Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՉ ԹԵ ԱՅԼԵՎՍ, ԱՅԼ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ

Հունվար 26,2011 00:00

Հայաստանցի բալետի արտիստները գուցե միառժամանակ ստեղծագործեն արտերկրում

\"\"

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային օպերային թատրոնի մենապարողներ, Յու. Գրիգորովիչի անվան միջազգային մրցույթի դափնեկիրներ Ալբինա Ղազարյանը եւ Ռուբեն Մուրադյանը Իտալիայի Պիստոյա քաղաքում փետրվարի 2-ին կայանալիք Աշխարհի բալետի արտիստների գալահամերգին առաջին անգամ կներկայացնեն հայկական բալետային դպրոցը: Բոլոր ծախսերը կհոգա հրավիրող կողմը:

Նշենք, որ նրանք ներկայումս զբաղված են Երեւանի օպերային թատրոնի բալետային խաղացանկի բոլոր ներկայացումներում:

Ռ. Մուրադյանին առանձնապես ներկայացնելու հարկ չկա, նա լայն լսարանին հայտնի դարձավ մասնավորապես Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետում մարմնավորած գլխավոր հերոսի կերպարով, անցյալ տարի էլ նույն դերապարը Մեծ թատրոնի բալետային խմբի հետ ներկայացրեց Վաշինգտոնի «Քենեդի» կենտրոնում:

Երկու պարողներն էլ 2010թ. ունեցել են բազմաթիվ հրավերներ ՌԴ-ից, սակայն Ռուբենի ոտքի վնասվածքի պատճառով չեն մեկնել այդ հյուրախաղերին: Սակայն նրանք փայլել են ֆրանսիական համերգաշարի ընթացքում:

«Առավոտը», զրուցելով Ռուբենի եւ Ալբինայի հետ, պարզեց, որ Իտալիայում կայանալիք գալա համերգին նրանք մասնակցում են հատուկ հյուրի կարգավիճակով: Ասացին նաեւ, որ իտալաբնակ մեր հայրենակից Սարգիս Գալստյանը, որը բալետային իմպրեսարիո է, Երեւանում դիտելով Ադանի «Ժիզել» բալետը՝ անչափ հավանել է երիտասարդների ելույթը, ինչին էլ հետեւել է «իտալական» հրավերը:

Մեր զրուցակիցները տեղեկացրին, որ Պիստոյայի գալահամերգում իրենք հանդես կգան հատվածներով՝ Ա. Խաչատրյանի «Սպարտակ» եւ «Գայանե» բալետներից:

Հետաքրքրվեցինք՝ այս տարի ազգային թատրոնի բալետային խաղացանկը կավելանա՞ գոնե մեկ ներկայացմամբ, Ռուբենն ասաց, որ պատրաստ է Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետը» (բեմադրիչ՝ Ռուդոլֆ Խառատյան), մնում է լուծել բեմական հանդերձների ու դեկորների հարցը:

Մեր դիտարկմանը, որ Սուրբ Ծննդյան տոների առիթով, որպես կանոն, Արեւմուտքում եւ Ռուսաստանում «գնում» է Չայկովսկու «Շչելկունչիկ» մանկական բալետային ներկայացումը, լավ չէ՞ր լինի, որ մեր թատրոնն էլ նման նախաձեռնությամբ հանդես գար, Ռ. Մուրադյանը պատասխանեց. «Շատ լավ կլիներ, մանավանդ այդ ներկայացմանը կմասնակցեին նաեւ Երեւանի պարարվեստի պետական քոլեջի սովորողները եւ, իմ կարծիքով, այն հիանալի կբեմադրեր քոլեջի տնօրեն, բալետմայստեր Արմեն Գրիգորյանը»:

Հնարավո՞ր է, որ Իտալիայում հաջող առաջարկ ստանալու դեպքում հայ մենապարողները այլեւս չվերադառնան ու չստեղծագործեն Հայաստանում: Մեր զրուցակիցները նշեցին, որ չի բացառվում, սակայն ոչ թե այլեւս, այլ որոշ ժամանակով գուցե թե բացակայեն հայրենիքից՝ հաղորդակից լինելու համար համաշխարհային բալետային արվեստի նոր միտումներին ու զարգացումներին: Ի դեպ, հենց Պիստոյայում ավանդաբար կայացող բալետային հրավառության ժամանակ ներկա են լինում ճանաչված օպերային թատրոնների տնօրեններ, աշխարհահռչակ բալետմայստերներ, պրոդյուսերներ, ինչը երիտասարդ արտիստներին նկատվելու հրաշալի հնարավորություն է ընձեռում:

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ հայաստանցի բալետի արտիստների ցածր աշխատավարձերին: Եվ Ալբինան, եւ Ռուբենը, ի պատասխան մեր հարցին, ժպտացին, ապա քիչ անց հավելեցին, թե 15%-ով, որը մոտ 5000 դրամ է կազմում, իրենց աշխատավարձը բարձրացել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել