Ոռոգման ջրի սակագինն այս տարի չի բարձրանա: Երեկ այս մասին ասաց (ՏԿՆ) ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը: Նրա խոսքերով՝ անցյալ տարի ոռոգման ջրի գինը 9 դրամից դարձավ 11 դրամ, որն այդպես էլ կպահպանվի նաեւ այս տարի: Պարոն Անդրեասյանի վստահեցմամբ՝ այս տարի չի թանկանա նաեւ խմելու ջուրը: Անցյալ տարի, ըստ նրա, խմելու եւ ոռոգման ջուր մատակարարող ընկերությունների կողմից գանձվել է 18,73 մլրդ դրամ, իսկ պետբյուջե է վճարվել 5,5 մլրդ դրամի հարկեր եւ տուրքեր: Անդրանիկ Անդրեասյանը հավաստիացրեց, որ այս տարի ջրամատակարարման տեւողությունը 1 ժամով կավելանա, Երեւանում այն 21 ժամ է. «Անցնող տարում կատարվել է 25 մլրդ դրամի ներդրումներ եւ առաջիկա տարիներին ներդրումային տեմպերը կպահպանվեն եւ կունենանք լուրջ արդյունքներ»։