Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշումը՝ 1 օր ուշացումով

Հունվար 26,2011 00:00

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է 10 տարի առաջ Ալավերդի քաղաքում տեղի ունեցած սպանության կապակցությամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Այս անգամ դատարանում ցուցմունք տալու հերթը ամբաստանյալի աթոռին հայտնված ազգությամբ հույն՝ ալավերդցի Արմեն Կիլինկարովինն էր, ով շարունակում է պնդել, թե ինքը սպանություն չի կատարել: «Ես իմ ողջ կյանքում ձեռքումս զենք պահած չկամ, ինչպե՞ս եղավ, որ դիտավորյալ սպանող դարձա»,- ասում է Արմենը: Արմենի խոսքերով՝ իրական հանցագործը Նորիկ Ղազարյանն է, ով այժմ մահացած է:

«Ես Վանաձորում էի, բանկի մոտ պատահմամբ հանդիպեցի ծանոթ ոստիկանի, իրենից իմացա, որ սպանություն է եղել քաղաքում»,- շարունակում է նա:

Արմենը հետագայում իմացել է, որ սպանողը իր մտերիմ ծանոթ Նորիկ Ղազարյանն է, ով այն ժամանակ մահացու հիվանդ է եղել.«Իրավապահները խորհուրդ տվեցին, որ մեղքը վերցնեմ ինձ վրա: Հիվանդ տղա էր, մտածեցի՝ չգնա 15 տարի նստի»:

Սրանից 10 տարի առաջ Արսեն Շաքարյանի եղբայրը դիտավորությամբ հրազենային վնասվածք էր պատճառել ամբաստանյալի եղբորը՝ Գագիկ Կիլինկարովին: Արմենն էլ, մտածելով, որ հուզմունքի պահին իր եղբորից վրեժ լուծելու համար իրեն 3 տարի կտան, նախընտրել է մեղքը վերցնել իր վրա:

Դատարանում ցուցմունք տվեց նաեւ 2000թ.-ին գործի քննությունն իրականացրած, Լոռու մարզի դատախազության քննիչ Մովսես Մովսիսյանը, ով ներկայումս Լոռու մարզի դատախազության ավագ դատախազն է:

Արմեն Կիլինկարովի պաշտպան Ռուբեն Հակոբյանը մեկ անգամ եւս դատարանում հայտնեց, որ գործով բոլոր վկաներն այժմ հրաժարվում են նախաքննության ընթացքում տված իրենց ցուցմունքներից կամ դրանց մեջ ավելացումներ են գտնում՝ ասելով, որ այն ժամանակ քննիչ Մովսիսյանն է այդպես «արձանագրել»:

Մ. Մովսիսյանը, հետազոտելով վկաների ցուցմունքները, ասաց, որ դրանք իր ձեռագրով չեն գրված: «Ստորագրությունը իմն է, բայց ձեռագրերն իմը չեն, չեմ բացառում՝ խնդրած լինեմ, որ քննչական խմբի անդամներն իմ փոխարեն լրացրած լինեն»,- պնդեց նա:

«Քննչական խումբ այդ պահին կազմված չի եղել, միայն հաջորդ օրն է քննչական խումբ կազմելու մասին որոշում կայացվել, իսկ այդ պարագայում գործը միանձնյա քննիչի վարույթում է եղել»,- փաստաթուղթն է ցույց տալիս պաշտպան Հակոբյանը: Ավագ դատախազն այդ հանգամանքը բացատրեց նրանով, որ որոշումը ուշացումով է կայացվել: Դատաքննությունը շարունակվում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել