Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը դեռ միավորներ կվաստակի

Հունվար 26,2011 00:00

Մարտի 26-ին Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում «B» խմբի առաջատար Ռուսաստանի ընտրանուն հյուրընկալելու նախապատրաստվող ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի սկզբներին ուսումնամարզական հավաք է սկսելու Կիպրոսում, որի ընթացքում փետրվարի 9-ին ընկերական հանդիպում է ունենալու Վրաստանի ընտրանու հետ: Դա պատասխանատու պաշտոնական խաղից առաջ մեր թիմի միակ ստուգողական խաղն է լինելու:

Քանի որ Հայաստան-Ռուսաստան հանդիպման հետաքրքրությունն անասելի մեծ է հայ ֆուտբոլասերների շրջանում, օրերս մեր ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հայտարարել է, թե հավաքին եւ Վրաստանի հետ հանդիպմանը մեր թիմը ներկայանալու է հավաքականի թեկնածու ֆուտբոլիստների առավելագույն մարտական կազմով, ինչը հնարավորություն կտա մարտի 26-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում խաղադաշտ մտցնել ընտրանու ուժեղագույն կազմ:

Հայաստանի հետ հանդիպմանը նույն կերպ է վերաբերվում նաեւ Վրաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Թեմուրի Կեցբայան: Ավելին, նա արդեն հրապարակել է Կիպրոս հրավիրված 21 ֆուտբոլիստների անունները:

Ինչ վերաբերում է Հայաստան-Ռուսաստան բուն հանդիպմանը, խմբում մեր մյուս մրցակից թիմի՝ Սլովակիայի, որին մեր ընտրանին հոկտեմբերին հաղթեց 3:1 հաշվով, հավաքականի եւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Յան Դյուրիցան չի բացառում, որ Ռուսաստանը երեւանյան խաղում կարող է միավոր կորցնել: «Մեր խումբը հետաքրքիր է նրանով, որ չկան գրանդ թիմեր: Եվ Հայաստանը դեռ էլի միավորներ կվաստակի: Խմբում պայքարը խոստանում է շարունակվել մինչեւ վերջին տուր»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է «Սովետսկի սպորտը»:

Դյուրիցայի խոսքերը հաստատել է նաեւ Ռուսաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» նախկին պաշտպան Եգոր Տիտովը: Նա armsport.am-ի թղթակցին տված բացառիկ հարցազրույցում արտահայտել է հետեւյալ կարծիքը. «Կհաղթեն «տնային» թիմերը, այսինքն՝ հայերը՝ Երեւանում, մերոնք՝ Մոսկվայում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել