Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ «ԱԽՊԱՐՆԵՐԸ»

Հունվար 26,2011 00:00

Նվիրվում է ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆԻՆ

Սկիզբը՝

Ընդհանրապես տղամարդու կոստյում կարելու ողջ «ինդուստրիան» գտնվում էր մեր «ախպար» վարպետների ձեռքում, այժմ էլ հիշեմ այդ «ասեղի հրաշագործների» անունները՝ վարպետ Նշան, եղբայրներ՝ վարպետ Անդրանիկ, վարպետ Հովսեփ, Անդրե (ֆրանսահայ), Սովմինի ատելյեի գլխավոր դերձակ Ներսեսը, երեւանյան «Դոմ մոդ»-ի նկարիչ-ձեւարար Բենիկը, Ջոնը Մարսելից, լավագույն շալվար կարող Լեւոնը եւ, իհարկե, Կարո Տոնիկյանը: Կարո Տոնիկյանը Արտեմի Այվազյանի հայ առաջին ջազային նվագախմբի (որը Ագիտպրոպի վերակացուների «թեթեւ ձեռքով» վերանվանվել էր էստրադային նվագախումբ) հիմնական երգիչ-մենակատարն էր՝ բարձրահասակ, սպորտային կազմվածքով, գեղեցիկ դեմքով, սուր բեղերով, լայն ժպիտով հիշեցնում էր լատինամերիկյան ֆիլմերի հերոսներին, Ռոման Նավառոյի տիպի, ռուսները լավ խոսք ունեն՝ «սերդցեեդ», այսինքն՝ սրտակեր հերոսի: Ավելորդ է ասել, որ Կարոն միշտ լավ էր հագնված, քանզի ինքն էր իր կոստյումները կարում, եւ երեք հիմնական զբաղմունք ուներ, երեք կոչում՝ երգել էստրադային բեմահարթակից Արտեմի Այվազյանի նոր երգերը, կարել կոստյումներ՝ 1947-48 թթ. ներգաղթածների բերած կտորներով, եւ կանանց սրտեր գրավել: Այս վերջին գործը նրա իսկական կոչումն էր, եւ պետք է ասել, որ այս բնագավառում նա մեծ հաջողություն ուներ Երեւան ժամանած ռուս վայելչատես զբոսաշրջուհիների շրջանից մինչեւ Անժելիկա Մալխասյան: Այդ Կարո Տոնիկյանի տաղանդի շնորհիվ է, որ մեր սերնդակիցների ականջում մինչեւ օրս հնչում են «Կարինե, Կարինե» կամ «Գյուլնարա» երգերը: «Կարինե» երգում, եթե չեմ սխալվում, կային այսպիսի տողեր. «Մեր երկրում ազատ, ուրախ, /Ուր գարունն է միշտ բուրում, /Դու ծաղկել ես շողշողուն Կարինե, /Իմ երկրի քնքուշ ծաղիկ: Երգի խոսքերի հեղինակը պարսկահայ շատ տաղանդավոր գրող Հովհաննես Ղուկասյանն է: Իսկ նրա գրածը՝ «Մեր երկրում ազատ, ուրախ», Կարոն հաճախ երգում էր՝ «ազատ, անկախ», ինչը, իհարկե, այդ տարիների համար շատ համարձակ երեւույթ էր: Այնպես որ, Կարոն նախընտրել էր այդ տարիներին շատ-քիչ օգտագործվող ազգային «թեքում» ունեցող «անկախ» բառը: Այսօրվա պես հիշում եմ լույսերի մեջ ողողված Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճի բեմը, Արտեմի Այվազյանը խմբավարի տեղում, Ռոբերտ Յոլչյանը՝ վիրտուոզ թմբկահարը, մեր մյուս հրաշալի ջազիստները, որոնց թվում շատ էին եւ հայրենադարձները, եւ վերջապես ծափերի ներքո բեմ է մտնում Կարո Տոնիկյանը՝ իր անգերազանցելի ժպիտով, եւ սկսվում է տոնը… Տոնը, որ այնքան հազվադեպ էր ստալինյան շրջանի մեր համայնական երկրում… Կարոն, որպես դերձակ, իհարկե չէր գերազանցի վարպետ Նշանին, կամ թե Անդրանիկ եւ Հովսեփ եղբայրներին: Բայց գամ հերթով. վարպետ Նշանը գրանդ մաստեր էր, լռակյաց, շատ կիրթ, համարյա լուռ կանցկացներ հագուստի «պրիմերկաները» (փորձերը), կժպտար միայն գործի վերջում, անթերի էր աշխատում: Իմ բախտը բերել էր. երբ ավարտում էի Չայկովսկու անվան երաժշտական տասնամյակը, հայրս ինձ նվեր արավ՝ պատվիրելով Պարսկաստանից վերջին գաղթածների մոտից առած մի գեղեցիկ կտորից կոստյում, իսկ մինչ այդ մի կոստյում էլ իր համար էր պատվիրել: Նշանի կարածը բառիս բուն իմաստով անթերի էր, նման կար կարող էին ունենալ միայն Փարիզի ամենաշքեղ նորաձեւության տները, իսկ մեր վարպետ Նշանը աշխատում էր 90 ռուբլի աշխատավարձով, Օպերայի դիմացի մի համեստ ատելյեում: Համեմատելու համար ասեմ, որ սա նույնն էր, եթե Մարիո դել Մոնակոն երգեր երեւանյան օպերայում, ուր, իմիջիայլոց, հաջողությամբ երգում էր մեր լավագույն երգիչներից մեկը՝ Միհրան Երկաթը, էլ չեմ ասում անզուգական Գոհար Գասպարյանի մասին. դա արդեն ուրիշ թեմա է:

Անդրանիկ եւ Հովսեփ եղբայրներն ապրում էին Մալաթիայի շուկայի դիմաց: Երկուսն էլ տաղանդավոր դերձակներ էին: Մի հայր ունեին՝ 90 տարեկան, առավոտ բերում էին, նստեցնում շքամուտքի թախտին եւ երեկոյան տանում քնելու: Հայրիկը նստում էր ծալապատիկ եւ օրը մի տասը բաժակ սուրճ կխմեր եւ նաեւ մի մատնոց օղի: Վարպետ Անդրանիկը կասեր. «Ով կըսե, թե այս երկիրը առաջ չէ քայլեր, համա գծերն են սխալ ուղղությամբ գցած…»:

Ֆրանսահայ Անդրեն ամենաերիտասարդն էր թվարկածս վարպետներից եւ շատ տաղանդավոր: Պատահական չէ, որ վերջին տարիներին նա էր կարում կոստյումները մեծն Մարտիրոս Սարյանի: Անդրեենք ապրում էին Բաղրամյանի վերին մասի նրբանցքներից մեկում, ընտանիքով 1949-ին աքսորված էին եղել Ուրալ, ետ եկած Հայաստան 1955 թվին, եւ հազիվ կառուցած իրենց քոլիկը, 1972 թվին ետ գնացին Ֆրանսիա: «…Ուրալյան ցուրտը դեռ ոսկորներիս մեջ է, վախենում եմ մի օր նորից զգամ»,- ասում էր Անդրեի հայրը, եւ ճամպրուկները հավաքեցին, երբ եղավ գնալու առաջին հնարավորությունը: Ով իրավունք ուներ աքսորի «տելնյաշկա» հագած մարդուն խրատ տալ…

Հայ ոսկերիչ անունը տալիս առանձին կուզեի հիշատակել եգիպտահայ վարպետ Ժիրայր Չուլոյանին, որը մոտ 40 տարի եղել է Վազգեն վեհափառի պատվերներ կատարող ոսկերիչը, այդ նա է կերտել ոսկուց եւ թանկարժեք քարերից հայոց այբուբենը եւ ոսկյա խաչը, որոնք պահվում են Մայր աթոռում, իսկ Անգլիայի թագուհի Ելիզաբեթ Երկրորդին նվեր ուղարկել «Սիրամարգը» ոսկյա մանրակերտ քանդակը:

Երեւանը միշտ աչքի է ընկել իր ոսկերիչ «ախպարներով», եւ դրանց մեջ, իհարկե, բառիս բուն իմաստով կային արվեստագետ-վարպետներ՝ Արամ Կյուրեղյանը, Ժորժը՝ Մոնտե Քրիստո մականունով, Բաբկենը, Արտաշեսը, Վարդանը, Հարութը: Նրանց մեջ իր բարձր արվեստով աչքի էր ընկնում Փարիզից եկած Արամ Կյուրեղյանը՝ մի շատ կիրթ ու զուսպ մարդ: Այդ նա էր 1949 թվականին, Ստալինի ծննդյան 70-ամյակի առթիվ, ոսկուց եւ թանկագին քարերից ստեղծել Երկրագնդի փոքր մոդելը, որը ներքին մեխանիզմով հնչեցնում էր ՍՍՀՄ օրհներգը: Այդ հրաշքը ես տեսել եմ մինչեւ Մոսկվա ուղարկելը, Պետական պատկերասրահի դահլիճում: Սակայն այս հանգամանքը չօգնեց, որ հետագա տարիներին, մի անհեթեթ մեղադրանքով Կյուրեղյանին չձերբակալեին, եւ եթե չլիներ Մարտիրոս Սարյանի միջամտությունը, Արամին հավանական է Սիբիր աքսորեին:

Եթե Աբովյան փողոցով իջնեիր ցած, մինչեւ հրապարակ, ապա կանցնեիր հայ ոսկերչական մի յուրահատուկ համքարության միջով: Զվարթ, կատակասեր, գործի հրաշալի գիտակ, այդ նրանք մի քանի սերունդ հայ հարսների, ինչպես եւ որոշ տնտեսական հաջողության հասած տիկնանց, սովետական 593 պրոբի ոսկով, պարգեւեցին այնպիսի զարդեր, որ ոչնչով չէին զիջի «Կարտիերին» կամ «Գուչչիին»: Հետո Աբովյան փողոցում գտնվող արհեստանոցներից նրանց որոշեցին հավաքել Մարքսի փողոցի նախկին բաղնիքի շենքում, որն այսօր ոսկու հայտնի տոնավաճառ է, եւ մեր երբեմնի ինքնուս կարտիերների փոխարեն աշխատում են ոսկյա իրերի վերավաճառողները, իսկ մեր նախկին երեւանյան ոսկերիչ «ախպարները» Լոս Անջելեսում են, Սան Ֆրանցիսկոյում, Փարիզում, Լոնդոնում ու էլի աշխարհի տարբեր վայրերում: Իսկ Արամ Կյուրեղյանը, որ մինչեւ Հայաստան գալը ուներ ոսկերչական խանութ Փարիզի Շանզ լե Լիզեում, հայաստանյան ոդիսականից հետո, 1980-ականներին կրկին վերաբացել էր այդ խանութը:

……«Արմենիա» հյուրանոց. քանի որ նրա անմրցելի տնօրեն Իլյա Կեւորկովը լավ էր հասկացել, որ «Ինտուրիստի» ճաշարանում պիտի աշխատեն օտար լեզուներ իմացող մատուցողներ, նա այս սկզբունքով հավաքել էր սպասարկման գործի փայլուն մասնագետ հայրենադարձների մի բրիգադ. ռեստորանի մետրը՝ պարսկահայ Սոկրատը, մատուցողներ Մացոն, Հովնանը, Աբրահամը, Անդրեն, շեֆ խոհարարներ Մայիսը, Խաչիկը, բուֆետչիկ Բոյով Ռուբիկը, առաջին հարկի բարմեն Եսային, կաֆեի բարմենուհի՝ գեղեցկուհի Անահիտը: Այդ մարդիկ աշխատում էին լավ գործող շվեյցարական ժամացույցի պես. բոլոր սեղաններին մաքուր, ճերմակ սփռոցներ, փայլում էին բաժակները, սպասքը: Սիրալիր ընդունում էին պատվերը, ձախ ձեռքին գցած ճերմակ երկարավուն անձեռոցիկի հարեւանությամբ բռնած բլոկնոտում գրառում էին պատվերները, ոնց որ պետպլանի կարեւոր առաջադրանք… Նրանք սիրալիր զրուցում էին, կատակում չափով եւ բավական արագ մատուցում: Եվ պատահական չէ, որ հաճախորդները ուզում էին նստել Մացոյի կամ Հովնանի մոտ, իսկ «Արմենիայի» երկրորդ հարկի ռեստորանի հաճախորդներն էին Հրաչյա Ներսիսյանը, Երվանդ Քոչարը, Վիգեն Իսահակյանը, դերասաններ Խորեն Աբրահամյանը, Հովհաննես Ավագյանը, Գենը, Շահում Ղազարյանը, Հովակ Գալոյանը, գրողներից Հովհաննես Շիրազը, Խաչիկ Դաշտենցը, Կոստան Զարյանը, Արարատ Բարսեղյանը, Կայծունին, ակադեմիկոս Գեւորգ Ջահուկյանը, պրոֆեսորներ Վազգեն Գեւորգյանը, Հովհաննես Ճուղուրյանը, Միքայել Զավարյանը, եւ նրանց մշտական սեղանակիցներ՝ գնդապետ Վրույրը, ուսուցչապետ Հակոբը, ֆիզիկոս Համլետը, Ամատունին, Մոպրի Յագոյի տղա Ռոբերտը, վարորդ Երջոն (հետագայում ուշագրավ գրքերի հեղինակ Երջանիկ Կարախանյանը):

«Արմենիա» հաճախելը ռիտուալ էր: Այստեղ միակ տեղն էր, ուր մեր երեւանյան բոհեմի մտավորականները կարող էին շփվել արտասահմանցիների եւ կամ սփյուռքահայերի հետ: Այդ թվում էին զբոսաշրջիկներ, որոնց հետ մերոնք պարզապես ծանոթացել էին հենց ռեստորանի սրահում, ինչպես նաեւ քիչ թե շատ հենց Սփյուռքում մշակույթի հետ կապ ունեցող մարդիկ, որոնք իրենք էին մոտենում մեր բոհեմի սեղանին: Բայց եւ կային հանրահայտ անուն ունեցող սփյուռքահայ գործիչներ, ինչպես, օրինակ, Վիլյամ Սարոյանը, Ռուբեն Մելիքը, Անդրանիկ Ծառուկյանը, Գառզուն, Լուսին Ամարան: Նրանք, որպես օրենք, գալիս էին վերեւներից իրենց կցած «մերոնքական» մտավորականների ուղեկցությամբ: Այդ մարդիկ էլ համարյա նույնն էին՝ Վարդգես Համազասպյան, Վահագն Դավթյան, Վարդգես Պետրոսյան, Լեւոն Մկրտչյան, Սաղաթել Հարությունյան, Ռուբեն Պարսամյան, Գուրգեն Առաքելյան եւ այլ, ավելի մանր կալիբրի գործիչներ… Սրանք, իհարկե, հիմնականում շրջանցում էին մեր բոհեմի սեղանը, թեեւ այնտեղ նստած էին Հրաչ Ներսիսյանը, Շիրազը, Դաշտենցը, Երվանդ Քոչարը, իսկ 60-ականներից՝ նաեւ Կոստան Զարյանը, եւ քայլերն շտապ ուղղում էին դահլիճի վերջի բանկետային «Նռագույն» կամ «Երկնագույն» սրահը:

«Արմենիան» աչքի էր ընկնում նաեւ իր նվագախմբով, որի երաժիշտների ու երգիչների մի մասը նույնպես հայրենադարձներ էին: Նվագախմբի ղեկավարն էր տաղանդավոր դաշնակահար Լեւոն Մարգարյանը, որը շատ համակրելի կին ուներ՝ Եվան, սաքսոֆոնիստն էր Մաքսուդը: Երբեմն «Արմենիայում» էր նվագում «Արարատ» ռեստորանի վիրտուոզ թմբկահար, բնածին ջազիստ, փարիզահայ Ժան-Պիեռ Փափազյանը, գեղեցկուհի Մոնիկայի ամուսինը, արդեն երեսուն տարի է, ինչ նրանք հանգրվանել են Փարիզում: Ողջույն ձեզ, «սալյութ» յոթանասնականները հիշող երեւանցի ջազի սիրահարների կողմից…

Այդ տարիներին Երեւանում ոչ մի տեղ չէիր կարող լսել ջազային երաժշտություն, բացառությամբ Արտեմի Այվազյանի, իսկ հետո Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ գործող էստրադային նվագախմբի: Բայց ահա «Արմենիա» ռեստորանում ամեն երեկո դու կարող էիր ջազային երաժշտություն եւ արտասահմանյան մոդայիկ երգերի համերգ վայելել: Համերգ՝ այն էլ բարձր մակարդակի: Այնպես որ, «Արմենիա» գնալը իսկապես մի փոքր տոն էր: Տոն, որ վերջնականապես մեզնից, այսինքն՝ երեւանցիներիցս, խլեցին 1990-ականների կեսերին, երբ «Արմենիան» կոչվեց «Մարիոթ» եւ երբ ռեստորանում մի բաժին պանրի գինը դարձավ 20 դոլար, փակվեց հայկական հոյակապ խոհանոցը եւ ցրվեց երաժշտախումբը: Այժմ նա սպասարկում է միայն հյուրանոցի կենվորներին: Ռեստորանը, որպես օրենք, դատարկ է, խոհանոցը՝ Միջերկրական (ծովի անունով), իսկ հավելյալ արժեքը, որն ինչպես հայտնի է Մարքսի «Կապիտալից», խթան պիտի հանդիսանար մեր «անկախ» տնտեսության զարգացման համար, հոսում է ոչ թե հյուրանոցի դիմացի մայթի Պետբանկը, այլ Նյու Յորք՝ Ուոլ Սթրիթ, ուր գրանցված են «Մարիոթի» իսկական տերերը, որոնց այնպես անխոհեմաբար վաճառեցին 1990-ականների առաջին կեսի Հայաստանի նոր տերերը: «Արմենիան» այսօր հիշողություն է երեւանցիների համար, քաղաքի կենտրոնում խոյացած եգիպտական մի բուրգ, հիշեցնող երբեմնի երեւանյան քաղաքակրթության մասին, որի կայացման գործում մեծ դեր էին խաղացել այսօր վաղուց ի վեր Արմենիան լքած մեր «ախպարները»:

Հապա վարսավիրնե՜րը: Նրանք քաղաքի կենտրոնում հավաքված էին հիմնականում երեք-չորս կետերում, «Պրոսպեկտի» վրայի Դերասանների տան դիմացի շենքում, ուր հիմա «Ջորդանո» հագուստի խանութն է, եւ Մարգարյանի ծննդատան դիմացը, ուր հիմա պարզապես բուլվար է, ապա Աբովյան փողոցի հանրախանութի դիմացի մեկ հարկանի շենքում եւ Մարքսի փողոցում, բաղնիքի հարեւանությամբ: Ասեմ նաեւ, որ ամեն հյուրանոց ուներ իր փոքր վարսավիրանոցը: Իմ երբեւէ ճանաչած ամենալավ վարսավիրը եղել է «Արմենիա» հյուրանոցի առաջին հարկի ձախ թեւի տաղավարի վարպետ Կարոն: Հիսունին մոտ, բարձրահասակ, սպիտակահեր, քչախոս եւ կիրթ մի անձնավորություն, իր գործի ճշմարիտ գիտակ, կարծեմ գաղթած էր Բեյրութից, նրա հարեւանությամբ Գրիգորը եւ Ասատուրն էին, բայց Կարոն ուրիշ էր, բարձր մակարդակի, դու ասելիք չունեիր, նա գիտեր, թե ինչ պիտի աներ, այնպես կհարդարեր մազերդ, որ կարծես ձեռք չի կպել, բնական, քեզ միշտ սազող սանրվածքով: Վարպետ Կարոն աշխատում էր բացարձակապես միայն մկրատով, «մազերին էլեկտրասափրիչը չպետք է կպչի»՝ ասում էր նա:

Ահա արագ, «Արմենիայի» վարսավիրանոցի սրահն է մտնում Հրաչյա Ներսիսյանը: Բոլորը բարեւում են մեծ արտիստին եւ սիրահոժար հերթը զիջում: Նա արագ նստում է բազկաթոռին, հավաքարարուհուն մի տասնոց է տալիս եւ պատվիրում երկու գավաթ սուրճ՝ իրեն եւ վարպետ Կարոյին. «Միայն թե շուտ, աղջիկս…»: Կարոն սկսում է իր գործը՝ սափրել Վարպետին, երբ երեւում է սուրճը, դարակից հատուկ հանում է մի գեղեցիկ մոխրաման եւ դնում Վարպետի դիմաց: Ծխում է միայն արտիստը, եւ դանդաղորեն՝ կում-կում, որ չխանգարի Կարոյին աշխատել, խմում իր սուրճը: Այդ պահերին Կարոն զինվորի պես ձգվում է եւ ածելին հեռու պահում: Վարպետը դնում է գավաթը տեղը եւ ձեռքով նշան անում՝ «Հայդա, տղաս…»: Ու Վարպետ Կարոն շարունակում է իր աշխատանքը՝ մեր անչափ սիրելի Վարպետ Հրաչյային այդ օրն էլ դասականորեն սափրելով եւ մազերը հարդարելով:

Իսկ Աբովյանի վրա գտնվող վարսավիրանոցը աչքի էր ընկնում իր սպասասրահի փոքր, կլորաձեւ ջրավազանով, սրահի երկու կողմերում տեղադրված երկու բարձր արմավենիներով: Այս ամենը, իհարկե, որոշակի շքեղություն էր տալիս մեր այն տարիների Երեւանի կենցաղհիմնարկների համեստ ինտերիերին: Հաճելի էր, գեղեցիկ, մաքուր: Այնտեղ աշխատած վարպետներից լավագույնը վարպետ Արտաշն էր: Նիհարավուն, ցածրահասակ, կարճ բեղերով: Արտաշի ծնողները Ալաշկերտից գաղթել էին Ռոստով, պատերազմից հետո՝ Երեւան: Նրա կողքին աշխատում էին Թորոսն ու Եղիան՝ սիրիահայեր: Ընդհանրապես համերաշխ էր եւ բավական հեղինակավոր Երեւանի վարսավիրների արհկոմը (համքարությունը):

Շարունակելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել