Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի կենտրոնական տանը երեկ կայացան Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի 71-րդ առաջնության յոթերորդ տուրի հանդիպումները, որից հետո չեմպիոնության համար պայքարն ավելի սրվեց:
Ինչպես նշել էինք նախորդ համարներում, ընդհանուր պայքարին հիմնական տոն տվողները երիտասարդներն են, նրանք, ովքեր «առանց քաշվելու» թեկուզ մի քանի տարով իրենցից մեծերին արդեն նեղում են՝ հասկացնելով, որ արդեն դաշտում մեկ ոտնաչափ տեղն այսուհետեւ հենց այնպես չի տրվելու:
Տղամարդկանց առաջնության հետաձգման պատճառ դարձած Զավեն Անդրիասյանը գործնականորեն ապացուցում է, որ ֆեդերացիայի կայացրած վճիռն անտեղի չէր: Երեկ նա սպիտակներով պարտության մատնեց մարզաձեւի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանին եւ վաստակած միավորներով (4,5) մասնակից դարձավ լավագույն քառյակի ձեւավորմանը:
Առայժմ հաշվենկատ, բայց կայուն է հանդես գալիս հանրապետության գործող չեմպիոն՝ Երեւանը ներկայացնող գավառցի Ավետիք Գրիգորյանը: Նա խաղացած յոթ տուրում տարել է ընդամենը մեկ հաղթանակ (2-րդ տուրում՝ Ռոբերտ Հովհաննիսյանի նկատմամբ), մնացած պարտիաներն ավարտել է ոչ-ոքի ու կես միավորի տարբերությամբ դարանակալել հինգերորդ հորիզոնականում: Այսպես ենթադրում ենք: Բայց արդյոք Ավետիքն ի վիճակի՞ է կատարել իր հաղթական ցատկը եւ պահպանել հանրապետության չեմպիոնի կոչումը: Պատասխանը կստանանք առաջնության ավարտին:
Իսկ այսօր խաղատախտակների առջեւ պայքարը շարունակելու են Տիգրան Լ. Պետրոսյան-Արտաշես Մինասյան, Տիգրան Քոթանջյան-Արա Մինասյան, Ավետիք Գրիգորյան-Դավիթ Պետրոսյան, Ռոբերտ Հովհաննիսյան-Աշոտ Անաստասյան, Արման Փաշիկյան-Սամվել Տեր Սահակյան, Զավեն Անդրիասյան-Հրանտ Մելքումյան զույգերը: