«Առավոտը» հունվարի 19-ի համարում, «ԱՊՊԱ-ն իրեն չի՞ արդարացնում» հոդվածում անդրադարձել էր մի ավտովթարի, որից տուժած անձը 10 օրից ավելի փոխհատուցում չէր ստացել: Հոդվածում նաեւ նշել էինք, որ տուժող Սահականույշ Գրիգորյանը դիմել է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո, որը, արձագանքելով մեր հրապարակմանը, պարզաբանեց. «Բյուրոն կատարել է դեպքի վերաբերյալ որոշ մանրամասների ուսումնասիրություն եւ պարզել, որ վթարի մասնակիցներից ոչ մեկը պատահարի մասին չի տեղեկացրել իր ապահովագրական ընկերության ներկայացուցիչներին եւ համապատասխանաբար որեւէ ապահովագրական ընկերություն տեղեկացված չի եղել դեպքի մասին, ինչն էլ պատճառ է հանդիսացել նման խնդրի առաջացման: Ըստ ԱՊՊԱ համակարգի տրամաբանության, տուժողն իրեն պատճառված վնասի փոխհատուցում ստանում է մեղավոր վարորդի ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրությունն իրականացրած ապահովագրական ընկերությունից: Այս դեպքում դեռեւս վարվում է դեպքի վերաբերյալ քննություն եւ մեղավորի ապահովագրական ընկերությունը տուժողի կողմից դիմում եւ անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելուց հետո տուժողին կվճարի պատճառված վնասը: Բյուրոն, ԱՊՊԱ ոլորտում տուժողների շահերի պաշտպանության նպատակով, ընդունել է կանոն, համաձայն որի, մինչեւ պատահարում մեղավոր անձի եւ համապատասխանաբար ապահովագրական հատուցում վճարողի պարտավորության որոշումը, յուրաքանչյուր ապահովագրական ընկերություն իր ապահովագրած ավտոմեքենայի վարորդի եւ ուղեւորների առողջության վերականգնման համար համապատասխան բուժհաստատություններին պետք է կատարի մինչեւ 250.000 ՀՀ դրամի չափով կանխավճարներ: Վերը նշված ավտովթարում տուժող Սահականույշ Գրիգորյանի համար տվյալ պահին հիվանդանոցային ծախսերի վճարումը կանխավճարների տեսքով համապատասխան ապահովագրական ընկերությունը չէր կարող իրականացնել, քանի որ որեւէ կերպով տեղեկացված չէր այդ մասին: Բյուրոն դեպքի վերաբերյալ քննություն իրականացնող մարմնից ճշտել է նաեւ տվյալ ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից տրանսպորտային միջոցներից մեկի՝ ԱՊՊԱ կտրոնի վրա նշված տվյալները (պատահարին մասնակից մյուս տրանսպորտային միջոցի վրա ԱՊՊԱ կտրոն, համաձայն պատասխանատուների բանավոր հայտարարության՝ չի եղել), որից հետո տեղեկացրել այդ մասին համապատասխան ապահովագրական ընկերությանը եւ տուժող Սահականույշ Գրիգորյանին: Ներկա պահին տուժող Սահականույշ Գրիգորյանի առողջության վերականգնման հետ կապված խնդիրները նշված կանխավճարային սխեմայի շրջանակներում գտնվում են համապատասխան ապահովագրական ընկերության կառավարման ներքո:
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն, հանդիսանալով ԱՊՊԱ ոլորտում տուժած անձանց շահերը պաշտպանող մարմին, եւս մեկ անգամ հորդորում է՝ պատահարների ժամանակ անհապաղ զանգել համապատասխան ապահովագրական ընկերություն, իսկ շահերի ոտնահարման դեպքում զանգել 58 00 34, 58 00 43՝ բյուրոյի «թեժ գծի» հեռախոսհամարներով»: