Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԹԻՎ 124 ԴՊՐՈՑՈՒՄ

Հունվար 26,2011 00:00

\"\"Բողոքում են տնօրենից, իսկ նա ամեն ինչ հերքում է

Դպրոցականների նկատմամբ մանկավարժների կողմից բռնության դեպքերի կիրառման մասին վերջին շրջանում շատ խոսվեց: Նույնիսկ ինտերնետում տեսանյութեր հայտնվեցին, որտեղ պարզ երեւում էր, թե ինչպես է ուսուցիչը ֆիզիկական ուժ կիրառում աշակերտի նկատմամբ: Ցավոք, խնդիրը մեկ կամ երկու դպրոցով չի սահմանափակվում, այդ են վկայում տարբեր դպրոցների ծնողներից «Առավոտին» ուղղված դժգոհությունները: Այս անգամ էլ նույնպիսի խնդիր է առաջացել Ավան վարչական շրջանում գտնվող թիվ 124 դպրոցում: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ այստեղ եւս աշակերտների նկատմամբ ֆիզիկական ուժ է կիրառվում, իսկ աշակերտների ծնողները վախենում են բողոքել տնօրեն Հայկանուշ Նիկոյանից, քանի որ նա զորավոր կապեր եւ բարձրաստիճան ոստիկան ամուսին ունի:

Հիշեցնենք, որ թիվ 124 դպրոցի փոխարեն նախկինում գործել է թիվ 4 հատուկ դպրոցը, որն ուներ ռուսերենի դասավանդման լավ ավանդույթներ: Ծնողները պնդում են, որ այդ ավանդույթներն այժմ չեն պահպանվում: Ավելին՝ ընդհանրապես օտար լեզուների դասավանդումը ամուր հիմքերի վրա չի դրված: Դա է վկայում այն, որ երբ անգլերեն առարկայից ԳԹԿ-ից ընթացիկ գնահատումներ են իրականացվել դպրոցում, աշակերտների մեծամասնությունը «1»-եր է ստացել: Քանի որ ծնողները խոսում էին նաեւ ուսուցիչների համատարած կրճատումից, «Առավոտը» մանրամասները պարզելու համար կապվեց դպրոցի անգլերենի նախկին ուսուցչուհի Սուսաննա Քոլեջյանի հետ: Նա մեզ հետ զրույցում նշեց. «Տիկին Նիկոյանը մեր կրթօջախ եկավ հարեւան դպրոցից: Սկզբում մեր նախկին տնօրենը նրան նշանակեց ավագ դաստիարակ, իսկ հետո նա սրան-նրան տրորելով բարձրացավ եւ հասավ մինչեւ տնօրեն: Նրա՝ տնօրեն նշանակվելուց հետո, 2009թ. մարտին, ես ազատվեցի աշխատանքից, այն դեպքում, երբ իմ պայմանագրի ժամկետը լրանում էր սեպտեմբերին: Ինձ ազատեց աշխատանքից՝ պատճառաբանելով, որ մեթոդ չունեմ: Մինչեւ հիմա էլ հին կադրերին ազատում են: Աշխատանքից այդպես ազատվեցին տասնյակ ուսուցիչներ՝ պատմության, ռուսաց լեզվի, աշխարհագրության, ֆիզիկայի, քիմիայի: Լսել եմ, որ այժմ էլ դպրոցում ֆիզիկայի ուսուցիչ չունեն, մաթեմատիկայի ուսուցչին ազատեցին, ընդունեցին, նորից ազատեցին եւ այլն: Շատ վիրավորված դուրս եմ եկել դպրոցից, ինձ ասել են՝ դիմումդ գրի դուրս արի, անխոս գրել եւ հեռացել եմ: Գիտեմ, որ այժմ էլ բարձր դասարանցիներին պարբերաբար կանչում են քաղմաս եւ այլն: Այդ դպրոցից ես հիմա ամեն բան էլ սպասում եմ: Տնօրենն այնքան վատություններ է արել, որ ես նրա վատը չեմ ուզում, պարզապես գիտեմ՝ Աստված նրան կպատժի: Երբ դպրոցը գիշերօթիկ էր, կարգուկանոն կար, ուսմանը մեծ ուշադրություն էր դարձվում: Բայց այս վերջին տարիներին այնտեղ ահավոր վիճակ է տիրում»:

Նշված դժգոհությունները փոխանցեցինք նաեւ թիվ 124 դպրոցի տնօրեն Հայկանուշ Նիկոյանին: Նա վրդովվեց եւ նշեց. «Նման բան գոյություն չունի, ես ուզում եմ ճշտել, թե ո՞ր ծնողներն են բողոքել: Ես բողոք կներկայացնեմ նման հերյուրանքների համար»: Ուսուցիչների համատարած կրճատումների մասին էլ տնօրենը նույնն ասաց. «Նման բան դպրոցում գոյություն չունի: Ես ոչ մի ուսուցչի չեմ ազատել»: Ռուսերենի դասավանդման ավանդույթների մասին տիկին Նիկոյանը նշեց. «Հիմա դպրոցում գործում են ռուսական դասարաններ»:

Ծնողներից ոմանք սրտնեղած էին երբեմն դպրոցում հանդիպող հակամանկավարժական որոշ երեւույթներից: Օրինակ՝ պատահել է, որ ուսուցիչը աշակերտի ճակատին գրի, թե նա ծույլիկ է կամ «երկուս» է ստացել: Այս մասին տնօրենն ասաց. «Ինչպե՞ս կարող էի նման բան թույլ տալ, քանի որ մեր դպրոցը փոքր է եւ ես մեկ առ մեկ բոլոր աշակերտներին ճանաչում եմ»: Հավելենք, որ երեկ այցելեցինք դպրոց, որպեսզի տնօրենը ցույց տա այն փաստաթղթերը, որոնց հիման վրա աշխատանքից ազատել է նախկին ուսուցչին: Տիկին Նիկոյանը դրանք ցույց չտվեց, քանի որ իր վերադասը՝ քաղաքապետարանի կրթության վարչությունը չթույլատրեց:

Հ. Գ. Թիվ 124 դպրոցի տնօրենի ընտրություններին «Առավոտը» անդրադարձել է 2008թ. սեպտեմբերի 25-ի «Ոստիկանի կնոջը չեն ընդունում» հրապարակմամբ: Այն ժամանակ էլ, երբ Նիկոյանը դեռ փոխտնօրեն էր, մանկավարժները բողոքում էին, որ իրենց «կրթօջախը ասես վերածվել է ոստիկանատանը կից կառույցի, որովհետեւ, երբ երկու աշակերտ վիճում են, անպայման Հ. Նիկոյանի «միջոցով» հայտնվում են ոստիկանության բաժանմունքում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել