Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկապղծի տնօրենն ուզում է վերականգնվել

Հունվար 26,2011 00:00

ԱԺ պատգամավորը դա վտանգավոր է համարում

Երեկ ՀՀ վարչական դատարանում, դատավոր Արծրուն Միրզոյանի նախագահությամբ, շարունակվեց Նուբարաշենի թիվ 11 օժանդակ դպրոցի նախկին տնօրեն Մերուժան Ենգիբարյանի հայցադիմումի քննությունը՝ ընդդեմ ՀՀ ԿԳ նախարարության:

Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ նույն դպրոցի նախկին ուսուցիչ Լեւոն Ավագյանը աշակերտուհիների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար դատապարտվեց 2 տարի ազատազրկման, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հունիսի 1-ի հրամանով դադարեցվեց նաեւ Մ. Ենգիբարյանի՝ որպես տնօրենի, լիազորությունները: Նախկին տնօրենն այժմ դատարանում վիճարկում է ԿԳ նախարարի հրամանը եւ ցանկանում է վերականգնվել աշխատանքում: Մ. Ենգիբարյանը, ինչպես նախորդ դատական նիստին, այնպես էլ երեկ, անձամբ չէր ներկայացել: Նրա փաստաբան Մելս Մանուկյանը փոխանցեց, որ Մ. Ենգիբարյանը վատառողջ է՝ աչքի վիրահատության է ենթարկվել: Փաստաբանը շարունակում է պնդել, թե նախարար Աշոտյանի հրամանը կայացվել է սուբյեկտիվ նկատառումներով եւ չի բխում օրենքի պահանջներից: Մ. Մանուկյանը դատարան էր բերել բազմաթիվ անստորագիր թղթեր՝ թերթերի հրապարակումներ, դպրոցի նախկին աշակերտների գովաբանական նամակներ, ՀՀ վարչապետին, ԿԳՆ-ին ուղղված դիմումներ եւ այլն, որոնցով խնդրում էր չարատավորել Մ. Ենգիբարյանի վաստակն ու անբասիր վարքը: Նա պնդում էր, որ դպրոցի եւ նախկին տնօրենի շուրջ ստեղծված մթնոլորտը մտացածին է:

Պատասխանող կողմից՝ ԿԳ նախարարության իրավաբանական վարչության ներկայացուցիչ Լիլիթ Վարդանյանն էլ ասաց, թե իրենք էլ կարող էին տնօրենի իրական բարոյական կերպարը ցույց տալու համար հայցվոր կողմի ներկայացրած հոդվածներին ի պատասխան՝ բերել այլ հոդվածներ, ձայնագրություններ, որոնցում պարզ կերեւա, թե ինչպես են դպրոցի նախկին շրջանավարտները ծեծի ենթարկվել, մանկավարժին ոչ վայել վերաբերմունքի արժանացել:

Դատական նիստը նշանակվեց փետրվարի 22-ին:

ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը, որ նշված գործով բոլոր նիստերին ներկա է եղել, լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ դատարանը կարող էր հայցը չբավարարել եւ գործին ընթացք չտալ. «Երեխաների նկատմամբ բռնությունն այնքան տարածված երեւույթ է, որ ԿԳ նախարարությունը այս նախադեպի հետ կապված լուրջ հետեւություններ պետք է անի: Այս դատավարության արդյունքը կարեւոր է եւ վտանգավոր կլինի, եթե հանկարծ դատարանը որոշում կայացնի վերականգնել այդ տնօրենին, դա հասարակության համար կլինի անբարոյականությունը խրախուսող քայլ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել