմակերպիչները դառնում են Ադրբեջանի ազգային հերոսներ, քանզի այդ երկրում հայատյացությունը համարժեք է հերոսության: Երբ Բուդապեշտում խաղաղ քնած հայ սպային կացնահարած ադրբեջանցուն իր երկրում հռչակում են ազգային հերոս՝ դա նույն «անպատժելիության բացի» հետեւանք է: Եվ երբ այսօր Ադրբեջանի քաղաքական էլիտան սպառնում է պատերազմով՝ երեւի մոռանալով նույն այդ պատերազմի արդյունքն իր համար, սա եւս միջազգային հանրության լռության հետեւանք է: Ուստի, հարգելի գործընկերներ, նշանակություն չունի՝ նմանօրինակ հանցագործությունները տեղի են ունեցել նախկին Հարավսլավիայի տարածքո՞ւմ, Ադրբեջանո՞ւմ՝ հայերի հանդեպ, թե՞ մի որեւէ այլ տեղ: Հանցագործների հանդեպ մեր վերաբերմունքը պիտի լինի համարժեք: Որովհետեւ, այո, չպատժված հանցագործությունը անպայմանորեն նոր հանցագործություն է ծնելու»:
Եվ էլի ելույթ ունեցավ Գանիրա Փաշաեւան ու հայտարարեց, թե Նաիրա Զոհրաբյանն իր երկրին մեղադրում է պատերազմական հանցագործություններ կատարելու մեջ. «Սա բացարձակ սուտ է. եւ չկան ապացույցներ»: Շարունակությունն էլի ադրբեջանական տարածքներ ներխուժելու, 1 մլն տեղահանվածների մասին էր: Սակայն այս անգամ նա հավելեց մի նոր նրբերանգ՝ պնդելով, թե ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը լավ գիտի այդ իրավիճակի մասին: Գանիրա Փաշաեւան ելույթում զգայացունց պատկերներ նկարագրեց՝ խոշտանգված, «ու նույնիսկ գանգամաշկը հանված» մարդիկ, որոնք չեն կարողանում հասնել արդարության. «Ադրբեջանը դիմել էր Ինտերպոլին, բայց պատասխան չեղավ, եւ անշուշտ՝ նաեւ պատիժ պատերազմի հանցագործների համար»: Եվ կոչ արեց, որ, ինչպես նախկին Հարավսլավիայում արվեց, նման մի հետաքննություն էլ արվի «Ադրբեջանի դեմ Հայաստանի իրականացրած պատերազմական հանցագործությունների կապակցությամբ»:
Հ. Գ. Վերոնկարագրյալն էլի ամբողջական չէ: Երեկ ուշ երեկոյան ԵԽԽՎ-ն քննարկեց Վրաստանի պատվիրակ Դավիթ Դարչիաշվիլիի զեկույցը փախստականների եւ միգրանտների հանձնման եւ արտաքսման դեպքում նրանց հասցվող վնասը կանխարգելելու վերաբերյալ: Եվ կրկին ելույթ ունեցավ Նաիրա Զոհրաբյանը, ու նրանից հետո՝ Ռաֆայել Հուսեյնովը: Նրանց ելույթներից որոշ մանրամասներ՝ վաղվա համարում: