Լրահոս
Օրվա լրահոսը

144-ը՝ «Ռուսական արջուկ»

Հունվար 26,2011 00:00

Հայ երեխաները խրախուսվեցին ռուսերենի իրենց հմտությունների համար

Ավարտվեց «Ռուսական արջուկ. լեզվաբանություն բոլորի համար» համադպրոցական միջազգային խաղ-մրցույթը: Երեկ Լեւ Տոլստոյի անվան թիվ 128 հիմնական դպրոցում կայացավ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Նշենք, որ մրցույթը կազմակերպել էր «Այբ» կրթական հիմնադրամը՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանությանն առընթեր «Ռոսսոտրուդնիչեստվո» ներկայացուցչության հետ համատեղ:

«Այբ» հիմնադրամի «Ռուսական արջուկ» նախաձեռնության կազմակերպիչ եւ ծրագրի ղեկավար Շուշան Կարապետյանի խոսքով, Երեւանի թիվ 41 եւ Գյումրու 8 դպրոցների 2-11-րդ դասարանների 2130 աշակերտից մրցույթի շեմը հաղթահարել են 144-ը. «Սա մրցույթ չէ հաղթելու, մրցելու համար, այլ ռուսաց լեզվի հանդեպ հայ երեխաների սիրո ապացույց: Նրանք ոչ միայն սիրով են ուսումնասիրում հարեւան երկրի պետական լեզուն, այլեւ հրաշալի տիրապետում դրան: Մեր նպատակն է՝ համընդհանուր հետաքրքրություն առաջացնել ռուսաց լեզվի հանդեպ, այն առավել գրավիչ դարձնել երեխաների համար՝ ցուցադրելով ռուսաց լեզվի ողջ հմայքը եւ հարստությունը»: «Ռոսսոտրուդնիչեստվո» ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովն անձամբ հանձնեց հաղթող աշակերտներին իրենց մրցանակներն ու վկայականները:

Վ. Կրիվոպուսկովի խոսքով, Հայաստանում անցկացվող ռուսաց լեզվին նվիրված միջաշակերտական մրցույթը փաստում է երկու երկրների միջեւ բարեկամական սերտ հարաբերությունների մասին. «Պատահական չէ, որ մրցանակաբաշխությունը տեղի է ունենում ռուս մեծանուն գրող Լեւ Տոլստոյի անունը կրող դպրոցում: Հայ աշակերտների արդյունքը վկայում է հայերի համար հայոց լեզվին «մտերիմ ընկեր» լինելու մասին: Աշխարհում չկա մի լեզու, որից այդքան շատ թարգմանություններ կատարեն… Երբ այստեղ ասում են ռուսաց լեզուն հայերենի մեծ եղբայրն է, ես ինձ վատ եմ զգում, որովհետեւ չգիտեմ, ցավոք, թե ուրախությամբ, ձեր մայրենի լեզուն տարիքով ավելի մեծ է ռուսաց լեզվից»:

Շ. Կարապետյանը նշեց, որ մրցանակներ ստանալու են բոլոր 2130 մասնակիցները. «Բոլոր աշակերտներին «Ռուսական արջուկի» կողմից հանձնվել են խրախուսական նվերներ, սերտիֆիկատներ, իսկ 144 հաղթող ճանաչված աշակերտներին, բացի վերոնշյալ հուշանվերներից եւ սերտիֆիկատներից, կհանձնվեն նաեւ ռուսաց լեզվով գեղարվեստական գրականություն»:

Ղ. Աղայանի անվան թիվ 63 հիմնական դպրոցի 3-րդ դասարանցի Միլենան մեզ հետ զրույցում ասաց. «Ճիշտ է՝ դժվար էին մրցույթի հարցերը, բայց քանի որ ռուսերենն իմ սիրած առարկան է, մայրիկիս ասացի, որ ես էլ եմ ուզում այդ խնդիրները լուծել: Չգիտեի, որ այսքան մեծ միջոցառում է, բեմ եմ բարձրանալու, ինձ նվերներ են տալու: Շատ ուրախացա, երբ ռուսաց լեզվի դասատուս բոլոր դասարանցիներիս մոտ ասաց, որ ես հաղթել եմ»:

Թիվ 156 դպրոցի 3-րդ դասարանցի Էլեն Արեւշատյանը գիտեր, որ անպայման հաղթելու է. «Ինձ մայրիկս միշտ ասում էր, որ ռուսերեն լավ եմ սովորում: Հանձնարարություն տվեցին, գրեցի ու հիմա հաղթել եմ»:

Թիվ 37 դպրոցի 8-րդ դասարանցի Հայկ Փանոսյանի խոսքով, մրցույթի հենց մեկնարկից դրական տպավորություններ է ունեցել. «Մեզ չվախեցրին, չահաբեկեցին, չստիպեցին մասնակցել. ցանկությամբ էր: Դեռեւս չգիտեմ ինչ մրցանակ եմ ստացել, բայց ռուսերեն գիրքն արդեն ուսումնասիրել եմ: Կկարդամ երեւի… ազատ ժամանակ սիրում եմ գիրք կարդալ»: Հետաքրքրվեցինք, 2130-ից 144 լավագույնների շարքում ընդգրկվելուց հետո Հայկը դասարանցիների մոտ չի՞ մեծամտանա: «Չէ, մի օր կհաղթեմ, մի օր էլ կպարտվեմ, մի օր ընկերս կհաղթի, եթե ես մեծամտանամ, հետո՝ ինքը, ո՞նց կլինի… Գեղեցիկ չէ»,- ասաց տղան:

Թիվ 78 դպրոցի 9-րդ դասարանցի Անահիտ Ղումարյանն էլ շեշտեց. «Մասնակցում էինք ոչ թե հաղթելու համար, այլ այն պատճառով, որ մրցույթի հարցերն էին հետաքրքիր, մեկ էլ մրցույթի բուն պրոցեսը»: Հավելենք, որ մրցանակաբաշխությունը կշարունակվի հունվարի 26-27-ին՝ Երեւանի Պուշկինի անվան թիվ 8 հիմնական եւ Գյումրիի թիվ 2 միջնակարգ դպրոցներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել