Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱՐՆԱՆԸ՝ «ՀԵՇՏՈՑԻ ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

Հունվար 26,2011 00:00

Այն չի՞ հակասում բարոյա-էթիկական վարքի նորմերին

\"\"

Կանանց ռեսուրսային կենտրոնը պատրաստվում է հայ հանդիսականի դատին հանձնել «Հեշտոցի մենախոսությունները» (The Vagina Monologues) թատերական ներկայացումը: Այդ մասին կենտրոնը մի քանի օր է, ինչ հաղորդագրություններ էր տարածում Facebook սոցիալական ցանցում, ինչպես նաեւ հայտարարություն է զետեղել www.womenofarmenia.org կայքում: Համաձայն այդ հաղորդագրության, այս տարի առաջին անգամ հայերեն կբեմադրվի «Հեշտոցի մենախոսությունները» թատերական ներկայացումը, որի առանցքում կանանց կյանքն է, խնդիրները, ապրումները, նրանց ապրած բռնությունները: Հաղորդագրության մեջ ասվում է նաեւ, որ վերոնշյալ թատերական ներկայացման համար կկատարվի մենախոսների ընտրություն: Ի դեպ, անհրաժեշտ չէ փորձառու մենախոս կամ դերասան լինելը:

Կապվելով Կանանց ռեսուրսային կենտրոնի հետ, փորձեցինք պարզել ներկայացման ասելիքն ու նպատակը, հեղինակին: Հեռախոսազրույցի ժամանակ կենտրոնի աշխատակցուհին, ով զբաղվում է այս ներկայացման բեմականացման հարցերով, չցանկացավ ներկայանալ, եւ խնդրեց զրույցի ժամանակ օգտագործել իր կեղծ անունը՝ Մարալ: Ինչն էլ՝ լրագրողական էթիկայի նորմերից ելնելով, պահպանել ենք: Թատերական նախագծի հեղինակը մեզ հայտնեց, որ մի քանի ամիս է, ինչ ինքը աշխատում է Կանանց ռեսուրսային կենտրոնում՝ որպես կամավոր: Մասնագիտությամբ արվեստագետ է:

Խոսելով թատերական նախագծի մասին, նա ասաց, որ «Հեշտոցի մենախոսություններ» պիեսի հեղինակը ամերիկացի Իվ Էնցլերն է: Զրուցակիցս նաեւ նշեց, որ Էնցլերի այս պիեսը բեմադրվել է աշխարհի տարբեր մասերում եւ մոռացավ ասել, որ այն մեծ աղմուկ է հանել, ինչն էլ մենք ենք հավելում: Հայաստանում այն առաջին անգամ կբեմադրվի: Ըստ զրուցակցիս, արդեն ընտրվել են ներկայացման դերակատարները: Ըստ նրա՝ ցանկացողների թիվը սակավ է եղել: Թեեւ դա բեմադրության իրագործող հեղինակին ամենեւին չի անհանգստացնում: Վերջինս նշում է, որ ցանկացողների սակավությունը իրենց համար միանգամայն սպասելի է եղել:

Նշենք, որ «Հեշտոցի մենախոսություններ» ներկայացումը առաջին անգամ բեմադրվել է 1996 թ.-ին՝ Նյու Յորքում: Ի դեպ, ըստ համացանցի տեղեկությունների, բոլոր մենախոսությունները սկզբնական շրջանում ներկայացրել է հենց ինքը՝ դրամատուրգ, դերասանուհի, ֆեմինիստական շարժման ակտիվիստ Իվ Էնցլերը:

Հարցազրույցներից մեկում աղմկահարույց այս թատերական գործի հեղինակը պատմել է, որ պիեսը գրելիս օգտվել է տարբեր սեռական կողմնորոշում, ազգության եւ խավի պատկանող կանանց եւ աղջիկների հետ ունեցած իր զրույցներից, որի ժամանակ առաջարկել է խոսել «բաց» թեմաներով: Նրանք էլ սիրով համաձայնել են: Նրանց զրույցների առանցքը եղել է հեշտոցը, բռնաբարությունը, դաշտանը եւ այլն:

«Հեշտոցի մենախոսություններ» պիեսը թարգմանվել է ավելի քան 50 լեզվով եւ բեմադրվել շուրջ 140 երկրում: Հավելենք, որ Իվ Էնցլերի պիեսում հանդես են եկել նաեւ պրոֆեսիոնալ դերսանուհիներ, ինչպիսիք են Մերիլ Սթրիփը, Նաոմի Քեմփբլը, Նիկոլ Քիդմանը, Բրուք Շիլդսը եւ այլք:

Բայց եւ այնպես, այս թատերական նախագիծը բազմիցս արժանացել է սուր քննադատությունների: Հեղինակին անվանել են տղամարդատյաց կին, սակայն նաեւ չեն մոռացել շռայլել տարբեր գրական մրցանակներ:

Կանանց ռեսուրսային կենտրոնի աշխատակցուհին «Առավոտին» հայտնեց նաեւ, որ Իվ Էնցլերի 15 մենախոսություններից թարգմանել են միայն երեքը: Մեր զրուցակից Մարալը հայտնեց, որ հայտարարված քասթինգին մասնակցողներից մեկը պրոֆեսիոնալ դերասանուհի է, որի անունը դեռ չցանկացավ բարձրաձայնել: Մտավախություն ուներ, որ, գուցե, դերասանուհին չի ցանկանում իր անունը լայն հանրության մեջ խոսակցության թեմա դառնա:

Զրուցակիցս ընդգծեց, որ յուրաքանչյուր մասնակից կին այդ մենախոսությունների մեջ, հնարավոր է, իրեն հոգեհարազատ բան գտնի: Հիմնական մասնակիցներն արդեն որոշված են: Բեմականացման հեղինակը համոզված է, որ մասնակցելով թատերական այս նախագծին, հայ կանայք իրենց ավելի վստահ կզգան, ինչպես նաեւ կձերբազատվեն բարդույթներից: Ցանկություն են հայտնել ընդամենը 6 հոգի:

Մեր դիտարկմանն էլ՝ արդյո՞ք հայ կանայք, այն էլ ոչ պրոֆեսիոնալ դերասաններ, պատրաստ են «բաց» ամերիկուհու մենախոսություններով հանդիսականի հետ բեմից խոսել եւ արդյո՞ք բեմադրիչին չի վախեցնում քննադատությունը, զրուցակիցս հետեւյալ պատասխանը տվեց. «Եթե ցանկություն են հայտնել մասնակացել ներկայացմանը, եկել են փորձելու իրենց, ուրեմն պատրաստ են եւ չունեն բարդույթներ: Ինչ վերաբերում է քննադատությանը, ապա այն չի վախեցնում: Թող խոսեն…»:

Նա նաեւ հավելեց, որ եթե ներկայացումը հաջողություն ունենա, ապա այն կցուցադրվի նաեւ Վրաստանում: Ներկայացման հստակ օրը եւ տեղը Երեւանում զրուցակիցս դժվարացավ նշել, միայն ասաց, որ այն պատրաստ կլինի գարնանը, գուցե՝ կանանց տոնին մոտ:

Հարցիս էլ՝ նախագծի մասնակիցն երը արդյո՞ք կվարձատրվեն՝ Կանանց ռեսուրսային կենտրոնի աշխատակցուհին բացասական պատասխան տվեց. «Ոչ, չեն վարձատրվի: Մասնակիցները կամավորներ են»:

Հավելենք նաեւ, որ նմանատիպ նախագիծ, ինչպես տեղեկացնում է https://piter.indymedia.org/ru/ node/6013 կայքը, իրականացվել է նաեւ 2005թ.՝ Մոսկվայում, Մեյերհոլդի կենտրոնում, այն մեծ հաջողություն է ունեցել, իսկ, օրինակ, 2009 թ. Սանկտ Պետերբուրգում խստիվ արգելել են «Հեշտոցի մենախոսություններ» ներկայացման գովազդը՝ փաստելով, որ այն հակասում է բարոյա-էթիկական վարքի նորմերին: Բանն այն է, որ գովազդային վահանակի վրա պատկերված է եղել աղջնակ՝ ձեռքերի անշնորհք ծալվածքով:

Հայկական գովազդային վահանակներ առայժմ դրսում չկան, ինտերնետում հայտարարության հետ տեղադրվածն էլ՝ ավելի քան համեստ է. ընդամենը մի շրթներկ է պատկերված, որն իր կարմիր հետքով «խրված» է ներկայացման լատինատառ անվան մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել