Լրահոս
Օրվա լրահոսը

Օրգանիկ այգիները կշատանան

Հունվար 26,2011 00:00

2010 թվականի մայիսին տեղեկացրել ենք, որ ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ «Թամարա ֆրուտ» ընկերությունը Տավուշի մարզում օրգանիկ այգիներ է ստեղծում: Ծրագիրն այնքան կարեւոր էր, որ դրա իրականացմանը տեղում ծանոթանալու համար Տավուշ մեկնեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ըստ ծրագրի, 8-10 տարի ժամկետով եռակողմ պայմանագիր է կնքվում գյուղատնտեսության նախարարության, «Թամարա ֆրուտի» եւ ֆերմերի միջեւ, որի հողը պետք է լինի ամենաքիչը 3 հեկտար: Ընկերությունը նախապես տրամադրում է տնկանյութը, հենասյուները, մետաղյա լարերը, գոմաղբը: Օրգանիկ այգիները պարարտացվում են միայն բնական պարարտանյութով՝ գոմաղբով: Երեք տարի անց, երբ այգին լիարժեք բերք է տալիս, ընկերությունը գնում է ողջ բերքը:

Տավուշի մարզում այս ծրագրով հիմնվել են ազնվամորու, մոշի, սեւ եւ կարմիր հաղարջի բարձր բերքատու այգիներ: Միջին բերքատվությունը 1 հեկտարից՝ 12-17 տոննա: 2009-ին մարզի Հաղթանակ գյուղում հիմնվել է 3 հեկտար, Ազատամուտում՝ 2 հեկտար այգի: 2010 թվականին 3-ական հեկտար այգիներ են տնկվել Լուսահովիտում, Չինարիում, Գանձաքարում: 2011 թվականի համար արդեն 29 հեկտարի հայտ է ներկայացվել. Չինարի՝ 9, Այգեձոր՝ 6, Նորաշեն՝ 5, Բերդ՝ 3, Աչաջուր՝ 3, Սեւքար՝ 3 հեկտար:

Օրգանիկ այգիներ տնկվել են նաեւ Վայոց ձորում եւ Կոտայքում, իսկ անցած մայիսին Տավուշում վարչապետը հայտարարել էր. «Մենք ունենք արտահանման մեծ պոտենցիալ, որի ծավալը հասնում է տարեկան 250 միլիոն դոլարի: Օրգանիկ գյուղատնտեսական մթերքների հանդեպ եղած պահանջարկը գրեթե երկու անգամ գերազանցում է մեր այսօրվա հնարավորությունները»:

Իսկ ըստ Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Ռազմիկ Մելիքջանյանի, նման այգիները կարեւոր են սահմանամերձ համայնքներում աշխատատեղերի ապահովման, գյուղատնտեսության մրցունակ ճյուղերի ստեղծման առումով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել