Լրահոս
Օրվա լրահոսը

Թանկացումը կբերի նոր թանկացումներ

Հունվար 26,2011 00:00

Երեկ կառավարության շենքի մոտ հերթական ցուցարարներն էին հավաքվել: Այս անգամ բողոքի ակցիա էին կազմակերպել մայրաքաղաքի տոնավաճառների աշխատակիցները, որոնք ՀՀ վարչապետից պահանջում էին նվազեցնել մաքսակետերում վերջերս սահմանված բարձր մաքսատուրքերը: Ցուցարարների ներկայացմամբ, ապրանքի 1 կիլոգրամի մաքսատուրքը միանգամից բարձրացել է՝ $3,8-4-ից դառնալով $8: Նրանք վստահ են, որ մաքսատուրքի կտրուկ բարձրացումը իր հետեւից նոր թանկացումներ է բերելու: Կառավարության շենքի մոտ հավաքվածները տրամադրված էին բողոքի ալիքը վերածել համաժողովրդական շարժման, եթե վարչապետը նրանց չընդունի եւ իրենց պահանջներին ընթացք չտա: Ցույցի ողջ ընթացքում կառավարության առաջ ոստիկաններ էին կանգնած, որոնք շղթա կազմած հսկում էին իրավիճակը:

Օրվա 2-րդ կեսին կառավարությունից ընդունել են ցուցարարներից մի քանիսին եւ հայտնել, որ մաքսատուրքերն ավելացրել են բեռնափոխադրող ընկերությունները եւ որ իրենք հարցն ուսումնասիրելուց հետո առավել հստակ կպատասխանեն առեւտրականներին: «Առավոտի» հարցին ի պատասխան՝ կառավարությունից կրկին հաստատեցին, որ՝ «Մաքսային օրենսգրքով սահմանված մաքսատուրքի եւ մաքսային վճարների դրույքաչափերի փոփոխություններ չեն եղել, դրանք պայմանավորված են բեռնափոխադրող ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների արժեքի փոփոխությամբ»: Նշենք, որ բեռնափոխադրող ընկերությունների գործունեությունը վերահսկում է տրանսպորտի եւ կապի նախարարությունը, եւ վարչապետը տ Մանուկ Վարդանյանն հանձնարարել է զբաղվել այդ հարցով: Ըստ մեր տեղեկությունների՝ նախարարը տոնավաճառի աշխատակիցներին այսօր հրավիրել է իր մոտ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել