Դրա համար պետք չէ հույսը դնել միայն պետական միջոցների վրա
Տարիքս առնելու հետ մեծ կարոտ եմ զգում հայրենիքիս բնության, պատմամշակութային հուշարձանների հանդեպ։ Ընդհանուր առմամբ Խորհրդային Հայաստանի ճամփաներով քայլել եմ շուրջ հիսուն տարի։ Հետիոտն տուրիզմին նվիրվելու համար խորապես շնորհակալ եմ իմ ուսուցիչ՝ երջանկահիշատակ Հարություն Երանոսյանին։ Ամիսներ առաջ վերցրեցի ուսապարկս եւ մեկնեցի Լոռի։ Գեղեցիկ է Լոռվա բնությունը՝ անտառածածկ, անդնդախոր ձորեր, գետեր, աղբյուրներ, իսկ Լոռվա զարդերը, իհարկե, պատմաճարտարապետական հուշարձաններն են՝ Սանահինի վանք, Հաղպատի վանք, Օձունի եկեղեցի, Ախթալայի եկեղեցի, Քոբերի վանք, Ջիլիզայի վանք եւ, իհարկե, Դսեղի Բարձրաքաշ Ս. Գրիգոր վանք։ Վերջինս եղել է միջնադարի հոգեւոր եւ գիտական համալսարան, կառուցվել է Մամիկոնյան տոհմի շառավիղների կողմից։ Բարձրաքաշ Ս. Գրիգոր վանքը գտնվում է Դսեղի մոտակայքում՝ ձորալանջին, անտառում։ Համալիրը բաղկացած է երկու եկեղեցիներից՝ Ս. Աստվածածին կաթողիկե (1221թ.), որին կից են ավանդատներով եկեղեցին (10-րդ դար), քառասյուն գավիթը (1259թ.), Ս. Հարություն մատուռը, Մամիկոնյանների տոհմական գերեզմանոցը, ձիթհանը եւ խաչքարեր։ Կառույցը կիսավեր է, կիսականգուն պատերը՝ թեքված։ Վանական շինությունների պատերին պահպանվել են բազմաթիվ արձանագրություններ։ Կիսականգուն որմնապատկերները, նախշազարդ մույթերը, բազմաթիվ խորհրդանշական դետալները քարգործության բարձր մակարդակի նմուշներ են, որոնց առկայությունը արժեւորում է համալիրը: Զարդաքանդակներով եւ արձանագրություններով բեկորներ են հավաքված եկեղեցու աղոթասրահում եւ կիսականգուն պատերի տակ։ Պահպանվել է Մամիկոնյան տոհմի զինանշանը՝ երկգլխանի արծիվ, ճանկում՝ գառ։ Ժամանակն անողոք է եւ այսպես անուշադրության մատնված՝ նրա կիսախարխուլ պատերը կարող են փլվել։ Շատ արձանագրություններով, նախշազարդ քարեր կգահավիժեն ձորը։ Վնասը կբազմապատկվի, վերակառուցումը կդժվարանա։
Ստեղծված վիճակից օգտվում են գանձախույզները։ ՀԽ հանրագիտարանի Բարձրաքաշ Ս. Գրիգոր վանքին հատկացված սյունակում պատկերված է բարավոր, որն այսօր այլեւս համալիրի տարածքում չէ։ Կասկածից վեր է, որ դա եւ այլ արժեքավոր նախշազարդ դետալներ գողացված են։
Մխիթարական չէ Սանահինի վանքի վիճակը։ Սանահին իմ նախորդ այցելությունների ժամանակ չեմ տեսել, որ Ամենափրկիչ եկեղեցու պատերը խարխուլ լինեն, որ ծառ ու թուփ այդ աստիճան շատ աճած լինեն պատերի ճեղքերում, տանիքում, պատերից քարեր թափված լինեն եւ այլն։ Հուշարձանի տարածքում վերջին վերանորոգումից հետո դեռեւս մնում է մետաղական կարկասը։
Մեզ շրջապատող երկրներից՝ Թուրքիան եւ Ադրբեջանը, բացահայտ վանդալիզմ են դրսեւորել եւ դրսեւորում հայկական հուշարձանների նկատմամբ, իսկ Վրաստանը յուրացնում է իր տարածքում գտնվող հայկական եկեղեցիները։ Սահմանակից պետությունների նման պահվածքից հետեւում է, որ Հայաստանում առավել ուշադրություն պետք է դարձվի միջնադարյան հայկական պատմաճարտարապետական հուշարձանների վերականգնմանն ու պահպանմանը։
Ժամանակն է, որ հիմնվի հայկական պատմաճարտարապետական հուշարձանների վերականգնման եւ պահպանման համահայկական հիմնադրամ։ Միաժամանակ պետք է հրատարակվի մատենաշար՝ նվիրված հայկական հուշարձաններին, կազմակերպվեն միջազգային գիտաժողովներ (ԽՍՀՄ օրոք այդպիսիք հաճախ էին կազմակերպում)։ Թե չէ՝ սպասել, որ ՀՀ պետական խղճուկ միջոցների հաշվին կատարվեն վերականգնման մեծածավալ աշխատանքներ, անիմաստ է: