Էդուարդ Շարմազանովի կարծիքը Թուրքիայի մասին
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը, ինչպես եւ այդ երկրի արտաքին գործերի նախարարը, հերթական անգամ առիթը բաց չթողեցին խոսելու Ցեղասպանության եւ 20 տոկոսի մասին իրենց համար շահեկան տեսանկյունից՝ աղավաղելով պատմական փաստերը: Բնականաբար, այս ամենը չէր կարող անարձագանք մնալ հայաստանյան քաղաքական դաշտում, եւ արձագանքները չուշացան: ՀՀԿ խմբակցության քարտուղար, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ մեզ հետ զրույցում ասաց, թե Թուրքիայի ներկայիս ղեկավարությունն իրեն հիշեցնում է ֆրանսիական բուրբոններին, որոնք ոչինչ չէին մոռացել, բայց ոչինչ էլ չէին սովորել. «Թուրքերը շարունակում են իրենց հեքիաթը «օկուպացված» 20% տարածքների մասին, ինչն արդեն հոգնեցրել է միջազգային հանրությանը: Թուրքիան հաստատ իրավունք չունի խոսելու այդ թեմայով: Դա մի երկիր է, որը Ցեղասպանություն իրականացնելու միջոցով տիրացել է հայկական պատմական հողերին, Ցեղասպանության եւ բռնազավթման միջոցով տիրացել պատմական պոնտական տարածքներին, այսինքն՝ երկու ժողովուրդների է հայրենազրկել: Պաշտոնական Անկարան այսօր փակ է պահում Եվրոպայի միակ փակ սահմանը: Եվրամիություն ձգտող միակ պետությունն է, որ բլոկադայի է ենթարկում իր հարեւանին: Թուրքիայի ֆինանսական եւ ռազմական օժանդակության արդյունքում Ադրբեջանը օկուպացրեց հայկական տարածքները Շահումյանում, Գետաշենում, Մարտունաշենում եւ Մարտակերտի հյուսիսում: Աշխարհը պետք է բացահայտի Թուրքիայի իրական դեմքը, քանի որ նա իրավունք անգամ չունի խոսելու այդ թեմայով»: Ըստ պատգամավորի, Թուրքիան շարունակ խոսում է այդ թեմաների շուրջ, քանի որ իր արյան մեջ կա հստակ ընդգծված հայկական եւ հունական բարդույթներից, եւ հայկական բարդույթը այդ երկրին հանգիստ չի տա այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան չի հաղթահարել դա եւ չի հայտարարի, որ, այո, իրականացրել է Ցեղասպանություն եւ պարտավոր է պատասխան տալ պատմության առաջ: Մեր հարցին՝ իսկ ի՞նչ պետք է անի միջազգային հանրությունը, ի՞նչ է նշանակում՝ «ճիշտ գնահատական տալ», պարոն Շարմազանովը պատասխանեց, ասելով. «Պետք է տարաբնույթ ճնշումներ լինեն, դիվանագիտական տարբեր խողովակներով, իսկ մեր երկիրը բոլոր առիթները պետք է օգտագործի եւ օգտագործում է՝ միջազգային տարբեր ամբիոններից խոսելու ղարաբաղյան հարցի լուծման իր համար ընդունելի ճանապարհների մասին, եւ այս իմաստով ՀՀ նախագահի ելույթները Կիպրոսում շատ հստակ եւ ամբողջական էին: Չեմ բացառում, որ հենց այդ ելույթներից ազդված էին Թուրքիայի ղեկավարները այդ հարցերի մասին խոսում»:
Երեկ նույն թեմաների շուրջ խոսել է նաեւ հանրապետական մեկ այլ պատգամավոր՝ ԱԺ ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Ըստ պատգամավորի, անգամ այժմ պասիվ փուլում գտնվող հայ-թուրքական հարաբերությունների հարցն արժանի է, որպեսզի տրվեն գնահատականներ, քանի որ. «Վերոհիշյալ գործընթացի արդյունքում Հայաստանին հաջողվեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանավեճը տեղափոխել Թուրքիա: Հարց, որը տասնամյակներ մեզ չէր հաջողվում իրականացնել, եւ որի համար Հրանտ Դինքը կորցրեց իր կյանքը, այսօր արդեն թուրքական իշխանության ամենաբարձր օղակներում բանավեճ է ծավալում՝ ոչ թե միայն իբրեւ փաստ, այլեւ դատապարտելու առումով: Այլ կերպ ասած, առաջին ու գրեթե ամենակարեւոր խնդիրը, որ նշմարվում է հայ-թուրքական հաշտեցման գործընթացից, այն է, որ թուրքական հասարակության մեջ Ցեղասպանության քննարկումը, կասեցնելը այլեւս կլինի անհնարին»:
Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի ելույթը մեկնաբանելով՝ պատգամավորը նշեց, որ Թուրքիան փաստորեն «հերթական անգամ դիմեց արդեն իսկ վարկաբեկված նախապայմանին՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կլինի միայն նրանից հետո, երբ Հայաստանը «կազատի Ադրբեջանի տարածքները»:
Իսկ Հայաստանը, Գագիկ Մինասյանի համոզմամբ, կարողացավ «միջազգային հանրությանը ներկայացնել, որ տարածաշրջանային զարգացումների առումով հայկական կողմի ընկալումները կաղապարված չեն, եւ որ Հայաստանը բաց է քննարկումների համար՝ առանց որեւէ նախապայմանների նորմալ հարաբերություններ ստեղծել Թուրքիայի հետ: Եվ Հայաստանի ամենամեծ ձեռքբերումը հենց այն է, որ այս մոտեցումը ընկալելի է բոլորի համար՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ այլն»: