Լիբանանի ժամանակավոր կառավարության ղեկավար Սաադ Հարիրիի կողմնակիցները դուրս են եկել փողոց՝ իրենց դժգոհությունը հայտնելու «Հզբոլլա» ծայրահեղական շարժման՝ երկրի կառավարություն ձեւավորելու մտադրության կապակցությամբ: BBC-ի մատուցմամբ, Իրանի կողմից աջակցություն վայելող շիա մահմեդականների խմբավորումը եւ նրա դաշնակիցները կարողացել են Լիբանանի նոր վարչապետի պաշտոնում առաջադրել իրենց թեկնածու Նաջիբ Միկատիին: Սակայն ցուցարարները, որոնք արգելափակել են երկրի մի քանի քաղաքների ճանապարհները, «Հզբոլլային» մեղադրում են պետական հեղաշրջում նախապատրաստելու մեջ:
Լիբանանում իշխանության տարանջատման գործող համակարգի համաձայն, երկրի վարչապետի պաշտոնը «ամրագրված» է սունիներին, նախագահի պաշտոնը՝ քրիստոնյաներին, իսկ խորհրդարանի խոսնակի պաշտոնը՝ շիաներին: Նաջիբ Միկատին միլիարդատեր-գործարար է, որը կրթություն է ստացել ԱՄՆ-ում: Նա սունի է եւ, ըստ գործող համակարգի, կարող է երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնել: Բայց այն, որ նրա թեկնածությունը պաշտպանում է շիաների «Հզբոլլա» խմբավորումը, դարձել է այդ թեկնածության դեմ սունիների բուռն դժգոհության առարկա:
Լիբանանի ազգային միասնության կառավարությունը տապալվել է հունվարի 12-ին, 2005թ.- ին երկրի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության հետաքննությունը վարող ՄԱԿ-ի հատուկ տրիբունալի սկանդալային եզրակացությունից հետո: Ըստ այդմ, նախկին վարչապետի սպանությունը կազմակերպել են «Հզբոլլայի» բարձրաստիճան ներկայացուցիչները:
Այդուհանդերձ, Լիբանանի խորհրդարանի 128 պատգամավորներից 65-ը քվեարկել է հենց Միկատիի օգտին: Նրա թեկնածությանն աջակցել է նաեւ Առաջադեմ սոցիալիստական կուսակցությունը, որը նախկինում պաշտպանում էր Հարիրիին: Լիբանանի նախագահ Սուլեյմանը հավանություն է տվել Միկատիին վարչապետի պաշտոնում նշանակվելուն:
Ընդսմին, «Հզբոլլայի» առաջնորդ Հասան Նասրալն արդեն հայտարարել է, որ եթե իր խմբավորման թեկնածուն վարչապետ դառնա, ապա խմբավորումը կփորձի երկրի ազգային միասնության նոր կառավարություն ձեւավորել, ուր կհրավիրվեն նաեւ Սաադ Հարիրիի գլխավորած եւ Արեւմուտքի աջակցությունը վայելող «Ապագայի շարժում» կուսակցության ներկայացուցիչները եւս: Հարիրին, սակայն, արդեն պարզորոշ հայտարարել է, որ եթե կառավարությունը ղեկավարեն «Հզբոլլայի» մարդիկ, ապա ինքը կհրաժարվի այդ կառավարության մաս կազմել: