Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ

Հունվար 26,2011 00:00

Արմավիրի մարզի որոշ գյուղերում նույնիսկ պարապությունը լցնելու միջոց չկա

\"\"
Դալարիկցի ահել-ջահել աշխատանք չունեն:

\"\"
21-րդ դարի Հայաստանի մայրաքաղաքամերձ մարզի Մյասնիկյան գյուղում այսպիսի տներ էլ կան:

Ջրագիծ կա, ջուր չկա

Արմավիրի մարզի՝ 1952 թվականին հիմնադրված Մյասնիկյան գյուղում, որտեղ այսօր շուրջ 4600 բնակիչ է ապրում, երբեւիցե խմելու ջուր չի եղել: Գյուղապետ Անդրանիկ Պետրոսյանը «Առավոտի» հետ զրույցում հավաստիացրեց, որ նախորդ տարի «Նոր ակունք» կազմակերպության միջոցով լուծել են խմելաջրի հարցը, արտեզյան ջրի նոր խողովակ են անցկացրել, սակայն մյասնիկյանցիներից շատերն այդ ջրից չեն օգտվում, փոխարենը դույլով ջուր են գնում: Գյուղապետի պնդմամբ, նոր ջուրը նախատեսված է խմելու համար, թե ինչու բնակիչները չեն օգտվում այդ ջրից, այսպես է բացատրում. «Աշխարհի ցանկացած երկրում մարդիկ ջուրը գնում են՝ ավելի թանկ, քան մենք՝ էստեղի ջուրը, կամաց-կամաց գնում ենք եվրոպական ստանդարտների, էնպես որ՝ դա մեծ տրագեդիա չի: Մեր ժողովուրդը Շիրակի դաշտավայրից է, սովոր չի էդ ջրին, առայժմ չեն խմում, բայց հետագայում ոնց էլ լինի՝ կխմեն»: Մեզ հետ զրույցում մյասնիկյանցիները ցույց էին տալիս կաթկթացող տանիքները, եւ դժգոհում գյուղապետ Պետրոսյանի գործունեությունից, ասելով, թե Մյասնիկյանում աշխատատեղ կա միայն գյուղապետի հարազատների համար: Ա. Պետրոսյանը մեզ հետ զրույցում հավաստում էր՝ իր ղեկավարած գյուղում, որտեղ մարդիկ հիմնականում անասնապահությամբ եւ հողագործությամբ են զբաղվում, վերջին 5 տարում արտագաղթ չի եղել, ավելին՝ բնակչության թվի աճ է նկատվում: Նրա տեղեկացմամբ, նախորդ տարում գյուղում 23 մահ եւ 89 ծնունդ է գրանցվել: «Ի տարբերություն մյուս գյուղերի, մեր գյուղում ամեն ինչ էլ կա: Հիմնական խնդիր չունենք, խնդիրը մարդկանց՝ աշխատելու ցանկություն չունենալն է»: Մյասնիկյանում մանկապարտեզ էլ կա, որտեղ 112 երեխա է հաճախում, բայց այն տարվա մեջ 6 ամիս է գործում, նախորդ տարվա դեկտեմբերի 1-ից ջեռուցում չլինելու պատճառով փակվել է: Արմավիրի մարզում խմելու ջրի խնդրի մասին տարիներ շարունակ բարձրաձայնվում է, բայց այսօր ոչ միայն գյուղերում, այլեւ մարզկենտրոն Արմավիրում ծորակից հոսող ջուրը խմելու համար պիտանի չէ:

Նույն մարզի մեկ այլ գյուղում՝ Դալարիկում նույնիսկ արտեզյան ջուր ունենալն է մարդկանց համար թանկ հաճույք, խմելու ջուրն օրումեջ Թալինից եկած ցիստեռն-մեքենաներն են տեղ հասցնում, մեկ դույլ խմելու ջուրն այստեղ արժե 50 դրամ: Ինչպես պատմում էին գյուղամեջում հավաքված դալարիկցիները, պատկան մարմիններից միայն խոստումներ են ստացել, թե մի օր իրենք էլ նորմալ ջուր կունենան, բայց սայլը տեղից չի շարժվում: Դալարիկում վերջին տարիներին ջրագծեր են անցկացվել, մասնագետները եկել, պարտաճանաչորեն ջրաչափերը տեղադրել են, բայց ամսվա մեջ լավագույն դեպքում մի քանի անգամ՝ մեկ-երկու ժամով է արտեզյան ջուր հոսում, այն էլ, բնակիչների խոսքով՝ այնքան ժանգոտ ու աղոտ է, որ ընդամենը երկու օր մնալով տարաների մեջ, քայքայում ու փչացնում է դրանք: Դալարիկի գյուղապետ Պարգեւ Սաղաթելյանի հետ խոսել չհաջողվեց, համագյուղացիներն ասացին, որ նա շաբաթվա մի մասը մայրաքաղաքում է լինում՝ իր ուսանող երեխաների մոտ:

Տունը մնացած աղջիկներով ու բիձեքով

Դալարիկցի 44-ամյա Անդրանիկ Մարտիրոսյանը նոր է վերադարձել խոպանից, պատրաստվում է նորից մեկնել արտագնա աշխատանքի. «Այստեղ մարդկանց միայն հիասթափեցնում են: 1 հա ջրելը սարքել են 20 հազար, ասում են՝ գլխանց տվեք, նոր ջրեք: Ջահելության մեծ մասը դուրսն է, ալրաղացի գործարանում 40-50 հազար են տալիս, դրանով ընտանիք չես կարող պահել»:

69-ամյա Ավետիք Ղազարյանը բողոքում էր մեքենաների պարտադիր ապահովագրումից. «36 տարվա «01» եմ վարում, ինքն իրանով էդ մեքենան 25 հազար դրամ չարժի, որտեղի՞ց այդքան գումար տանեմ, ապահովագրեմ: Հողը չի կերակրում, բերքը քիչ է, մեխանիզացիան՝ թանկ, սիստեմը պիտի փոխվի, դարձվի կոլեկտիվ տնտեսություն, որպեսզի հողը մի հոգու ձեռքը լինի, վարկ վերցնելու հնարավորություն լինի, թե չէ՝ մարդիկ վարկը վերցրել են, հիմա էլ հաց ուտելու փող չունեն»: Ա. Ղազարյանն ասում է՝ իր համար գյուղում ապրելն անիմաստ է դարձել, Ուկրաինայում բնակվող ընտանիքի բոլոր անդամներին 15 տարի չի տեսել. «Բոլորն արտագաղթում են, աշխատատեղ չկա, ո՛չ ակումբ կա, ո՛չ խաղասենյակ, էս քարերի վրա նստում, կարտ ենք խաղում: Մի ժամանակ մշակույթի տանն էինք հավաքվում, էն էլ ասում են՝ հոսանքի կաբելը գողացել են, լույս էլ չկա»:

73-ամյա Ալբերտ պապն էլ մտահոգված էր. «Գյուղում մնացիր են բիձեքը, որ չեն կարում տեղից շարժվել, շենքերի կեսը դատարկ է: Աղջիկներն էլ մեղք են, մնացիր են տունը, ջահելները չեն ամուսնանում, ասում են՝ ամուսնանանք՝ էրեխեքին ո՞նց պահենք: Գյուղին ընտրությունից ընտրություն են հիշում»:

Դալարիկցիները պատմում էին, որ տարիներ առաջ իրենց գյուղում քարաձուլման կոմբինատ է կառուցվել, որը պետք է աշխատեր շրջակայքից բերված բազալտե քարով, սակայն խորհրդային համակարգի փոփոխությունից հետո կոմբինատի գործարկումը այդպես էլ օդում կախված է մնացել: «Եթե գումար ներդնողներ լինեն, գործարանը կաշխատի, շրջակա բոլոր գյուղերից մարդիկ կգան Դալարիկ՝ աշխատելու»,- ասում էին բնակիչները:

Դալարիկում 1984 թվականից գործող մշակույթի կենտրոն կա, բայց մշակույթի տանը ամեն ինչի ականատես եղանք, բացի մշակութային որեւէ արժեքից: 13 տարի տնօրեն աշխատած Հրաչյա Ալեքսանյանը պատմեց, որ ժամանակին կենտրոնն ունեցել է կարատեի, թենիսի, բիլիարդի, պարի խմբակներ, այժմ ոչինչ չունի, տարեկան բյուջեն 400-500 հազար դրամ է, դրանով հազիվ տնօրենի, պահակի աշխատավարձն են տալիս. «Ֆինանսական ճգնաժամի պատճառով չկարողացանք վճարել մարզիչին, պարուսույցին: Մեր բյուջեն կազմվում է գյուղի հողի հարկերից, բայց շատերը չեն վճարում, հազիվ 30-40%-ն է վճարում հարկերը»: Տնօրենը մեզ ուղեկցեց կենտրոնի միակ օգտագործվող սենյակը, որտեղ, պարզվեց, գյուղի ահել-ջահելները հավաքվում, «բլոտ» ու նարդի են խաղում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել