Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂՆ ՈՒ ՀԱՅՑՎՈՐԸ ԿՀԱՇՏՎԵ՞Ն

Հունվար 26,2011 00:00

Արդեն 1 տարուց ավելի տեւած դատական լսումներից հետո դատարանը կողմերին ժամանակ տվեց գալ հաշտության

«Ավո Ֆ.Մ.Հ.»-ի սեփականատեր Ավետիս Կարագուլյանի համար չափազանց զարմանալի է Ալբերտ Բաբաջանյանի վարքագիծը, քանի որ նրանք միշտ իրար հետ քննարկումներ են ունեցել եւ եկել ընդհանուր համաձայնության: Սակայն քաղաքացի Բաբաջանյանը այս հարցով միանգամից դիմել է դատարան»,- երեկ Քանաքեռ, Զեյթուն եւ Արաբկիր վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում տեղի ունեցող դատական նիստի ժամանակ հայտարարեց կառուցապատող «Ավո Ֆ.Մ.Հ.» ընկերության դատապաշտպան Սեյրան Գրիգորյանը: Բացի այդ, նա ասաց, որ անհաղթահարելի հանգամանքներ կային եւ այդ է պատճառը, որ կառուցապատողը նշանակված ժամկետից ուշ է շահագործման հանձնել նորակառույց շենքը. «Համաշխարհային տնտեսական ճգնաժամն ուղղակի ազդեցություն ունեցավ քաղաքաշինության ոլորտի վրա: Այս մասին անգամ խոսում էր վաչապետը, եւ պետությունը շինարարությանը զարկ տալու նպատակով վարկեր տրամադրեց: Ալբերտ Բաբաջանյանն ինքն էլ մի քանի անգամ հրաժարվել է իր բնակարանից եւ չի եկել մեզ հետ ընդունման-հանձնման պայմանագիր կնքելու: «Ավո Ֆ.Մ.Հ.» ընկերությունն առաջարկում է Ալբերտ Բաբաջանյանին նոր եւ վերջնական պայմանագիր կնքել»:

Նշենք, որ երեկ Քանաքեռ, Զեյթուն եւ Արաբկիր վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում քննվում էր Ալբերտ Բաբաջանյանի կողմից «Ավո Ֆ.Մ.Հ.»-ի դեմ ներկայացված հայցը: Ա. Բաբաջանյանի խնդիրն արդեն 2-րդ անգամ 1-ին ատյանի դատարանում է քննվում, քանի որ Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանը կողմերի առաջարկով ինքնաբացարկ հայտարարեց. նրա որդիներն աշխատում են քննվող գործով 2 պատասխանատու մարմիններում, մեկը՝ «Ավո Ֆ.Մ.Հ.»-ի փաստաբաններից է, իսկ մյուսը՝ Երեւանի քաղաքապետարանի դատական գործերով բաժնի պետ: Այս մասին «Առավոտն» արդեն հրապարակում ունեցել է (24.09.2010): Հիշեցնենք, որ հանուն պետական շահի՝ Աբովյան փողոցում գտնվող իր բնակարանից Ա. Բաբաջանյանը վտարվել է եւ նույն տարածքում կառուցվող բազմաբնակարանանոց շենքում պետք է բնակարան ստանար դեռեւս 2 տարի առաջ, սակայն «Ավո Ֆ.Մ.Հ.»-ն շենքի կառուցումն ուշացրել է ու քաղաքացուն տրվելիք բնակարանն էլ նորմալ տեսք չունի եւ մինչեւ հիմա չի էլ հանձնվել սեփականատիրոջը, ինչն էլ պատճառ է դարձել դատական քաշքշուկների: Հիմա Ա. Բաբաջանյանը դատարանի միջոցով կառուցապատողից պահանջում է 17 միլիոն դրամի չափով փոխհատուցում:

Սեյրան Գրիգորյանի հայտարարությունից հետո Ալբերտ Բաբաջանյանի փաստաբան Անահիտ Հակոբյանը դատավոր Արա Մելքումյանի թույլտվությամբ մի քանի հարց հղեց նրան. «Ձեր ընկերության եւ Ա. Բաբաջանյանի միջեւ արդեն կնքված պայմանագրի 5.1 կետով ասվում է, որ դա է համարվում վերջնական պայմանագիր: Նոր պայմանագրի կնքումը հին պայմանագրի կետերի խախտում չի՞ համարվում»: Ս. Գրիգորյանը պատասխանեց, որ հին պայմանագրում են վրիպակներ եղել: Այն հարցին էլ, թե կարո՞ղ է կողմը ուղղակի ապացույցներ ներկայացնել, թե անհաղթահարելի պայմաններն են եղել պատճառը, որ կառուցապատողը ուշացրել է նորակառույց շենքի շահագործումը, պարոն Գրիգորյանը պատասխանեց, որ դա արդեն ապացուցված է, քանի որ մի քանի անգամ պետական այրերը հայտարարել են այդ մասին. «Մարդիկ բնակարաններ չէին գնում, ներդրումներ չէին լինում»: Ա. Հակոբյանը նաեւ հետաքրքրվեց՝ կարո՞ղ է արդյոք «Ավո Ֆ.Մ.Հ.»-ի փաստաբանը ապացույցներ ներկայացնել, որ իրենք բազմիցս Ա. Բաբաջանյանի հետ ցանկացել են ընդհանուր համաձայնության գալ, սակայն հայցվորը հրաժարվել է, որին Ս. Գրիգորյանը պատասխանեց, որ մինչեւ հիմա եղել են բանավոր բանակցություններ: Դատավոր Արա Մելքումյանն էլ Ա. Բաբաջանյանին հարցրեց. «Ձեզ եղե՞լ է նման առաջարկ», որին հայցվորը բացասական պատասխան տվեց. «Ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, ինձ նման առաջարկ չի եղել»:

Դատավորը մեկ շաբաթ ժամկետ տվեց, որպեսզի կողմերն իրար հետ քննարկեն եւ եթե հնարավոր է հաշտության գան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել