Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ «ԳԻՆԵՏՈՒՆ» ՌԵՍՏՈՐԱՆՈՒՄ

Հունվար 26,2011 00:00

Հայաստանի ոստիկությունը նոր մանրամասներ է բացահայտել  հունվարի 21-ին Նոր Հաճըն-Աբովյան ճանապարհի կամրջի տակ հայտնաբերված կնոջ ջնջխված դիակի գործով:

\"\"  \"\"

\"\"Երեկ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքում քննիչները դեպքի վայրի փորձարարական աշխատանքներ կատարեցին:

Տեղեկացնենք, որ հունվարի 21-ին, ժամը 14.30-ին, 26-ամյա Լիաննա Ս.-ն ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր տվել, որ մայրը՝ 46-ամյա Աննա Հովհաննիսյանը, հունվարի 19-ին, ժամը 21.30-ին, իր անձնական օգտագործման «Միցուբիշի» մակնիշի 20 ԼՏ 739 համարանիշի սպիտակ գույնի ավտոմեքենայով դուրս է եկել իր վարձակալած բնակարանից եւ չի վերադարձել:

Նույն օրվա երեկոյան ոստիկանության Նաիրիի բաժնի աշխատակիցները Նոր Հաճըն-Աբովյան ճանապարհի 1-ին կմ-ի կամրջի տակ հայտնաբերեցին կնոջ դիակ՝ երեսն ամբողջովին ջնջխված վիճակում:

Նույն օրը Նաիրիի քննչական բաժանմունքում հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ Քրօր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը): Պարզվել է, որ նա ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից որպես անհայտ կորած փնտրվող Աննա Հովհաննիսյանն է:

\"\"Ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում ստեղծվեց օպերատիվ քննչական խումբ՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովհաննես Թամամյանի, Կոտայքի մարզի քննչական բաժնի պետ Վալենտին Պապյանի եւ Նաիրիի ոստիկանության բաժնի պետ Կարեն Գինոյանի գլխավորությամբ:

Քննչական խումբը պարզում է, որ սպանվածը մի քանի օր առաջ եղել է Երեւան-Աբովյան ճանապարհին գտնվող «Գինետուն» ռեստորանային համալիրում:

Օպերատիվ-քննչական աշխատանքների արդյունքում սպանություն կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման է ենթարկվում Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի 45 տան 27-ամյա բնակիչ Արմեն Մանթաշյանը: «Առավոտի» տեղեկություններով, Ա. Մանթաշյանը զբաղվել է փայտի առեւտրով, իսկ հանցագործությունն էլ կատարել է նախապես թաքցնելով իր ավտոմեքենան:

Ոստիկանությունում նա պատմել է, որ դեպքի օրը հիշյալ օբյեկտում «ժամանակ է անցկացրել» Ա. Հովհաննիսյանի հետ: Այդ ընթացքում բռունցքով հարվածել է Ա. Հովհաննիսյանի դեմքին, տապալել գետնին, ինչի հետեւանքով կինը մահացել է: Նա արդեն մահացածի դին փաթաթել է սավանով, դրել Հովհաննիսյանի անձնական «Միցուբիշի» մեքենայի բեռնախցիկում, դուրս եկել գինետնից, ուղղություն վերցրել Նոր Հաճընի կամուրջ եւ այնտեղից դիակը ցած նետել:

Այդ ամենից հետո Ա. Մանթաշյանը սպանվածի ավտոմեքենայով մեկնել է Արմավիրի մարզի Արգավանդ գյուղ, որտեղից Երեւան է վերադարձել իր ծանոթի հետ, իսկ «Միցուբիշին», ըստ իր պատմածի, 500 հազար դրամով վաճառել է Հովհաննես Այվազյանին, վերջինս էլ 300 հազար կանխիկ դրամ է վճարել, իսկ մնացած 200 000 դրամ գումարը պետք է տար ապրիլի 16-ին:

Հովհաննես Այվազյանն էլ ավտոմեքենան տալիս է իր ծանոթ, Քանաքեռի բնակիչ Աշոտ Շահինյանին, քանի որ նա արհեստավոր էր (նա պետք է ավտոմեքենան ավտոպահեստամասերի վերածեր եւ վաճառեր): Ոստիկանությունը հայտնաբերել է նաեւ «ռասկուլաչիտ» արված «Միցուբիշին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել