Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՉ ԹԵ ՆԱԴՅԱՅԻ, ԱՅԼ ՈՐՈՇՄԱՆ ԴԵՄ

Հունվար 26,2011 00:00

Ըստ «Ա1+»-ի, եթե մշակույթի նախարարությունը շարունակի անտեսել հայկական էստրադայի մի խումբ երգիչ-երգչուհիների պահանջը, ապա նրանք անձամբ կհանդիպեն վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ՝ խնդրելով վերանայել նախարարության որոշումը:

Ըստ այդ որոշման՝ Էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջը պետք է լուծարվի եւ միավորվի երգչուհի Նադեժդա Սարգսյանի ղեկավարած Մշակույթի պետական քոլեջի հետ, քանի որ երկուսն էլ գտնվում են նույն շենքում: Էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջն այդ շենք է տեղափոխվել Երիտասարդական պալատը քանդելուց հետո, որտեղ այն գործում էր նախկինում: Լրագրողի հարցին՝ ընտրությունների ժամանակ գրեթե բոլոր երգիչ-երգչուհիները հանդես եկան գործող իշխանությունների օգտին, այժմ ինչո՞ւ չեն փորձում դիմել նրանց՝ իբրեւ օժանդակության պատասխան քայլ: Երգչուհի Նառան «Հայելի» ակումբում կայացած ասուլիսում այսպես արձաքանքեց. «Մենք սպեկուլյացիայով չենք զբաղվում», ավելացնելով, որ, իր կարծիքով՝ խնդիրն ընդամենն անտեղյակության մեջ է: Ինչո՞ւ նախարարությունը Մշակույթի քոլե՛ջը չմիացրեց Էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջին, մանավանդ վերջինս ունի 30, իսկ մյուս քոլեջը՝ 5 տարվա պատմություն: Այս հարցն է մտահոգում էստրադայի ներկայացուցիչներին: Երաժիշտ Արմեն Գեւորգյանը շեշտեց, որ իրենք դուրս չեն եկել Նադեժդա Սարգսյանի դեմ ու չեն մեղադրում նրան. «Այլ ընդամենն ուզում ենք ասել, որ 2 քոլեջները ամբողջովին տարբեր ոճերի ու ուղղությունների կառույցներ են, ու դրանք միավորելն ուղղակի անհասկանալի էր»:

Ըստ նրա՝ պետական այրերը պետք է նաեւ խորհուրդ հարցնեին մեծ վաստակ ունեցող այնպիսի երգիչներից, երաժիշտներից, ինչպիսիք են՝ Ռուբեն Մաթեւոսյանը, Էդվարդ Միրզոյանը, Ռոբերտ Ամիրխանյանը եւ այլք. նրանք, անկասկած, քոլեջը լուծարելու խորհուրդ չէին տա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել